Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով Արցախում հումանիտար իրավիճակին, ասաց, որ բացի այն, որ ցորենի հետ կապված մեծ խնդիր կա, մարդիկ առօրյա հացի խնդիր չեն կարողանում լուծել, բազմաթիվ հարցեր են առաջացել առաջին անհրաժեշտության ապրանքների, այդ թվում՝ բուժօգնության միջոցների. «Իրավիճակը կատաստրոֆայի առումով կարծես թե մոտենում է պիկին»:
Խոսելով սահմանային լարվածության մասին՝ Տիգրան Աբրահամյանն ասաց. «Դա պայմանավորված է առաջին հերթին ադրբեջանական զորքերի տեղաշարժերով, զորքերի կենտրոնացմամբ: Արցախի հատվածում դա հիմնականում Ակնայի՝ նախկին Աղդամի ուղղությամբ է, որը հարակից է Մարտունու, Ասկերանի եւ Մարտակերտի շրջաններին: Այդ ուղղությամբ անընդհատ նկատվում են համալրումներ՝ զրահատանկային, հրետանային, հրթիռային, բավականին ակտիվ գործում են ԱԹՍ-ները նաեւ առաջնագծի արդեն բոլոր ուղղություններով: Ընդհանուր ռազմաքաղաքական իրավիճակը գնահատում եմ բավականին լարված, ինչը կարող է բերել անցանկալի իրադարձությունների»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ