Սաուդյան Արաբիայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում, որը 2024 թվականին Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերից մեկն է, Հայաստանն այսօր երկու ներկայացուցիչ ունի՝ 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը եւ 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը։
Առաջինը պայքարի մեջ մտավ Ռաֆիկ Հարությունյանը, որը պոկում վարժությունում հաջող կատարեց բոլոր երեք մոտեցումները։ Նա հաջորդաբար բարձրացրեց 155, 160 եւ 162 կիլոգրամները եւ արժանացավ փոքր բրոնզե մեդալի։
Հիմնական պայքարը ծավալվելու էր հրում վարժությունում, որտեղ դատելով նախնական պատվերներից, Ռաֆիկ Հարությունյանը հավակնելու էր նաեւ երկրորդ փոքր մեդալի եւ երկամարտում մրցանակային տեղի։ Սակայն ակնկալիքները չարդարացան։ Սկսելով 190 կգ-ից՝ հայ ծանրորդը երկու անգամ ձախողվեց ու երրորդ մոտեցման համար պատվիրեց 193 կգ։ Բայց, ցավոք, կրկին չհաջողեց ու զրո ստանալով՝ դուրս մնաց նաեւ երկամարտում մրցանակային տեղ զբաղեցնելու հեռանկարից։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ