Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է զանգերից հետո ստեղծվող իրավիճակի վտանգավորությունը. Վահե Հովհաննիսյան

Սեպտեմբեր 11,2023 12:17

Վտանգավոր զանգեր

Երեկ ողջ օրը լրահոսը Նիկոլի միջազգային զանգերն էին՝ Մակրոն, Բլինքեն, Շոլց, Ռայիսի, Ղարիբաշվիլի։ Մտածող մարդիկ իրար հարցնում են՝ մեջը գոնե մի բան կա՞, թե՞…

Ամբողջ խնդիրն այն է, որ շատ ավելի լավ կլիներ, եթե զանգերը չունենային բովանդակություն, քան՝ մեջը մի բան լիներ։

Փորձեմ պարզաբանել. ՀՀ  ղեկավարը դեէսկալացիայի համար զանգում է միջնորդներին և հարևաններին։ Թվում է, թե դրանում վատ բան չկա։ Բայց զանգելիս՝ վերահաստատում է բոլոր վտանգավոր պայմանավորվածությունները (կամ՝ իր խոստումները Ալիևին) և կոչ անում՝ հանդիպում կազմակերպել վերջինիս հետ։ Ի՞նչ է պայմանավորվել կամ խոսք տվել Նիկոլը. մենք դա գիտենք իր իսկ բառերից՝ Արցախը Ադրբեջանի մաս է, Հայաստանի 8 անկլավները Ադրբեջանի մաս են։ Մնացածը դեռ չգիտենք՝ փախստականների վերադարձ և այլն։

Ըստ էության, Նիկոլն իր զանգերով արել է լրիվ հակառակն այն բանի, ինչը իրեն շաբաթներ ի վեր հորդորում էր Վ. Օսկանյանը՝ զգուշորեն փոխել բանակցային նարատիվը, զգուշորեն հետ պտտել թույլ տված սխալը՝ մանավանդ, որ Արցախի շրջափակումը տալիս էր դրա ընկալելի հնարավորությունը։

Ո՞րն է զանգերից հետո ստեղծվող իրավիճակի վտանգավորությունը. եթե միջազգային հանրությունը, ընդունելով Հայաստանի դիմումը (Նիկոլի զանգը), պարտադրում է Ալիևին հետ տանել զորքերը՝ գալ նստել բանակցային սեղանին և ընդունել Նիկոլի խոստումները՝ Արցախը Ադրբեջանի մաս է, Հայաստանի 8 անկլավները Ադրբեջանի մաս են, ապա Ալիևը ստանում է այն, ինչը ուզում է։ Մենք ստանում ենք բառիս բուն իմաստով կապիտուլացիա՝ պետության  կազմաքանդման միտումով։

Եթե միջնորդների ջանքերից հետո Ալիևը գալիս է բանակցությունների և Հայաստանը (Նիկոլը) այս կամ այն պատճառով հրաժարվում է ստորագրել խաղաղության պայմանագիրը, ապա Ալիևը ստանում է լիակատար ազատություն՝ նոր պատերազմի։ Եվ միջնորդները ոչինչ չեն անելու դա կանխելու կամ զսպելու համար։

Ինչ ստացվեց՝ Ալիևը ուժի սպառնալիքով ստանում է իր մաքսիմումը՝ «խաղաղության պայմանագրով», կամ ստանում է պատերազմի իրավունք։

Սա չափազանց վտանգավոր վիճակ է, կա մտահոգ հանրություն, չկա հակակշռումներով իշխանություն և չկա ինստիտուցիոնալ ընդդիմություն։ Կա ՄԵԿ հոգի, որը միայնակ որոշում է պատմական հարցեր, և կան անհատներ, որոնք ազդեցության լծակներ չունեն։

Ցանկացած այլ երկրում նման դեպքերում տեղի կունենար իշխանություն-ընդդիմություն հրատապ հանդիպում։ Սա պատմական ծայրահեղ կարևորության և վտանգավորության հարց է։ Ցանկացած այլ երկրում ընդդիմությունն արդեն հանդես եկած կլիներ պարզաբանումներով և ժողովրդին ուղղված կոչով։

Խելամտությունը պահանջում է, որ այսօրվա հայկական պետական և քաղաքական միտքն ուղղված լինի երկու հստակ խնդրի լուծմանը.

  • Թույլ չտալ պատերազմ
  • Թույլ չտալ հայրենազրկում

Եվ ակնհայտ է, որ այս խնդիրների լուծման համար նոր հանրային ձևաչափ է պետք, որը կվերափոխվի նոր իշխանության։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930