Լրահոս
Օրվա լրահոսը

«Նվիրատվությունների գործարքների աճը պարունակում է հիմնավոր ռիսկեր, որ նպատակ ունեն թաքցնել ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքը»․ փոխնախարար

Սեպտեմբեր 11,2023 16:32

Ազգային ժողովի նիստում արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը ներկայացրեց «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին նախագիծը։ «Այս հարցի անհրաժեշտությունը առաջացել է՝ կապված նվիրատվության գործարքների շեշտակի աճի հետ։ Օրինագիծը Հայաստանի Հանրապետությունում նոտարների եւ Կադաստրի կոմիտեի համար նվիրատվությունների մասով Կենտրոնական բանկին հաշվետվություններ ներկայացնելու պարտականություն սահմանելու նպատակ ունի։ Փողերի լվացման եւ ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում են այն դեպքերը, երբ լիազոր մարմնին՝ ՀՀ ԿԲ-ին պետք է ներկայացվեն կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություններ։ Նվիրատվությունների գործարքները ներկայիս կարգավորումներով չեն հանդիսանում պարտադիր հաշվետվության ենթակա։ Ուսումնասիրելով 2020-2022 թվականների Կադաստրի կոմիտեի տվյալները՝ արձանագրել ենք, որ նվիրատվությունների եղանակով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու գործարքները կտրուկ աճել են»,- ասաց նա։

Արա Մկրտչյանի խոսքով՝ 2020 թվականին Երեւանում գրանցվել է նվիրատվության 4017 գործարք, մարզերում՝ 8674։ 2021 թվականին Երեւանում գրանցվել է 5882 գործարք, մարզերում՝ 12 060, իսկ 2022 թվականին արդեն Երեւանում գրանցվել է 7334 գործարք, մարզերում՝ 15 766։

«Նվիրատվությունների գործարքների անընդհատական աճն իր մեջ պարունակում է հիմնավոր ռիսկեր առ այն, որ դրանց թվում կարող են լինել այնպիսի գործարքներ, որոնք նպատակ ունեն թաքցնել ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքը եւ այսպես ասած օրինականացնել այն։ Ու թեեւ օրենքով նոտարների ու Կադաստրի կոմիտեի վրա դրված է օրենսդրությամբ նախատեսված դեպքերում կեղծ եւ շինծու գործարքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրելու պարտականություն, սակայն նման պարտականությունն ամբողջությամբ չի ծածկում ներկա իրավիճակով պայմանավորված ռիսկերը։ Այպիսով, անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի նվիրատվության գործարք հաստատող ու գրանցող սուբյեկտներն իրենց հաշվետվություններում պարտադիր ներառեն եւ սահմանված կարգով Կենտրոնական բանկին ներկայացնեն նաեւ նվիրատվության բոլոր գործարքների վերաբերյալ տեղեկություններ։ Արդյունքում՝ նշված տվյալները կլինեն Կենտրոնական բանկի տրամադրության տակ, ինչը հնարավորություն կտա դրանց մոնիթորինգի արդյունքում գնահատել ռիսկերը, ինչպես նաեւ առանձին դեպքերում կանխել ու բացահայտել ապօրինի գույքի վերաբերյալ կատարված առանձին գործարքները»,- ասաց Արա Մկրտչյանը։

Ըստ նրա՝ նախագծի ընդունմամբ նվիրատվության գործարքների ռիսկերը կառավարելու ու գնահատելու մեխանիզմներ կստեղծվեն, ինչն իր դրական ազդեցությունը կունենա փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի արդյունավետության ապահովման տեսանկյունից։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930