Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավրովն անընդհատ ուզում է մեր երկիրը տանի կործանման, իր ծրագրերը տեսե՞լ եք, որ հայանպաստ լինեն». Գագիկ Մելքոնյան

Սեպտեմբեր 11,2023 13:24

«Ես չեմ շնորհավորել, որովհետեւ հլը ժամանակը չի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՔՊ պատգամավոր Գագիկ Մելքոնյանը հարցին, թե ինչու մինչեւ հիմա չի շնորհավորել Արցախի նախագահին՝ ընտրվելու կապակցությամբ:

Հարցին՝ սահմանային լարվածության հետ կապված վարչապետ Փաշինյանը մի շարք հեռախոսազանգեր էր ունեցել բազմաթիվ երկրների հետ, բայց մեր ռազմավարական դաշնակցի՝ Պուտինի հետ չէր խոսել, ի՞նչն է պատճառը՝ նա պատասխանեց. «Պատճառն այն է, որ արդեն 2-3 անգամ մեր երկրի դեմ էսկալացիա է տեղի ունեցել, մենք դիմել ենք, ո՛չ ՀԱՊԿ-ն է արձագանքել, ո՛չ էլ մեր դաշնակից պետությունը: Ասել են՝ դրանք սահմանային կռիվներ են: Արդեն իմաստ չկար իրենց զանգելու, անիմաստ է»:

Հարցին՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասում է, որ ՀԱՊԿ-ից ուժեր տեղակայելու պայմանավորվածություն է եղել եւ վերջին պահին են հայերը հրաժարվել, նման բան եղե՞լ է՝ Գագիկ Մելքոնյանը պատասխանեց. «Լավրովը ամեն ինչ էլ ասում է: Իր ասածը չենք վերցնում հիմք ընդունենք մեր երկրի համար: Ինքը անընդհատ ուզում է մեր երկիրը տանի կործանման»: Լրագրողների արձագանքին՝ Լավրո՞վը՝ Մելքոնյանը հաստատեց. «Այո՛, Լավրովը: Իր ծրագրերը տեսե՞լ եք, որ հայանպաստ լինեն, իր բոլոր ծրագրերը»: Դիտարկմանը, որ հայանպաստ պետք է լինեն հայկական կողմի ծրագրերը, ոչ թե Ռուսաստանի՝ Գագիկ Մելքոնյանը պատասխանեց. «Ռուսաստանը միշտ մեր տեղը որոշել է, մեր տեղը մտածել է ու մեզ ասել է, թե մենք ուր պետք է գնանք, ում հետ բարեկամություն անենք»:

Հարցին՝ Արեւմուտքի ծրագրե՞րն են հայանպաստ՝ Մելքոնյանը պատասխանեց. «Մեր հույսը պետք է դնենք մեր վրա, մեր ժողովրդի վրա: Բայց նաեւ պիտի գտնենք բարեկամներ: Մինչեւ հիմա մենք մեր հույսը միշտ դրել ենք Ռուսաստանի վրա: Ռուսաստանը այնպիսի պայմաններ էր դրել, որ կա՛մ պիտի լինի Ռուսաստանը, կա՛մ էլ Թուրքիան, այսպես է դրված եղել մեր առաջ: Մենք միշտ որոշել ենք ՌԴ-ն ու նվիրվել ենք ՌԴ-ին մինչեւ վերջ, բայց վերջապես ուրիշ երկրներ էլ կան: Մենք պետք է բարեկամություն անենք նաեւ ուրիշ երկրների հետ»:

Ըստ պատգամավորի, մենք հիմա Հնդկաստանի, եվրոպական պետությունների, Իրանի, ԱՄՆ-ի հետ ենք բարեկամություն անում. «Մենք ի՞նչ ենք արել Ռուսաստանին, որ ասում ենք՝ մենք ուզում ենք բարեկամություն անենք Ֆրանսիայի հետ, Հնդկաստանի հետ, իրենք ինչի՞ են ծանր տանում: Իրենք թող իրանց երկրի մասին մտածեն, որ իրենք զորավարժություն են անում ում հետ ուզեն եւ ում հետ ուզեն՝ բարեկամություն են անում: Մենք երբեւիցե խառնվե՞լ ենք իրանց գործերին»:

Ըստ ՔՊ պատգամավորի, ՌԴ-ի ռազմավարական դաշնակիցը Ադրբեջանն է, ոչ թե Հայաստանը. «Ջերմուկում մինչեւ 7 կմ մտել են մեր տարածքը, իրենք չեն արձագանքում, ՀԱՊԿ-ի վրա ինչ հույս դնենք»,- դժգոհեց Մելքոնյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930