«Ժառանգություն» կուսակցության շնորհավորական ուղերձն Արցախի Հանրապետության ընտրված նախագահին
2020թ աշնանը հայկական զույգ պետությունները ցնցած աղետալի պատերազմի արդյունքում, ինչպես նաև ՀՀ իշխող վարչախմբի հանցավոր գործունեությամբ և անգործությամբ պայմանավորված ամբողջապես խարխլվեցին Հայաստանի և Արցախի անվտանգային համակարգերը, Արցախի Հանրապետության քաղաքացիները թողնվեցին Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության վտանգավոր թիրախում: Լիակատար շրջափակման մեջ գտնվող մեր հայրենակիցների անկոտրում կամքն ու պետական ինստիտուտների անխափանության սկզբունքի գիտակցումը հույսի շող են սպասվելիք դժվարությունների հորձանուտում:
«Ժառանգություն» կուսակցությունը լիիրավ վստահությամբ արձանագրում է Արցախի պետականության ամրությունը, պետական ինստիտուտների կայացման և սահմանադրական իրացման բարձր աստիճանը:
Ստեղծված ճգնաժամային իրավիճակում Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունը ապացուցեց, որ պետականության գիտակցումը և ժողովրդավարությունը Արցախի Հանրապետությունում խոր արմատներ ունեն: Վստահություն ենք հայտնում, որ Արցախի ընտրված նախագահ Սամվել Շահրամանյանն ունակ կլինի իրացնելու ստանձնած իշխանությունը հանուն Արցախի հայկական պետականության հարատևության:
Կարդացեք նաև
Շնորհավորում ենք Արցախի քաղաքական դաշտի բոլոր ուժերին և համախոհներին կայացած ընտրությունների կազմակերպման գործում իրենց ներդրած ջանքերի համար, իսկ սահմանադրական ճանապարհով Արցախի նախագահ ընտրված Սամվել Շահրամանյանին հետագա հաջողություններ ենք մաղթում մեր ազգային շահերի պաշտպանության և Արցախի ու Հայաստանի միասնականության հաստատման կարևոր գործում:
Հավասարակշռված և համերաշխ քայլերով առաջ գնալու ճանապարհն այլընտրանք չունի: Մենք ուժեղ ենք միասին, հաղթել ենք միասին և առաջ ենք գնալու միասին:
«Ժառանգություն» կուսակցության վարչություն