Aravot.am-ին հասած տեղեկություններով, վերջերս լարվել են ՀՀ ներկայիս իշխանության և Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների հարաբերությունները։
Չի բացառվում, որ Ամասիա խոշորացված համայնքում ևս տեղի ունենա իշխանափոխություն, ինչպես Անիում, Ախուրյանում. ՔՊ-ն կարողանա հասնել գործող տեղի իշխանության հրաժարականին։
Ամասիա խոշորացված համայնքում երկու տարի առաջ տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ թեև ամենաշատ ձայները հավաքել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում էր անկուսակցական Մերգել Ղարիբյանը՝ Արփի խոշորացված համայնքի ղեկավարը, սակայն իշխանությունը ստանձնեց «Արփի Ամասիա» նորաստեղծ դաշինքը՝ ՀՀԿ-ի հետ համատեղ։
Ամասիա համայնքի ղեկավար դարձավ Ջեմմա Հարությունյանը՝ «Աշոցք ճանշինի» ղեկավար Մարսել Կարապետյանի կինը, տեղակալ՝ ՀՀԿ-ական Արթուր Մկրտումյանը։
Կարդացեք նաև
Ամասիայում իշխանության ձևավորումից հետո տևական ժամանակ բողոքի ակցիաներ էին ընթանում․ ՔՊ-ականները դատի էին տվել ու պահանջում էին նոր ընտրություններ։ Նրանք նույնիսկ ինքնաբացարկի դիմումներ ներկայացրեցին՝ հրաժարվելով իրենց վեց մանդատներից։
ՀՀ ներկայիս իշխանությունը մեծահարուստ Կարապետյանների ընտանիքին (Ջեմմա Հարությունյանի տեգրը՝ Գենիկ Կարապետյանը «Հին Արենի» գինու գործարանի, Երևանի «Անի Պլազա» հյուրանոցի սեփականատերն է, նրանց էր նաև պատկանում Ամասիայի «Բանդիվան» կաթնամթերքի գործարանը) դիտարկում է որպես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվողի։
Aravot.am-ը Ամասիայում հնարավոր իշխանափոխության մասին լուրերը ճշտելու նպատակով փորձեց պարզաբանումներ ստանալ Շիրակի մարզի ՔՊ պատասխանատուներից, սակայն առայժմ չեն մեկնաբանում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ