Խորհրդարանն այսօր քննարկեց ՔՊ-ական պատգամավորներ Գեւորգ Պապոյանի եւ Հասմիկ Հակոբյանի հեղինակած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին եւ «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը:
«Նախագծի էությունը հետեւյալն է՝ քաղաքացին իր խաղային հաշիվը պետք է լիցքավորի միայն իրեն պատկանող բանկային կամ քարտային հաշվից»,- նախագիծը ներկայացրեց հիմնական զեկուցող Գեւորգ Պապոյանը՝ հավելելով, որ նպատակն այն չէ, որ մարդիկ անպայման անկանխիկ խաղադրույք անեն. «Իմանանք՝ ով է խաղում, ով չի խաղում, եւ, ըստ այդմ՝ հստակեցնենք մեր քաղաքականություն այս կամ այն ոլորտում, խաղամոլների նկատմամբ համապատասխան վերաբերմունք դրսեւորենք։ Օրինակ՝ եթե պարզվի, որ նպաստառուն իր ստացած նպաստից ավելի խաղադրույքներ է անում, սա խնդիր է»։
Նախագծով առաջարկվում են տուգանքներ՝ 200 հազար դրամի չափով։
Նաեւ, ըստ Գեւորգ Պապոյանի, այսպիսով որոշակի բիզնս-մեխանիզմեր կկանխվեն, երբ անհատը խաղացողից մեծ գումար էր վերցնում, իրեն պահում էր միջնորդավճար՝ այդ գումարն իր հաշվից փոխանցում էր խաղացողի խաղային հաշվին:
Կարդացեք նաև
«Խաղային ոլորտը համաշխարհային միջինից մի քանի անգամ ավել աճ է ցույց տվել, չնայած սահմանափակող միջոցներին»,-իր ելույթում հայտարարեց ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը: Ըստ այդմ, եթե 2021թ. 3.9 տրիլիոն խաղադրույք է եղել, այն շրջանառությունը չէ, այլ բացարձակ խաղադրույքները, այսինքը՝ երբ հաղթում նորից են դնում եւ այն հաշվարկվում է, ապա 2022 թվականին 5.8 տրիլիոն է դարձել խաղադրույքը: 2023-ի տվյալները դեռ վերջնականացված չեն, բայց ԱՎԿ-ի սոցիալ տնտեսական հաշվետվությունը ցույց է տալիս, որ ոլորտի շրջանառությունը 0.4 %-ով է աճել անցած տարվա նկատմամբ. սա կես տարվա ցուցանիշ է, մինչեւ տարվա վերջ հավանականություն կա, որ աճը կվերսկսվի:
Փոխնախարարը կողմ է ոլորտի սահմանափակումներին, բայց մտավախություններ ունի՝ պետք է պահել սահմանը, որպեսզի խաղացողներին չմղեն ստվերային ոլորտ, նախընտրելի է, որ խաղան թափանցիկ կազմակերպություններում:
Առաջարկ հնչեց նաեւ՝ արտասահմանյան կազմակերպություններում խաղացողների համար որոշակի հարկման մեխանիզմներ մշակվել, քանի որ, եթե տեղական ընկերությունների համար անընդհատ խստացումներ են արվում, նրանք մեխանիկորեն հայտնվում են անհավասար մրցակցային պայմաններում, քանի որ խաղացողներն արդեն գերադասում են դրսում խաղալ:
Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանն էլ ահազանգում է, որ խաղամոլությունը համատարած բնույթ է կրում եւ, կարծում է, որ այն մեծամասամբ կապ ունի նաեւ սոցիալական վիճակի հետ: Նա համոզված է, որ խաղամոլների թվի կտրուկ նվազում կգրանցենք, եթե օրինակ, որոշակի՝ կրթական, առողջապահական համակարգերում աշխատավարձերը կտրուկ բարձրացվեն: Նա առաջարկեց նաեւ գործատուների հետ բանակցել՝ աշխատանքային պայմանագրերում խաղամոլության մասին հատուկ կետ ներառելու համար:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ