Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Իշխանյանի նամակը կփոխանցվի Իրանի խորհրդարանի նախագահին

Սեպտեմբեր 11,2023 17:00

Ինչպես հաղորդում է ԻԻՀ-ում հրապարակվող «Ալիք» օրաթերթը՝ Իրանի Իսլամական խորհրդարանում իրանահայության երկու պատգամավորներ Արա Շահվերդյանի և Ռոբերտ Բեգլարյանի միջնորդությամբ ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի նամակը փոխանցվելու է Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահին։

Օրեր առաջ ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը նամակներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի, Ռուսաստանի Դաշնության Պետդումայի, Ֆրանսիայի Հանրապետության Սենատի, ԱՄՆ Սենատի, ԱՄՆ կոնգրեսի, ինչպես նաեւ Եվրախորհրդարանի խոսնակներին։

«Ալիք» օրաթերթի փոխանցմամբ՝ Իրանի օրենսդիր իշխանությունների կողմից սպասվող հնարավոր արձագանքներին ծանոթանալու նպատակով հեռախոսազրույց են ունեցել Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի և Հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանի հետ և նրանից հետաքրքրվել, թե արդյոք Դավիթ Իշխանյանի կիրառած նոր գործելաձևը կարող է ազդեցիկ գործիք դառնալ ադրբեջանական արգելափակման վերացման և Իրանի կողմից միջամտության տեսանկյունից:

Արա Շահվերդյանը նախ տեղեկացրել է, որ նամակից մի օրինակ ՀՀ-ում հանձնվել է Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի և Հարավային իրանահայության պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանին և արդեն այստեղ երկուսով պատրաստվում են այն հանձնել Իսլամական խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բադեր Ղարիբաֆին:

Ապա պատգամավորն ընդգծել է, որ այսօրվա դրությամբ շատ կարևոր է տարբեր գործիքակազմերի կիրառումը և ըստ պատգամավորի՝ բոլոր քայլերն էլ կարող են ազդել Արցախի էթնիկ բնակչության շահերի պաշտպանության առումով:

«Չնայած տարբեր անձնանց ու կառույցների կողմից հնչող դատապարտող կոչերին, Բաքուն շարունակում է արգելափակել Լաչինի միջանցքը, զրկելով Արցախին Հայաստանի հետ կապող միակ կենսական ճանապարհից: Ադրբեջանը անտեսում է ՄԱԿի, Անվտանգության խորհրդի, Եվրախորհրդարանի, ՄԻԵԴի և Հաագայի դատարանի ու այլ միջազգային կառույցների պահանջները, իրագործելով արցախահայության էթնիկ զտման, սադրանքի և ուժի սպառնալիքի քաղաքականությունը», – նշել է Շահվերդյանը, ընդգծելով, որ Արցախի 120 000 քաղաքացիներ զրկված են ազատ տեղաշարժի հնարավորությունից և ապրում են աղետալի պայմաններում, ոտնահարվում են նրանց հիմնարար իրավունքները, իսկ Ադրբեջանին միջազգային հանրության ուղերձները կառուցողական դաշտ չեն բերում:

Հարցմանը, թե ինչպիսի գործընթացներ է նախատեսում Իրանի Իսլամական խորհրդարանը նման օրակարգային հարցերի առնչությամբ, Արա Շահվերդյանը նշել է, որ իրենք պատրաստվում են որպես միջնորդ հանդես գալ նամակի հանձնման ուղղությամբ, որը նշանակում է, որ ուղղակիորեն այն կստանա խորհրդարանի խոսնակը:

Իրանի Իսլամական խորհրդարանի պատգամավորը շեշտել է, որ որպես իրանահայության զույգ պատգամավորներ, անպայման կշարունակեն հետևողական լինել Արցախի էթնիկ բնակչության շահերի պաշտպանության հարցերի նկատմամբ, ընդգծելով, որ որպես երկրի օրենսդիր իշխանության մեկ մասնիկ, բազմիցս դիմել են պետական անձանց ՝ խնդրելով տարբեր քաղաքական ու դիվանագիտական միջոցներ կիրառել, ճնշումներ գործադրել ադրբեջանական սադրանքները զսպելու մեխանիզմներ կիրառելու և Արցախի էթնիկ բնակչության իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

Արա Շահվերդյանն ընդգծել է, որ հետամուտ են լինելու, որպեսզի Արցախի ԱԺ նախագահ Դ. Իշխանյանի հղած նամակ-պահանջը Իսլամական խորհրդարանի խոսնակի կողմից հասցեական և համապատասխան արձագանք ստանա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930