Արամի 60 հասցեում մեկնարկել է Եղիշե Չարենցի տուն-թանգարանի շենքի տանիքին կառուցված ձեղնահարկի ապամոնտաժումը:
Հունիսի 4-ին Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը կազմել էր արձանագրություն, շենքը սպասարկող համատիրությունն էլ դիմել էր Արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ փորձաքննությամբ տրամադրվել է եզրակացություն՝ տվյալ շինությունը կառուցված է առանց քաղաքաշինական նորմերի պահպանման ու հանրային վտանգ է պարունակում: Հաշվի առնելով եզրակացությունը՝ համատիրությունը սկսել է ապամոնտաժման գործընթացը և դիմել է համայնքին՝ աջակցության համար:
Ի դեպ, միայն օգոստոսի ընթացքում 31 կառույց է քանդվել, որոնցից 8-ը՝ բենզալցակայան (Կենտրոն, Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջաններում):
***
Կարդացեք նաև
Համայնքը ներմուծել է առաջին էլեկտրական ավտոբուսը, որը շուտով կփորձարկեն մայրաքաղաքում: Երևանի քաղաքապետարանն առաջիկայում կհայտարարի համապատասխան մրցույթ՝ 250 այդպիսի շարժակազմ ձեռք բերելու համար. «Հայգեր» մակնիշի ավտոբուսները կփոխարինվեն էլեկտրականներով:
«Ամենակարևորը՝ մենք շարունակում ենք «կանաչ» տրանսպորտ ներմուծել, որը օդի որակի բարելավման տեսանկյունից ամենակարևոր հանձնառություններից մեկն է: Մենք ճիշտ ուղու վրա ենք, Երևանում պետք է խստորեն հետևենք օդի որակին. բացի այն, որ չափորոշիչներ ենք սահմանել և պահանջներ ենք ներկայացնում մասնավորին, նաև մենք պետք է հստակ քայլեր ձեռնարկենք»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը:
***
85 տարի առաջ մայրաքաղաքում տեղադրված «Կժով աղջիկը» քանդակն ամբողջությամբ վերականգնվել է: Նախագծով բարեկարգվել է նաև հուշարձանի հարակից տարածքը:
«Պատմական այն ժառանգությունը, որն ունի Երևանը, մեր ուշադրության կարիքն է զգում: Եվ, եթե տասնամյակներով այլ քաղաքականություն է վարվել, ապա դա չի նշանակում, որ 180 աստիճանով չպետք է փոխենք հիմա: Մենք շատ զգույշ պետք է վերաբերվենք այդպիսի արձաններին, մեր հուշարձան-շենքերին: Առհասարակ Երևանի պատմական ժառանգությանը պետք է վերաբերվել որպես սրբության»,- նշել է փոխքաղաքապետը:
***
Անհրաժեշտ ենթակառուցվածքներ ստեղծելու նպատակով այս տարի պատասխանատու ընկերությունները Երևանում աննախադեպ ծավալի ներդրումային ծրագրեր են իրագործում: Կարևորելով նախագծերի կյանքի կոչումը՝ փոխքաղաքապետ Ավինյանն ընդգծել է նաև աշխատանքների ժամանակ համապատասխան շինհրապարակների ճիշտ ձևավորման ու անվտանգությունն ապահովելու կարևորությունը:
***
Երևանյան շենքերի վրա կտեղադրվեն հասցեները հուշող հատուկ ցուցանակներ: Առաջին փուլով ընտրվել է 2013-2023թթ. ընթացքում ավագանու կողմից անվանակոչված 62 փողոց: Այս պահին 131 ցուցանակի տեղադրումն ընթացքում է Գործընթացը կլինի շարունակական:
***
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 12-ին, 13-ին, 14-ին և 15-ին Թումոյի այգում կանցկացվի «Օպերա բաց երկնքի տակ» բացառիկ ծրագիրը: Հարկ է նշել, որ սեպտեմբերի 15-ին նախատեսված «Օպերա գալա» ծրագիրը 20:00-ի փոխարեն կկայան 21:00-ին՝ արտերկրից հրավիրված արտիստների՝ Երևան ժամանելու չվերթերով պայմանավորված:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն