Խորհրդարանն այսօր քննարկեց ՔՊ-ական պատգամավորներ Հասմիկ Հակոբյանի եւ Արփինե Դավոյանի ներկայացրած նախագիծը՝ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին: Նախագիծն այն մասին է, որ գլխավոր դատախազը այսուհետ կկարողանա պատգամավորի եւ ՄԻՊ-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու մասին համաձայնություն տալու միջնորդագիրը նաեւ արտահերթ կերպով ներկայացնի: Գործող օրենքով, միջնորդությունը կարող է ներկայացվել միայն ԱԺ՝ առաջիկա հերթական նիստերի ժամանակ:
«Այսինքն, եթե օրինակ, դեպքը տեղի ունենա գարնանային նստաշրջանի վերջում, հունիս ամսին, իրավապահ մարմինները հնարավորություն չեն ունենա սահմանված ժամկետներում կատարել իրենց աշխատանքը, քանի որ միջնորդագիրը ԱԺ-ն կկարողանա քննարկել միայն սեպտեմբեր ամսին, այսինքն, երեք ամիս անց»,- իր խոսքում ասաց հիմնական զեկուցող Հասմիկ Հակոբյանը:
Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը մի մտավախություն ունի՝ արտահերթ նիստ հրավիրող պաշտոնյաների թվում գլխավոր դատախազի անունը չկա. ինքը, իհարկե, հասկանում է, որ անկախ մարմին դատախազը հիմա՝ կառավարության նիստում, կարող է ինչ-որ բան զեկուցել վարչապետին, բայց ասում է՝ նորմալ վիճակում ինչպե՞ս է լինելու, այդ ի՞նչ հարաբերություններ ունի գլխավոր դատախազը կառավարության հետ, որ կառավարության հետ համաձայնեցված արտահերթ նիստ նախաձեռնվի, ինքն էլ միջնորդագիրը ներկայացնի:
Հարցի հիմնական զեկուցողը հիշեցրեց նաեւ պատգամավորների ¼-ով արտահերթ նիստ հրավիրելու հնարավորության մասին ու ասաց, որ «Հայաստան» խմբակցությունն այդքանից էլ ավելի անդամ ունի, ուստի, այս նախագիծը նաեւ ընդդիմությանն է ձեռնտու:
Կարդացեք նաև
Մեկ այլ ընդդիմադիր պատգամավոր՝ Գեղամ Նազարյանի գնահատմամբ՝ սա ոչ մի բանի մասին նախագիծ է: «Եթե դատախազը որոշում է ՔՊ-ից իքս պատգամավորի նկատմամբ գործ հարուցել, խմբակցությունը՝ ի աջակցություն իրենց գործընկերոջ, ուղղակի նիստի չի գա եւ այդ գործը չի լինի: Եթե դա լինի «Հայաստան» խմբակցության իգրեկ պատգամավորի համար՝ կգան. չե՞ք կարծում, որ անհավասար պայմաններ է ստեղծվում արտահերթ նիստ գումարելու համար»,- ասաց Գեղամ Նազարյանը՝ հետաքրքրվելով՝ չի՞ կարծում իշխանական գործընկերը, որ միայն անհավասար պայմաններն ի նկատի ունենալով՝ նախագիծը կարելի էր ետ վերցնել:
Հիմնական զեկուցողն էլ վստահեցրեց, որ եթե իրենց խմբակցության անդամներից որեւէ մեկի հետ կապված միջադեպ լինի, իրենք «գործը չեն ջրի», այլ կօգտագործեն հնարավորությունը՝ արդարանալու համար, եթե կա արդարանալու խնդիր:
Մյուս ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի վերապահումն էլ այն է, որ կարելի էր քննարկել իրավունքի ուժով նիստ գումարելու սխեմաներ, ոչ թե արտահերթ նիստի: Նա առաջարկեց, որ քննարկումները շարունակվեն, եթե անգամ նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվի: Հիմնական զեկուցող իշխանական գործընկերը դեմ չէր, ավելին, ուրախ կլինի համագործակցության համար:
Արդեն իր ելույթում, Արծվիկ Մինասյանը նկատեց, որ գրեթե չի եղել դեպք, որ գլխավոր դատախազը մտնի խորհրդարան եւ չբավարարվի միջնորդությունը: Այսինքն, քաղաքական մեծամասնության հետ միշտ էլ համաձայնություն է եղել այս հարցով. բացառություն չէ նաեւ այս խորհրդարանը: Ըստ նրա, խնդիրը շատ ավելի խորքային է եւ եթե մենք հարգում ենք սահմանադրական ինստիտուտները, գլխավոր դատախազը, որպես անկախ մարմին, չի կարող իր գործողությունները համաձայնեցնել կառավարության կամ քաղաքական մեծամասնության հետ, որովհետեւ արտահերթ նիստ նախաձեռնելն այս երկու սուբյեկտի իրավասությունն է եւ այս երկու սուբյեկտի հետ նախնական համաձայնությամբ արտահերթ նիստ հրավիրելը արդեն իսկ ստվերում է ենթադրյալ հանցագործության հանրային ընկալումն անգամ:
Գեղամ Նազարյանն էլ իր ելույթում հստակեցրեց՝ իրենք դեմ չեն հանցագործություն գործած պատգամավորին պատասխանատվության կանչելուն, պարզապես նախագիծն այս տեսքով տպավորություն է ստեղծում, թե գործող իշխանությունն ուզում է ավելի դյուրացնել պատգամավորների նկատմամբ քրեական գործ հարուցելն ու նրանց ազատությունից զրկելը եւ կոչ արեց Արծվիկ Մինասյանի առաջարկը խորությամբ դիտարկել:
Նախագծի համահեղինակ Արփինե Դավոյանը պատասխանեց Գեղամ Նազարյանին՝ ասելով, որ հանրությունն այնպես կընկալի հարցը, ինչպես ԱԺ ամբիոնից կմատուցվի ու վստահեցրեց, որ քաղաքական նպատակադրում նախագծի տողատակերում չկա եւ մեղադրեց ընդդիմադիրներին՝ հարցին քաղաքական ենթատեքստ տալու համար:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նույնպես փարատեց ընդդիմադիրների մտավախությունները՝ ասելով, որ դրանք առնվազն անհիմն են: Դեմ չէ իրավունքի ուժով արտահերթ նիստ հրավիրելու Արծվիկ Մինասյանի առաջարկած մեխանիզմի կիրառմանը, բայց հարցը պետք է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում քննարկեն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ