Լրահոս
Օրվա լրահոսը

«Վայլդբերիզ»-ի դեմ դժգոհողները բողոքի ցույցերը շարունակում են․ կամ փակել Հայաստանում «Վայլդբերիզը» կամ մաքսազերծման արժեքն իջեցնել

Սեպտեմբեր 11,2023 17:50

Ռուսական «Վայլդբերիզ» առցանց առեւտրի հարթակից դժգոհ հայ տնտեսավարողներն այսօր նորից կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էին անում։ Ցույցի մասնակիցներից մի քանիսին հրավիրեցին ներս՝ կառավարություն։

«Stop Wildberries» նախաձեռնության ներկայացուցիչ Արման Թումասյանն Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ կառավարությունից իրենց այսօր ընդունել է նամակների բաժնի աշխատակիցը, լսել դժգոհությունը, խնդրել դիմում գրել։

Թումասյանն ասաց, որ դիմումը առաջիկա օրերին կպատրաստեն ու կփոխանցեն, սակայն ցույցերը շարունակելու են։

«Վիրավորականն այն է, որ հանրապետության տնտեսվարող սուբյեկտները գալիս են կառավարություն, կառավարությունը չի ընդունում, բայց ինչ-որ «Վայլդբերիզի» սեփականատեր գալիս է ու իրենք ընդունում են։ Կարծես մենք այս հանրապետության ռեզիդենտները չլինենք»,-ասաց Թումասյանը, որը բացել եւ վարում է Stop Wildberries ֆեյսբուքյան էջը։

Հիշեցնենք, որ այս տնտեսվարողները դժգոհում են, որ «Վայլդբերիզի» հետ անհավասար պայմաններում են աշխատում, իրենք ապրանքը բերում են, մաքսազերծում, գումար վճարում, սակայն քաղաքացիները նույն ապրանքը «Վալյդբերիզից» մի քանի անգամ էժան են պատվիրում, ուստի առեւտրով զբաղվող տնտեսվարողները վնասներ են կրում։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ասել է, որ բոլորի համար հավասար պայմաններ են ստեղծել․ «Նախորդ տարի մենք ստեղծել ենք հավասար պայմաններ, որ բոլորը հավասար հարկային դաշտում լինեն: Այսինքն` երբ «Վայլդբերիզը» ապրանք է ներմուծում կամ հայ սպառողը ապրանք է գնում «Վայլդբերիզից», ԱԱՀ վճարելու պարտավորությունը տեղափոխվում է Հայաստան: «Վայլդբերիզը» պարտավոր է վճարել ավելացված արժեքի հարկ: Այն, ինչ փոքր ու միջին ձեռնարկատերերից շատերը չեն վճարում, որովհետեւ գործում են շրջհարկի դաշտում»։

Արձագանքելով Քերոբյանին՝ Թումասյանն ասաց․«Դա ասում է մի մարդը, որը երկու տնտեսություն է քանդել՝ «Սթար» սուպերմարկետների ցանցը եւ Menu.am-ը։ Ինքը ներդրումն ու «Վայլդբերիզը» չի տարբերում իրարից։ Ասում է՝ 120 տնտեսվարող թող փակեն խանութները, գնան նոր կրթություն ստանան։ Էդքան մարդկանց ո՞ր ոլորտում ես տեղավորելու, որտե՞ղ ես կրթելու, որ չորս-հինգ ամսում ինտեգրես, որ աշխատեն։ 44 տարեկան եմ, ի՞նչ կրթության մասին խոսենք։ Ասում է՝ թող նոր բան մտածեն։ Մենք էլ ասում ենք՝ մաքսային արժեքը թող իջեցնեն, մենք էլ էժան կվաճառենք»։

Թումասյանի ներկայացմամբ՝ նույն կոշիկը Չինաստանից Հայաստան ներմուծելիս մաքսազերծումը տնտեսվարողին արժենում է 13 դոլար, իսկ Ռուսաստանում՝ 2 դոլար, այդ ապրանքը Ռուսաստան հասնում է 10 օրում, Հայաստան՝ 30-35 օրում․ «Չինաստանում արտադրված 4 դոլարանոց կոշիկը բերում ենք Հայաստան՝ մեր վրա նստում է 11 դոլար՝ մեկ կոշիկը, ՌԴ-ում՝ 6 դոլար։ Մեր խնդիրը մաքսայինն է, երբ ՌԴ-ում 2 դոլարով են մաքսազերծում, մենք՝ 13 դոլարով։ ԵԱՏՄ է, թող հավասար պայմաններ ստեղծեն բոլոր երկրների համար»։

Այսինքն, ըստ Թումասյանի, տնտեսվարողների պահանջն է՝ կամ փակել Հայաստանում «Վայլդբերիզը» կամ մաքսազերծման դեպքում ապրանքի կիլոգրամը սահմանել 2 դոլար։

Մեր դիտարկմանը՝ դուք էլ «Վայլդբերիզով» ձեր ապրանքը պատվիրեք, Թումասյանը որեւէ հստակ պատասխան չտվեց։

Թումասյանը պատմեց, որ ինքն էլ առցանց խանութներ ուներ, լավ աշխատում էր, բայց երբ «Վայլդբերիզի» սպառման ծավալներն աճեցին մեր երկրում, փակեց իր առցանց խանութները․ «Իմ օնլայն խանութները չորս ամիս առաջ եմ փակել։ Նորմալ աշխատում էինք, չէինք գալիս կառավարության մոտ մուրացկանություն անում։ Ամեն շորը 1800-2500 դրամով էր ձեւակերպումը, կիլոն 8 հազար դրամ էր մաքսային արժեքը, Գլոբինգով էինք բերում, բայց «Վայլդբերիզում» էդ շորը 8 հազար դրամ է, մեզ մոտ՝ 12 հազար։ Ո՞նց վաճառեի»։

Թումասյանը վստահ է՝ մի քանի ամսից մանր ու միջին տնտեսվարողները, որոնք առեւտրով են զբաղված, փակվելու են, քանի որ օրինակ ուսումնական տարվա սկզբի այս սեզոնին չեն կարողացել սեզոնային ապրանքը վաճառել․ «Հունվար- փետրվարին Հայաստանում խանութ չի մնալու, մարդիկ միլիոններով պարտքերի մեջ են։ Մանրածախն ու մեծածախն արդեն իրար հետ կռիվ են անում։ Մեծածախն իր փողերն է ուզում մանրածախից, մանրածախն ասում է՝ ապրանք չեմ վաճառել, փող չեմ կարա տամ, «Վայլդբերիզը» չի թողնում ապրանք ծախեմ։ Շուտով բանկերը սկսելու են իրենց վարկերը ուզել, էս տուժած բիզնեսը չի կարողանալու վարկերը վճարել, գնալու են սնանկացման, դատական գործեր են սկսվելու»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930