Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

«Բերձորի միջանցքը բացելու ծրագիրը փաստացի ձախողվել է». Տիգրան Աբրահամյանը ներկայացրեց, թե ինչ նոր պայման է դրել Ադրբեջանը

Սեպտեմբեր 11,2023 12:38

«Նախ կար ռուսական առաջարկությունների փաթեթ՝ ուղղված Արցախում հումանիտար ճգնաժամի որոշակի մեղմացմանը: Նախնական բանակցություն էր եղել դրա հետ կապված եւ երբ թվում էր, որ Ադրբեջանը եւ Արցախի իշխանությունները տվել են իրենց համաձայնությունը, բայց ավելի ուշ Ադրբեջանը հանդես եկավ հայտարարությամբ եւ ոչ միայն մերժեց ռուսական կողմի առաջարկը, այլ առաջ քաշեց այնպիսի մոտեցումներ, որոնք ընդհանուր առաջարկի բովանդակությունը եւ փիլիսոփայությունը խախտում էին: Դրա հետեւանքով հնարավոր չեղավ հումանիտար բեռները մտցնել Արցախի տարածք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսպես նկարագրեց Արցախում տեղի ունեցող բանակցությունները «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Նա նշեց, որ ռուսական կողմը փորձել է քննարկել Ադրբեջանի հետ եւ նախնական պայմանավորվածությունները ուժի մեջ պահել, բայց դա չի հաջողվել եւ Բերձորի միջանցքը բացելու ծրագիրը փաստացի ձախողվել է:

Հարցին՝ այսինքն, Ակնայի ճանապարհը բացելուց հետո 24 ժամվա ընթացքում Լաչինի միջանցքը բացելու ծրագիրը այլեւս չի՞ իրագործվելու եւ ինչպե՞ս եք տեսնում հանգուցալուծումը՝ Տիգրան Աբրահամյանը պատասխանեց. «Մինչեւ ռուսական այս վերջին առաջարկը, փաստացի Արցախից տարբեր պաշտոնյաներ, նաեւ Հայաստանից մոտեցում էին հնչեցնում՝ Աղդամով առեւտուր անել, համատեղ ձեռնարկություններ ստեղծել, ընդ որում, ասում են, որ կարող են ադրբեջանցիները նույնիսկ աշխատեցնեն, բայց արցախցիները աշխատեն, դա, բնականաբար, որեւէ ձեւ չէր կարող ընդունելի լիներ: Այս վերջին տարբերակը, որը ռուսական կողմը քննարկման է դրել, եղած տարբերակներից ամենակոմպրոմիսայինն էր, որը ենթադրում էր ոչ թե ադրբեջանական «Կարմիր մահիկի», ադրբեջանական հումանիտար բեռի տեղափոխում, այլ ռուսական Կարմիր խաչի միջոցով Ակնայի ուղղությամբ մեկ սիմվոլիկ բեռնատարի մուտք եւ դրանից հետո Լաչինի միջանցքի վերականգնում: Իհարկե, դա չէր ենթադրում երկկողմանի ազատ ելումուտի վերականգնում, ինչը մենք ունեցել ենք մինչեւ ապրիլի 23-ը, երբ ադրբեջանական անցակետ տեղակայված չէր»:

Ադրբեջանական կողմը նոր պահանջներ է ներկայացրել՝ միայն Աղդամի ճանապարհի բացում եւ ռուսական Կարմիր խաչից բացի՝ ադրբեջանական «Կարմիր մահիկի» բեռնատարների մուտք Արցախի Հանրապետության տարածք, ինչը, բնականաբար, ընդունելի չի եղել Արցախի իշխանությունների կողմից. «Թե արդյոք նոր զարգացումներ կլինե՞ն՝ այս պահին դժվարանում եմ ասել, այդուհանդերձ, Արցախի իշխանությունները պատրաստ են որոշակի հարցերի շուրջ բանակցել, բայց կան սկզբունքներ, որոնք որեւէ պարագայում չեն խախտվելու»:

Տիգրան Աբրահամյանն ընդգծեց, որ այս պահին Հայաստանի իշխանությունների կողմից դեմարշ անելը ՌԴ-ին կարող է ճակատագրական լինել եւ ծանրագույն հետեւանքներ ունենալ, որովհետեւ Թուրքիան ու Ադրբեջանը իրենց շահերն առաջ տանելու համար աշխատում են ՌԴ-ի հետ ու այս պարագայում ՌԴ-ի փոխարեն Թուրքիան է գալիս առաջին պլան:

Հայաստանից մինչ այս պահը չի եղել շնորհավորանք Արցախի նախագահի ընտրվելու կապակցությամբ: Տիգրան Աբրահամյանն այս առնչությամբ ասաց. «Այդ վախկոտությունը՝ Սամվել Շահրամանյանին չշնորհավորելու, ինքնին ամրապնդում է այն մոտեցումը, որ Արցախի հարցով Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է, իրենց իշխանությունը պատրաստ է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930