Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում խոսելով Արցախում նոր նախագահ ընտրելու մասին՝ ասաց. «Մենք հաճախ վատ նորություններով ենք սկսում: Սակայն Արցախի նախագահի ընտրության փաստը, թերեւս, այս վերջին շրջանի այս պահին միակ հուսադրող դրական երեւույթներից մեկն է: Արցախն ունեցավ նոր նախագահ, որը հայ ժողովրդի թշնամին չէ․․․
Նաեւ, ըստ էության, Արայիկ Հարությունյանի հրաժարականի հետ խափանվեց Արցախի պետական ինստիտուտները տապալելու Նիկոլ Փաշինյանի, Արայիկ Հարությունյանի եւ Իլհամ Ալիեւի ծրագիրը, որովհետեւ շատ մեծ վտանգ կար, որ նրա հրաժարականը կբխի Ալիեւի այն պահանջներից, որ Արցախում պետք է բոլորն իրենց պաշտոններից հրաժարվեն, ինստիտուտները պետք է վերանան եւ այլն: Նաեւ վտանգ կար, որ դա կարող է բերել անկարգությունների, որը շատ իրատեսական էր Սամվել Բաբայանի հայտարարություններով, ինչը Ադրբեջանին հնարավորություն կտար զորք մտցնելու եւ, այսպես ասած, կարգուկանոն հաստատելու:
Բայց Արցախում իմաստնությունը եւ ողջախոհությունը հաղթանակել են, Արցախի ժողովուրդը ի դեմս պառլամենտի ցուցաբերել է միասնականություն եւ այդ միասնականության արդյունքում ինստիտուտը պահպանվել է: Արցախն ունի նորընտիր նախագահ, որի շուրջ կա հանրային կոնսոլիդացիա: Սամվել Բաբայանին չհաջողվեց իրականացնել իր մտադրությունը ոչ թե իր ազնվության շնորհիվ, այլ հանրային աջակցություն չստանալու արդյունքում․․․
Սա իրապես ձեռքբերում էր, եւ հուսանք, որ Արցախի նոր իշխանությունը ի դեմս նախագահի՝ արդեն իր թիմով, կկայացնի այլեւս Հայաստանի իշխանություններից անկախ որոշումներ, գործողություններ, ինչը որոշակի հույս է ներշնչում: Եվ որպեսզի նոր փորձանք չգա մեր գլխին, պետք է Արցախում տեղի ունեցած փոփոխությունը բերել Հայաստան»,-ասաց նա:
Կարդացեք նաև
Էդգար Ղազարյանը նաեւ հատուկ նշեց, որ մինչեւ այս պահը Հայաստանի իշխանություններից ոչ ոք չի շնորհավորել Արցախի նորընտիր նախագահին: Նաեւ միաժամանակ հիշեցրեց. «2023 թվականի օգոստոսի 24-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Դրուպադի Մուրմուին՝ Լուսնի հարավային բեւեռում Չանդրայան երեք տիեզերական կայանի բարեհաջող վայրէջքի կապակցությամբ: Բայց նա չի շնորհավորում Արցախի ժողովրդին՝ գերության մեջ գտնվող փրկության ճրագ հանդիսացող իրադարձության՝ Արցախի նախագահի ընտրության կապակցությա՞մբ: Հնարավոր չի, որ այս ամեն ինչը հենց այնպես անցնի:
Կամ Նիկոլ Փաշինյան, դու վեր ես կենում, անձամբ գնում, որպեսզի արարողության ժամանակ հոտնկայս ծափահարես այն պահը, երբ վերընտրված Էրդողանն ու Ալիեւը ողջագուրվում են: Քեզ կանգնեցնում են այնտեղ, ու դու ծափ ես տալիս Թուրքիայի հենց այն նախագահին, որը 2020 թվականի դեկտեմբերի 10-ին Բաքվի Ազատության հրապարակում ընդունել է Ադրբեջանի հաղթական շքերթը եւ ասել, որ ցեղասպանություն իրագործող թուրքերի հոգիները հիմա փառավորվում են: Դու գնացել ես Էրդողանին անձամբ շնորհավորելու ու շնորհավորական ուղերձ չես հղում քո մեղքով գերության մեջ գտնվող Արցախի ժողովրդին՝ նախագահ ընտրելու կապակցությա՞մբ: Բա Արայիկ Հարությունյանի երդման արարողությանն ինչի՞ էիր գնացել, եթե չես կարեւորում Արցախի նախագահի ինստիտուտը»,-հարցրեց Էդգար Ղազարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ