Ակտիվ քաղաքացի Արթուր Չախոյանը ՔՊ-ի կողմից նախընտրական այս փուլում վարչական ռեսուրսների կիրառման մի քանի դեպքերի իր բացահայտումներին հաջորդած ՔՊ-ի արձագանքը համարում է ձեւականություն:
«Իրենց հերքման մեջ նշվում է, որ ամեն ինչ օրինական է, police.am-ում էլ կան ցուցակները, անօրինական ոչինչ չկա եւ այլն: Եթե ամեն ինչ օրինական է, այդ դեպքում ինչու էին այդ ցուցակները թաքցնում: Ես հստակ ասել էի՝ ցույց տվեք ցուցակները, եթե անօրինական բան չկա, օրինական է, պատրաստ եմ ներողություն խնդրել: Այդ ցուցակներն ինձ չտրամադրվեցին, զանգեցի ոստիկանություն:
Այսինքն, եթե «Քաղաքացիական պայմանագիրը» հերքում է այն, ինչ տեսանկարահանել էի, ասում է՝ նման դեպքերում դիմեք ոստիկանություն, ես մինչեւ իրենց հերքելը, այդ քայլին դիմել եմ: Զանգել եմ ոստիկանություն, եկել են ինձ անհիմն, անօրինական օրենքի պահանջով ձերբակալել են: Հիմա ՔՊ-ի այդ գեղեցիկ գրառումները, տեքստերը պարզապես հեքիաթային խոսքեր են: Այս դեպքերից հետո ոչ մի իրավապահ մարմնից չեն զանգել, բացատրություն չեն վերցրել: Հիմա ՔՊ-ի գրածը ինչի՞ն է վերաբերում, ձեւականություն է»,- Aravot.am-ին ասաց օրեր առաջ 4-րդ գյուղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբում ընտրողների ցուցակները բացահայտած Արթուր Չախոյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Չախոյանը Նոր –Նորքում քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի հետ հանդիպմանը բացահայտել էր կրթական ու այլ հաստատությունների կոլեկտիվների, որոնք հավաքին եկողների թվաքանակ էին ներկայացնում:
Կարդացեք նաև
Թե շտաբում արձանագրված ընտրողների ցուցակներին, թե Ավինյանի հավաքներին պետական հաստատությունների կոլեկտիվների ուղղորդված մասնակցությունը ՔՊ-ն հերքել էր՝ պարզաբանելով, որ նման դեպքերն իրականությանը չեն համապատասխանում:
«Տարբեր աշխատակիցներ ինձ գրել են, որ իրենց խաբել, բերել են, ասել են՝ էս ինչ տեղն ենք գնում այս ինչ բանի համար կամ չեն ասել ու բերել են Տիգրան Ավինյանի հավաքին: Այդպիսի արձագանքներ շատ եմ ստացել: Այսինքն, ՔՊ-ն, որ նշում է, որ պայքարում է նման արատավոր երեւույթների դեմ, ստացվում է, որ այդպես չէ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ