Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեր նախընտրական ծրագրի առանցքային կետ է Երևանի միանալը «Երեխակենտրոն քաղաքների նախաձեռնությանը». Դավիթ Մարգարյան

Սեպտեմբեր 11,2023 18:14

«Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածու, տեղական ինքնակառավարման մասնագետ Դավիթ Մարգարյանի ֆեյսբուքյան գրառումը

Նախորդ անգամ խոսելով մատչելի և հարմար մանկական խաղահրապարակների մասին՝ նշեցի, որ դրանց կառուցումը մաս է կազմում շատ ավելի մեծ գաղափարի և արժեքային հենքի, որը կներկայացնեմ այսօր։

Մեր նախընտրական ծրագրի առանցքային կետ է Երևանի միանալը «Երեխակենտրոն քաղաքների նախաձեռնությանը (Child Friendly Cities)», որն աջակցում է տեղական իշխանություններին ապահովել երեխաների համար այնպիսի քաղաքային միջավայր, որտեղ նրանք կկարողանան ազատ, ապահով և ազատ տեղաշարժվել, իրացնել իրենց իրավունքներն ու վայելել մանկությունը։ Այն ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գլխավորած նախաձեռնությունն է՝ հիմքում ունենալով Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի դրույթները, որը մեր հանրապետությունը վավերացրել է դեռ 1992 թվականին։

Երեխակենտրոն Երևանը նշանակում է ունենալ անվտանգ և մատչելի փողոցներ, կանաչ տարածքներ և մատչելի խաղահրապարակներ, անվտանգ և հարմար հասարակական տրանսպորտ, երեխակենտրոն քաղաքային պլանավորում, որակյալ կրթություն, երթևեկության անվտանգություն, հասանելի ու որակյալ առողջապահություն և սոցիալական ծառայություններ, ներառական և համընդհանուր դիզայն, մաքուր և առողջ արտաքին միջավայր, մշակութային, սպորտային և ժամանցի տարատեսակ միջոցառումներ և շատ ու շատ այլ կարևոր բաղադրիչներ։

Հատկապես վերջին տարիների քաղաքաշինական բարբարոսությունը, որ տեղի է ունենում Երևանում, էլ ավելի է սրում իրավիճակը։ Մայթերի զավթումը մասնավոր բիզնեսի կողմից, դրանց անբարեկարգ վիճակն ու կատարյալ անհարմարությունը գրեթե տեղ չեն թողել մեր քաղաքում, որտեղ ծնողները կարող են իրենց երեխաների հետ մանկասայլակով հանգիստ զբոսնել և անդադար չմտածել, թե հաջորդ 10-20 մետրը հատկապես որ հետագծով պետք է շարժվեն, ինչպես հաղթահարեն մայթերի բարձր ու ցածր աստիճանները։

Երեխաների համար և երեխաներին հարմար միջավայրի կառուցումը առաջին հերթին արժեք է մեզ համար, այլ ոչ թե ամեն գնով բարեկարգման իմիտացիա ստեղծելու մոլուցք կամ բակային տարածքները քաղաքապետի իշխանական թեկնածուի այցից առաջ հապճեպ ներկոտելու հրամայական։

Ծնողները պետք է անվտանգ զգան իրենց երեխաների հետ Երևանով զբոսնելիս, իսկ երեխաները պետք է անհոգ և առանց վնասվելու վտանգի խաղան ու վազեն մայթերով և խաղահրապարակներում։

Իսկ թե ինչպես՝ մենք գիտենք ինչպես

Նախաձեռնության մասին առավել մանրամասն՝ այստեղ:

Նախաձեռնությանն են միացել շուրջ 50 երկրներ, որոնց թվում են Ավստրիան, ԱՄՆ, Կանադան, Չեխիան, Դանիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Խորվաթիան, Միացյալ Թագավորությունը և այլն։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930