Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխություններով կապահովվեն լիազորող նորմեր համալիր ծրագրերի իրականացման համար

Սեպտեմբեր 11,2023 13:12

ՀՀ-ում երեխայի իրավունքները սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ, Ընտանեկան օրենսգրքով, «Երեխայի իրավունքների մասին»  օրենքով, ինչպես նաեւ միջազգայնորեն վավերացված մի շարք կոնվենցիաներով եւ պայմանագրերով. այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը սեպտեմբերի 11-ի ԱԺ նիստում:

Խորհրդարանը քննարկել է Կառավարության հեղինակած ««Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով փաստացի կապահովվեն լիազորող նորմեր համալիր ծրագրերի իրականացման համար: Ըստ Տաթևիկ Ստեփանյանի՝ Երեխայի իրավունքների մասին գործող համալիր ծրագիրն ավարտվում է, վերլուծել են նախորդիվ գործող բոլոր ռազմավարությունները: «Շուտով ԱԺ քննարկմանը կներկայացվի Ընտանեկան օրենսգիրքը եւ քննարկվող օրենքի նախագիծը՝ հիմնովին փոփոխված. այն վերանվանվելու է «Երեխայի իրավունքների պաշտպանության համակարգ»:

Այս համատեքստում ունենալու ենք համալիր ծրագրեր սահմանելու շատ կարեւոր հանձնառություն, որտեղ արտացոլված կլինեն իրավունքներին վերաբերելի բոլոր հնարավոր գործողությունները»,- մանրամասնել է հիմնական զեկուցողը՝ հավելելով. «Քննարկվող նախագծով ուժը կորցրած կճանաչվի տարեկան ծրագրերին վերաբերելի հոդվածը, եւ կսահմանվի համալիր ծրագիր, որպեսզի կարողանանք երեխայի իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները, ռազմավարական ուղղությունները, նպատակները, երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում իրավիճակի վերլուծությունը, նախնական թիրախները, վերջնական ելակետային տվյալներն ամբողջացնել մեկ փաստաթղթում»:

Հարակից զեկուցող, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը նշել է, որ Երեխաների իրավունքների պաշտպանության՝ 2023 թվականի տարեկան ծրագիրը բովանդակում է միայն բյուջետային միջոցառումներ, ինչը չի արտացոլում ոլորտում իրականացվող ոչ բյուջետային, սակայն կարեւոր միջոցառումները, որոնց մի մասը ներառված է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված 2020-2023 թվականների համալիր ծրագրում եւ ծրագրի իրականացման միջոցառումներում: Ռուստամ Բաքոյանը կարեւորել եւ ողջունել է Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտը համակարգող մեկ ընդհանուր եւ համալիր ծրագրի մշակումը:

Ներկայացնելով գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ նա առաջարկել է կողմ քվեարկել նախագծին:

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930