«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ ՆԱՄ հիմնադիր Նարեկ Հարությունյանի «Ֆոտոաուրա» լուսանկարչական ալբոմ-գրքի շնորհանդեսը և ալբոմում տեղ գտած լուսանկարների ցուցահանդեսը:
Նարեկ Հարությունյանին շնորհավորելու էին եկել իր ընկերներն ու բարեկամները, որոնցից շատերի նկարները տեղ են գտել գրքում:
Միջոցառման ընթացքում «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը կատարեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայից Սարոյի արիան (մեներգիչ՝ Արման Առաքելյան), Արա Գևորգյանի «Արցախ» և Կոստանդին Պետրոսյանի «Հայաստան» (մեներգիչ՝ Արման Առաքելյան) ստեղծագործությունները:
Անակնկալ կատարմամբ հանդես եկան Նարեկ Հարությունյանի զավակները՝ Նովա և Քնար Հարությունյանները:
Կարդացեք նաև
Խոսելով Նարեկ Հարությունյանի մասին՝ նրա եղբայրը՝ Սարո Հարությունյանը, որ հանդիսանում է գրքի հովանավորը, ասաց, որ Նարեկը «Նարեկացի» արվեստի միության բաբախող սիրտն է, խթանող ուժը: Նրա խոսքով՝ ազգապահպանության գործում յուրաքանչյուրը պետք է իր ներդրումն ունենա, Նարեկ Հարությունյանը դա անում է հայ մշակույթի պահպանմամբ և տարածմամբ:
«Ֆոտոաուրա» լուսանկարչական ալբոմ-գրքի հեղինակ Նարեկ Հարությունյանն իր խոսքը սկսեց Աստծուն փառք տալով, նա նշեց, որ գիրքն ուղղակի միջոց է հարազատներով հավաքվելու համար: Նարեկ Հարությունյանը ընդգծեց, որ սերը հայրենիքի և մշակույթի հանդեպ ժառանգել է ծնողներից, որի լավագույն դրսևորումը «Նարեկացի» արվեստի միությունն է, որն արդեն 19 տարեկան է:
Միջոցառման ավարտին բոլոր ներկաները ստացան լուսանկարչական ալբոմ-գրքի՝ իրենց օրինակը՝ հեղինակի ստորագրությամբ:
«Նարեկացի» արվեստի միություն