Լրահոս
Օրվա լրահոսը

Ես խոսել եմ մարդկանց մտահոգությունների մասին. Դավիթ Խաժակյանը պետության անվտանգային հարցերի մասին

Սեպտեմբեր 11,2023 18:06

Ես խոսել եմ մարդկանց մտահոգությունների մասին, այսպես մեկնաբանեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը, ի պատասխան Aravot.am-ի այն հարցի, թե ինչո՞ւ հանկարծ որոշեցիք խոսել պետության անվտանգային հարցերից, այն դեպքում, երբ քարոզչության առաջին օրվանից առաջ էիք տանում այն թեզը, թե սրանք զուտ ՏԻՄ ընտրություններ են:

Նախորդ օրը ընտրողների հետ հանդիպման ժամանակ «Լուսավոր Հայաստանի» քաղաքապետի թեկնածուն անդրադարձել էր Հայաստանի անվտանգային հարցերին, տարածաշրջանային խնդիրներին:

Խաժակյանը հավաստիացրեց, որ անկախ պետության անվտանգային խնդիրներից՝ ինքը հավատարիմ է մնում որդեգրած մոտեցմանը, թե «յուրաքանչյուրս մեր տեղում պետք է մեր աշխատանքը լավ կատարենք, որպեսզի կարողանանք լուծել ոչ միայն մեր առջև կանգնած խնդիրները, այլ այն խնդիրները, որոնք կախված են մեր մասնակցությունից»։

Նա կարծում է, որ ինչպես ընտանիքում, երբ դժբախտ դեպք է լինում՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամ շարունակում է կատարել իր առջև դրված պարտականությունը, այնպես էլ մեր պետության առջև կանգնած խնդիրների պարագայում յուրաքանչյուրն իր տեղում պետք է շարունակի կատարել պարտականությունները։

«Սրանք հերթական ընտրություններ են և ինչպիսի քաղաքային իշխանություն էլ որ ձևավորվի, հինգ տարի շարունակ այդ մարդիկ լուծելու են մեր քաղաքի խնդիրները, առարկայական, առաջին անհրաժեշտության խնդիրները։ Չի կարող քաղաքի աղբահանությունը կանգնեցվել, չի կարող տրանսպորտային համակարգը կանգնեցվել, լինի իրավիճակը էսպիսի լարված, թե ավելի սրվի, Աստված մի արասցե, քաղաքը պետք է շարունակի գործել և որպես ավագանու անդամ ես պատասխանատու եմ շարունակելու կատարել այն աշխատանքը, որը կատարել եմ վեց տարի շարունակ և շարժվել առաջ նոր շնչով»,-ասաց Խաժակյանը:

Մեր այն հարցին, թե իր նշած 6 տարիների ընթացքում մշտապես հանդես է եկել ընդդիմադիր դիրքերից, ինչպե՞ս է պատկերացնում իրեն քաղաքապետի կարգավիճակում՝ Դավիթ Խաժակյանը նորմատիվային պատասխան տվեց «Երևանի քաղաքապետի և կառավարության փոխգործակցությունն ամբողջ ծավալով պայմանավորված է Երևանի մասին և ընդհանրապես ՀՀ օրենսդրությամբ, ուստի այս առումով ինչպես բազմաթիվ ընդդիմադիր համայնքների ղեկավարներ են փոխգործակցում կառավարության հետ, այնպես էլ լինելու է մեր դեպքում: Բոլոր ֆինանսական մասհանումները, պատվիրակված լիազորությունները նախատեսված են օրենքներով»:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Լուսանկարները` Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930