«Այն Արսեն Թորոսյանը, որը ժամանակին առողջապահության որակի եւ մեծ գաղափարների համար պայքարում էր, մրցակցությունն ու բիզնես շահը առանձնապես նրան չէր հետաքրքրում եւ դա ինձ համար ողջունելի էր։ Այսօր, առողջապահության որակի եւ ծառայությունների համար պայքարի ընթացքում լսել կարծիք, որ մենք որեւիցե մեկի բիզնեսին վնաս ենք պատճառում, ազատ մրցակցային պայմաններ չենք ստեղծում, առնվազն տարօրինակ է, այն դեպքում, երբ նախագծով միանման չափանիշ է ներդրվում»,- խորհրդարանում «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի մասին քննարկման ժամանակ, առողջապահության նախկին նախարար, ՔՊ-ական Արսեն Թորոսյանին նախատեց ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը: Նա գործընկերոջը հորդորեց՝ մարդկանց առողջության մասին մտածելը դնել առաջնային դիրքերում։
Առաջարկվող փոփոխությունը հետեւյալն է՝ գործող օրենքի 44-րդ հոդվածի երկրորդ մասը լրացնել նոր նախադասությամբ՝ «Պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման դեպքերում մատուցվող նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական ծառայությունների համար օգտագործվող ներպատվաստվող (իմպլանտացվող) բժշկական արտադրատեսակների ձեռքբերումն իրականացվում է արտադրողի կողմից տրվող համապատասխանության հավաստագրի, այսինքն՝ ավտորիզացիոն նամակի և ծագման սերտիֆիկատի առկայության դեպքում»:
Նախագծի հիմնական զեկուցող Լուսինե Բադալյանը վստահեցնում է՝ իր եւ Նարեկ Զեյնալյանի հեղինակած նախագծի նպատակն է՝ պետպատվերի շրջանակներում պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը:
Ըստ պատգամավորի՝ «Պետական գնումների մասին» օրենքով առաջնորդվելով՝ մրցույթ հայտարարելիս, հիմնականում հաղթում է այն կազմակերպությունը, որն առաջարկում է ամենամատչելի ծառայությունը, սակայն միշտ չէ, որ մատչելին որակի հետ համադրելի է լինում. «Մրցակցության պարագայում պետությունը, պետական գնումներն ու հասարակությունը տուժում են, եւ, որպեսզի կարողանանք եւ որակը բարձր պահել, եւ երաշխավորել պետական պատվերի շրջանակում քաղաքացիներին մատուցվող առողջապահական ծառայությունների որակն ու հուսալիությունը, նախագծով պահանջում ենք համապատասխանության հավաստագիր ու ծագման սերտիֆիկատ»:
Կարդացեք նաև
Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը Լուսինե Բադալյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ ներդրվող սարքերին է վերաբերում նախագիծը: Լուսինե Բադալյանը պարզաբանեց, որ խոսքը ներպատվաստվող բժշկական արտադրատեսակների մասին է՝ ինվազիվ բժշկական արտադրատեսակների, այդ թվում՝ մասամբ կամ ամբողջությամբ օրգանիզմում ներծծվող, որոնք վիրաբուժական միջամտության միջոցով ամբողջությամբ ներմուծվում են մարդու մարմին կամ փոխարինում են էպիթելային մակերեսը, աչքի մակերեսը, որոնք վիրաբուժական ընթացակարգից հետո մնում են ներմուծման տեղում: Խոսքը վերաբերում է նաեւ բժշկական այն արտադրատեսակներին, որոնք վիրաբուժական միջամտության միջոցով մասամբ ներմուծվում են մարդու մարմին, որոնք վիրաբուժական ընթացակարգից հետո ավելի քան 30 օր մնում են ներմուծման տեղում:
Արսեն Թորոսյանն այս նախագիծը հակամրցակցային եւ խտրական որակեց: Նաեւ, իր կարծիքով, այս նախագիծը որոշակի ծառայությունների մասով հանգեցնելու է գների բարձրացման. «Կան բժշկական հաստատություններ, որոնք սրտի նույն ստենտը գնում են՝ մեկը 110 հազար դրամով՝ հավաստագրող նամակով, մեկը՝ 65 հազար՝ առանց դրա. հիմա ինքը նույն ստենտը գնելու է 110 հազար դրամով՝ առանց որակի բարելավման, որովհետեւ ինքն արդեն իսկ շատ բարձր որակի ստենդ է»: Իր համար նաեւ անհայտ է, թե ինչպե՞ս է այս ամենը ստուգվելու: Արսեն Թորոսյանին առավել դուր եկավ Գեղամ Նազարյանի առաջարկը՝ բոլոր ներմուծվող բժշկական պարագաների դեպքում գործի նույն սկզբունքը:
Ավելի ուշ իր ֆեյսբուքյան էջում Արսեն Թորոսյանը դարձյալ քննադատել է օրենքի նախագիծը եւ պատասխանել Լուսինե Բադալյանին։ Նա մասնավորապես գրել է, թե նախագիծն «իր հիմքում չունի որևէ հիմնավոր վերլուծություն և վիճակագրություն, բերելու է վճարովի բժշկական ծառայությունների գների բարձրացման, հնարավոր չի լինելու պատշաճ տարբերակել տեղադրվող պարագաների համապատասխանությունը և թե’ հանձնաժողովում, թե’ լիագումար նիստում իմ հարցերին սպառիչ և հիմնավորող պատասխաններ չեն հնչել:
Եվ քանի որ օրենքի հեղինակի եզրափակիչ ելույթին ԱԺ ամբիոնից արձագանքելու հնարավորություն չունեմ, այսպես կարձագանքեմ:
Փաստացի օրենքի հեղինակները չունենալով պատասխաններ իմ բովանդակային հարցերին անցան իմ անձի թիրախավորմանը, ինչին ես չէի ուզենա տուրք տալ, բայց չեմ կարող ի պատասխան չհիշատակել նախորդ գումարման ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի և որոշ անդամների ԴԵՄ լինելը բնակչության առողջության պահպանման նպատակով ծխելու նվազեցմանը ուղղված օրինագծին ու դրան ընդհանրապես ՉՔՎԵԱՐԿԵԼԸ: Կրկնում եմ խոսքը առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովին է վերաբերում, և ոչ թե` օրինակ` տնտեսական կամ այլ հարցերի հանձնաժողովին:
Ինչ վերաբերում է նախագծի հեղինակների կողմից հնչեցված մտքին, թե ես նախկինում մրցակցությունը հաշվի չեմ առել, ենթադրում եմ առողջապահության նախարար եղած ժամանակ, ապա առաջինը այս արտահայտությամբ նրանք, ըստ էության, ընդունում են, որ այս նախագիծը հակամրցակցային է: Երկրորդը, ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականի հունիսին, իմ նախարար նշանակվելուց 1 ամիս հետո նախարարության գործադրած ջանքերի շնորհիվ իջեցվել են սրտի ստենտավորման պետական պատվերի և վճարովի ծառայությունների գները ամբողջ երկրում` բժշկական հաստատությունների և ներկրող կազմակերպությունների հետ բանակցությունների արդյունքում, որոնք, ըստ էության, մինչ օրս պահպանվել են, ինչպես նաև, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ոչ դեղապատ ստենտերը փոխարինվել են ԴԵՂԱՊԱՏ ստենտերով: Ոլորտի այլ բարեփոխումներին այս պահին չանդրադառնամ:
Կրկին, այս նախագծի ընդունումով առողջապահության ոլորտում առաջացող խառնաշփոթը ցույց կտա, թե ում փաստարկներ էին հիմնավոր և ով էր ավելի շատ մտածում մեր բնակիչներին մատուցվող ծառայությունների որակի մասին: Այժմ էլ արդեն բազմաթիվ զանգեր եմ ստանում բժշկական կազմակերպություններից, որոնք տարակուսած են այս նախագծի անհրաժեշտության վերաբերյալ և ավելի լայն քննարկում են պահանջում:
Հուսամ այդ ներառական քննարկումը տեղի կունենա և ի վերջո կպարզվի, թե ինչքան անհրաժեշտ է այս նախագիծը այս փուլում, քանի որ, ի տարբերություն իմ գործընկերների, ինձ համար նախագծի հեղինակի անձը կարևոր չէ, կարևորը դրա բովանդակությունն է»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ