Լրահոս
Օրվա լրահոսը

«Դասագրքերի մյուս մասը բառացիորեն այս օրերին կլինեն դպրոցներում, և մինչև ամսվա վերջ խնդիրը կհարթվի»․ Ժաննա Անդրեասյանը՝ դասագրքերի խնդրի մասին

Սեպտեմբեր 11,2023 15:06

«Սեպտեմբերի 1-ը ուրբաթ օր էր։ Դրանից հետո շաբաթ, կիրակի է եղել։ Երկուշաբթի օրն իսկ դպրոց են մտել դասագրքերի մի մասը։ Մյուս մասը բառացիորեն այս օրերին կլինեն դպրոցներում, և մինչև ամսվա վերջ խնդիրը կհարթվի»,-լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Լրագրողները բազմաթիվ հարցեր տվեցին նախարարին՝ կապված այն իրավիճակի հետ, որ 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների երեխաները դպրոց հաճախեցին առանց դասագրքերի։ Ժաննա Անդրեասյանն ասաց․ «Խոսքն այն դասարանների մասին է, որտեղ նոր չափորոշիչ է ներդրվել։ Մյուս դասագրքերը, ինչպես նախապես պլանավորվել են, ժամանակին եղել են դպրոցում»։

Հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ այս իրավիճակի պատճառով երեխաները ծրագրից կարող են հետ ընկնել, Ժաննա Անդրեասյանը պատասխանեց․ «Ես չեմ կարծում, որ մենք ունենք որևէ լուրջ խնդիր, որովհետև նախ դասագրքերը հասանելի են։ Պետք է երկու տարբերակ առանձնացնենք։ Դասագրքերը էլեկտրոնային ձևաչափով հասանելի են, ուսուցիչները իրազեկված են և դպրոցները տեղեկացված։ Գրքերի մեծ մասն արդեն դպրոցներում է, մյուս մասն էլ այս ամսվա ընթացքում կհասնի։ Որևէ լուրջ խնդիր դա ամբողջ տարվա կրթական գործընթացի համար չի առաջացնելու»։

Դիտարկմանը՝ արդյոք սա նախարարության բացթողումը չէ՞, Ժաննա Անդրեասյանը պատասխանեց․ «Ոչ, սա նախարարության բացթողումը չէ։ Ես կուզեի, որ այն մարդիկ, որոնք հետաքրքրված են գործընթացով, վերցնեն նախորդ ամբողջ տարվա աշխատանքները, որ արվել է և տեսնեն, թե ինչ տրամաբանությամբ ու ինչ հաջորդականությամբ է եղել և մեզ հարցեր տային դրա արդյունքների մասին։ Նայե՞լ եք, թե ինչպես է փոխվել դասագրքերի ապահովման, ստեղծման կարգը, հարցադրում արե՞լ եք արդյոք դաշտում նոր խաղացողնե՞ր են հայտնվել, արդյունքում ինչպե՞ս է փոխվել դասագրքի գինը, արդյոք ունե՞նք այն ակնկալվող բարելավումները, որ պետք է լինեին այս գործընթացների արդյունքում։ Մենք տեսնում ենք, որ դասագրքերի տպագրության գինը շուրջ 50 տոկոս և ավելի նվազում է, որովհետև մենք դաշտը բացել ենք, ձևավորվել է մրցակցային դաշտ, հայտնվել են ամբողջությամբ նոր խաղացողներ, որոնք այնպես չէ, որ մինչև այժմ չկային։ Ես անձամբ եղել եմ բոլոր տպարաններում և խոսել այդ մարդկանց հետ, կան մարդիկ, որոնք մեր երկրի խոշորագույն տպարաններն են ներկայացնում, նախկինում որևէ ձևով չեն մասնակցել դասագրքերի տպագրությանը, քանի որ եղել է ավելի մոնոպոլիզացված, երբ յուրաքանչյուրն ուներ իր կտորը և դրանով էլ գործն անում էր։ Խորհուրդ կտամ՝ բացեք 7-րդ դասարանի աշխարհագրության դասագիրքը և կտեսնեք, օրինակ, քարտեզները, որ այդքան դժվար են ուսուցանվում, հիմա QR կոդերով, լրացուցիչ էլեկտրոնային նյութերով են ներկայացված, որոնք տեղադրված են դասագրքում, կտեսնեք, թե ինչպես է ավելի հետաքրքիր հասանելի, պարզ ու մատչելի դառնում նյութի մատուցումը»։

Ժաննա Անդրեասյանը վստահեցրեց՝ ամբողջությամբ փոխվել են ընթացակարգերը, դասագրքերի նկատմամբ պահանջները, և դա պահանջել է ժամանակ․ «Մասնակիցները բոլորն էլ իրենց մասով աշխատանք են տարել։ Ունենք հեղինակների նոր խմբեր, տարիներ շարունակ մեր բոլոր մասնակիցները բողոքում էին դասագրքերից, հիմա ձևավորվել է լավ հնարավորություն, որ դպրոցներ մտցնենք որակապես նոր դասագրքեր»։

Ժաննա Անդրեասյանը լրագրողների քննադատական հարցերին ի պատասխան հորդորեց «տառակերությամբ» չզբաղվել ու ասաց․ «Առաջին անգամ մրցույթների հայտարարումը նոր ձևաչափով, բնականաբար, առաջացրել է որոշակի հարցուպատասխանի անհրաժեշտություն։ Ակտիվ աշխատել ենք դաշտի հետ և լրացուցիչ հարցադրումներ են եղել։ Դրանով պայմանավորված՝ կարգում որոշակի փոփոխություններ են եղել։ Մի անգամ անցանք գործընթացը, տեսանք արդեն հիմնական առանձնահատկությունները, հիմա արդեն երկրորդ անգամ այն բոլոր խնդիրները, որ առաջին փուլում եղել են, չեն լինելու»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930