Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս արձանագրումները պետք է դառնան Ալիեւին եւ նրա վարչակազմին պատասխանատվության ենթարկելու իրական հնարավորություն»․ Արծվիկ Մինասյան

Սեպտեմբեր 11,2023 12:08

«Այս արձանագրության վավերացման հարցի քննարկման ժամանակ չափազանց կարեւոր է Ազգային ժողովում խմբակցությունների անունից եւս մեկ անգամ արձանագրել միջազգային հանցագործ ադրբեջանական ռեժիմի կողմից իրականացված մարդկության դեմ ուղղված հանցագործությունները»,- Ազգային ժողովի նիստում «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Նա ասաց, որ ի լուր աշխարհի պետք է եւս մեկ անգամ հայտարարենք, որ նաեւ տեսագրություններով է ֆիքսված, թե ինչպես է ադրբեջանական վայրագ ռեժիմը Հադրութի հրապարակում գնդակահարում մարդկանց, թե ինչպես են տարբեր վայրերում գնդակահարում գերեվարված անձանց, թե ինչպես է «բանակ» կոչված ադրբեջանական խուժանը թե քաղաքացիական անձանց, թե նաեւ արդեն անպաշտպան զինվորականների նկատմամբ իրականացնում մահապատիժ։

«Սրանք նաեւ արձանագրումներ են, որոնք պետք է մեզ եւ միջազգային հանրության համար հետագայում դառնան Ալիեւին եւ նրա վարչակազմին ու այդ հանցագործությունները կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու իրական հնարավորություն։ Չափազանց կարեւոր է, որ թեեւ Ադրբեջանը դեռ չի վավերացել այս արձանագրությունը եւ հավանաբար առաջիկայում չի էլ վավերացնելու, բայց մենք պետք է քայլեր ձեռնարկենք, գործողություններ իրականացնենք, որպեսզի կարողանանք ի լուր աշխարհի արձանագրել, որ մենք գործ ունենք մարդատյաց, մարդակեր եւ ոչ մի կանոնի չենթարկվող ռեժիմի հետ։ Այո, մահապատիժը վերացնելու փաստը եւ բացառիկ իրավունքն ամրագրված է նաեւ Հայաստանի Սահմանադրության մեջ, հետեւաբար այստեղ լրացուցիչ պարտավորության կարիք չկա»,- նշեց Մինասյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930