Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Թուրքիան Հայաստանի ներքաղաքական կյանքում ակնհայտորեն դարձել է գործոն. Անդրանիկ Թեւանյան

Սեպտեմբեր 11,2023 21:21

«Սիրելի մտավորականներ, մի կտոր հացի ձեր փիլիսոփայությանը վերջ տվեք, էդ մի կտոր հարցը ձեզ համար դառնալու է սեւ աղվես, եթե դուք մնաք ձեր բազմոցներին, եթե մնաք նույնքան իներտ, մտավորականին վայել ձեւով ձեր գաղափարները չկոնսոլիդացնեք, չկենտրոնացնենք եւ սկսեք փնտրել, թե Անդրանիկ Թեւանյանի «Մայր Հայաստան» դաշինքն առաջադրել է ո՞ր նախագահը, ո՞ր ուժը. դրա ժամանակներն անցել են: Անդրանիկ Թեւանյանը շատ հստակ ասում է՝ անկախ ընտրությունների արդյունքներից, մենք մինչեւ վերջ գնալու ենք, որովհետեւ մեր գլխավոր նպատակը Հայաստանի անվտանգությունն է, Արցախի անվտանգությունն է. էլ դրանից պարզ ի՞նչ ասի»,- այսօր կայացած հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց «Ձայն հայրենյաց» շարժման համակարգող խմբի անդամ, գրականագետ Սերժ Սրապիոնյանը՝ հույս հայտնելով, որ համախմբվելով եւ Երեւանի ավագանու ընտրություններին ակտիվ մասնակցելով՝ հնարավորություն կստեղծվի հիմքեր դնել Հայաստանում իշխանափոխության համար:

«Ձայն Հայրենեաց» շարժումը հայտարարեց սեպտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններում «Մայր Հայաստան» դաշինքին աջակցելու մասին: Սերժ Սրապիոնյանի ներկայացմամբ՝ դաշինքին աջակցում են, քանի որ ամենաարմատականն է եւ երբեւէ չի համագործակցել այս վայ-իշխանության հետ, դաշինքի անդամների կենսագրությունը բիծ չունի: Բացի այդ՝ դաշինքը հստակ դրել է նպատակը՝ Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը եւ այս ընտրությունները դիտարկում են, որպես հարթակ՝ «գործակալներին» իշխանությունից հեռացնելու համար:

«Երեւանի ընտրությունները ձեռք են բերում հանրապետական ընտրության նշանակություն: Եթե այս խունտան Երեւանի ավագանու ընտրություններում նորից շահեց, իսկ մենք բոլորս գիտենք թե ինչերի են ընդունակ նրանք՝ հանուն դրա, իրենց քարոզարշավից արդեն երեւում է, դա նշանակում է, որ մենք մեզ դատապարտում ենք հինգ տարվա ՔՊ-ական ճորտության, որը նշանակում է՝ վերջ հայ ժողովրդին. որեւէ չափազանցություն չկա»,- ասաց Սերժ Սարպիոնյանը՝ հիշեցնելով վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն միտքը, որ հայկական պետությունն է խնդրի առջեւ կանգնած, բայց հայ ազգին վտանգ չի սպառնում, ազգը կլինի:

«Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանն էլ իր խոսքում ասաց, որ այլ պայմաններում դաշինքը եւ, մասնավորաբար, ինքը չէին մասնակցի ավագանու ընտրություններին, սակայն, ստեղծված իրավիճակում չեն կարող «ձեռքերը ծալած նստել»: Նկատի ունենալով նաեւ երեկ՝ Թուրքիայի ղեկավարի հայտարարություններն այն մասին, որ Արցախում կատարվողը ճիշտ չէ ու ինքը կխոսի Փաշինյանի հետ,  Անդրանիկ Թեւանյանը հայտարարեց, որ Թուրքիան Հայաստանի ներքաղաքական կյանքում ակնհայտորեն դարձել է գործոն ու իր ազդետությունն է թողնում գործընթացների վրա: Նրա գնահատմամբ, Նիկոլ Փաշինյանը Թուրքիայից է ակնկալում իր իշխանության պաշտպանությունը, բայց ակնկալում է նաեւ, որ եթե հանձնում է Արցախը՝ Թուրքիայից ու Ադրբեջանից ստանում է Հայաստանի համար 29.800 քառակուսի կիլոմետրի կադաստրի թուղթը, բայց վերջիններս էլ դա չեն տալիս ու ամբողջ խնդիրն այդտեղ է առաջացել: Արդյունքում, Անդրանիկ Թեւանյանի վերլուծությամբ, հիմա Հայաստանը կանգնած է պայմանավորված պատերազմի առջեւ, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կարողանա հանձնի «Զանգեզուրի միջանցքը» եւ դա չլինի իր անունից ու չբերի իշխանափոխության, ճիշտ այնպես, ինչպես անցած տարի եղավ Ջերմուկի վրա հարձակումը՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց առաջ, որը նաեւ հնարավորություն տվեց ժողովրդին նոր պատերազմով վախեցնելու:

«Բայց այդ զիջումներին վերջ չկա: Ու ինքը նաեւ պատերազմի մեղավոր պիտի նշանակի. 44-օրյայում նախկիններն էին, հիմա՝ ՌԴ-ն, մասամբ նաեւ Իրանը: Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերն ուղղված են ՌԴ-ի եւ Իրանի հետ մեր երկրին թշնամացնելու գործին»,- ասաց Անդրանիկ Թեւանյանը, որպես օրինակ բերելով ՌԴ-ի հետ Հայաստանի լարված հարաբերությունների պայմաններում հայ-ամերիկյան զորավարժությունների անցկացումը, որին դեմ արտահայտվեց Իրանի նախագահը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունները, որոնք հանգեցրին ՌԴ-ում ՀՀ դեսպանին ԱԳՆ հրավիրելով եւ նոտա հղելով, ՀԱՊԿ-ում մեր ներկայացուցչին ետ կանչելը ու փոխարենն այլ նշանակում չանելը, Աննա Հակոբյանի Ուկրաինա այցը:

«Սա նշանակում է՝ թողնել Հայաստանն առանց դաշնակիցների, բացել դուռը պատերազմի եւ նոր կորուստների առաջ»,- ասաց Անդրանիկ Թեւանյանը՝ հավելելով, որ անկախ ընտրությունների արդյունքներից՝ իրենք պատրաստ են ցանկացած զարգացման եւ պատրաստ են թե անհատական, թե թիմային պատասխանատվության՝ հանուն ՀՀ-ի եւ Արցախի անվտանգության:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930