Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

«Վախենում են Ադրբեջանից, Ալիևից»․ Արթուր Խաչատրյանը՝ թե ինչու ՀՀ իշխանությունները չշնորհավորեցին ԱՀ նախագահին

Սեպտեմբեր 11,2023 16:17

«Վախենում են Ադրբեջանից, Ալիևից»,- հարցին՝ ինչո՞ւ ՀՀ իշխանությունները չեն շնորհավորել Արցախի նախագահին, այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Ըստ նրա՝ այս պահին, երբ Արցախն իր գոյության ընթացքում ամենաճակատագրական պահին է գտնվում, երբ ԱՀ գոյության խնդիրն է, երբ Արցախի 120 հազար հայերի կյանքի խնդիրն է, առավել քան երբեք անհրաժեշտ է ՀՀ քաղաքական աջակցությունը․ «Դա այսօր, ցավոք, Արցախի մեր հայրենակիցները չեն տեսնում։ Դա ուղղակի պարտվողական քաղաքականության շարունակությունն է։ Փաշինյանը դավադրաբար հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի գերիշխանությունը Արցախի նկատմամբ»։

Լրագրողները հիշեցրին՝ ՔՊ պատգամավոր Գագիկ Մելքոնյանը հայտարարել է, որ Լավրովն անընդհատ ուզում է մեր երկիրը տանել կործանման, ուստի մենք պիտի մեր խնդիրները լուծենք, Արթուր Խաչատրյանն այսպես արձագանքեց․ «ՀՀ-ն պետք է կարողանա իր հարցերը լուծել, այլ ոչ թե փորձի մեղավորներ գտնել։  Մեղավոր են համանախագահները, նախկինները, մեղավոր է քովիդը, գլոբալ տաքացումը։ Այս իշխանությունների համար մեղավոր են բոլորը՝ իրենցից բացի։ ՀՀ իշխանությունները պիտի հասկանան, որ իրենք են պատասխանատու ԱՀ-ի և ՀՀ-ի ճակատագրի համար»։

Հարցին՝ հիշո՞ւմ եք, որ նախկինում ՌԴ-ն ՀՀ դեսպանին կանչի և բողոքի նոտա հղի, Արթուր Խաչատրյանը պատասխանեց․ «Բողոքի արտահայտություններ եղել են, բայց որ պաշտոնապես դեսպանը կանչվի դեսպանատուն և բողոքի նոտա հղվի, չեմ հիշում։ ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները լարված են։ Այն պայմաններում, երբ 120 հազար հայերի ֆիզիկական գոյությունը պայմանավորված  է ռուսական կողմի ներկայությամբ, դա բավականաչափ ռիսկային քայլ է»։

Ըստ Արթուր Խաչատրյանի՝ ՀՀ-ի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության փորձ է կատարվում։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ դեպի ո՞ւր, պատգամավորը պատասխանեց․ «ՀՀ-ն հույս ունի արևմտյան անվտանգային համակարգին միանալ, եթե այդպիսին կա։ Փորձ են անում դեպի արևմուտք շեղվել, բայց կարծեմ, իրենք, որ արևմուտք են նայում, տեսնում են Թուրքիային։ Ֆրանսիան Հայաստանից արևմուտք չի երևում, ոչ էլ ԱՄՆ-ն է երևում։ Այս տարածաշրջանի համար պատմականորեն պայքարել են ՌԴ-ն և Թուրքիան»։

Դիտարկմանը՝ ԵՄ-ի և Ուկրաինայի ԱԳՆ-ն դատապարտեցին Արցախի նախագահի ընտրությունը, իսկ ՌԴ-ն չշնորհավորեց, Արթուր Խաչատրյանն արձագանքեց․ «Դա Ուկրաինայի կողմից շնորհակալությունն էր ՀՀ վարչապետի տիկնոջ այցելությանը։ Եթե ՀՀ իշխանությունները չեն շնորհավորում, ՌԴ իշխանությունները կամ Թունիսի իշխանություննե՞րը պիտի շնորհավորեն»։

Արթուր Խաչատրյանը ցավով նշեց, որ «Փաշինյանն ու նրա քաղաքական խմբակն իրենց քաղաքականությամբ բացեցին հայ-ադրբեջանական հարաբերություններում Թուրքիայի մուտքը։

Հարցին՝ հիմա լա՞վ ժամանակ է նոր գործընկերներ փնտրելու համար, Արթուր Խաչատրյանը պատասխանեց․ «Անկեղծ ասած՝ չեմ հիշում, որ որևէ նոր գործընկեր պատրաստակամություն հայտնի այստեղ զինված կոնտինգենտ ուղարկելու, ապահովելու մեր սահմանների անվտանգությունը։ Արցախի մեր հայրենակիցների անվտանգությունը և Քաշաթաղի միջանցքով մարդկանց և բեռների երկկողմանի անխոչընդոտ երթևեկությունը։ Այս պայմաններում նման ռիսկային քաղաքականություն վարելը հղի է բազմաթիվ անկանխատեսելի, բացասական հետևանքներով»։

Հարցին՝ ի՞նչ դիրքորոշում ունեք Հռոմի ստատուտի վավերացման հետ կապված, նա պատասխանեց․ «Այս պայմաններում, երբ 120 հազար հայեր, որոնց կյանքը կախված է ռուսական խաղաղապահներից, նման աշխարհաքաղաքական խաղեր տալը նշանակում է այդ մարդկանց կյանքի վրա ուղղակի ղումար խաղալ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930