Հայաստանը կանգնած է ջրային պաշարներին առնչվող լուրջ մարտահրավերների առաջ, ինչը պայմանավորված է կլիմայի փոփոխությամբ, և ունի անհապաղ և երկարաժամկետ ռազմավարության կարիք՝ սեփական ջրային ռեսուրսները ճիշտ օգտագործելու և կայուն գյուղատնտեսություն ապահովելու նպատակով: Անհրաժեշտ է չորս բաղադրիչներից բաղկացած մոտեցում։
Հայաստանը խիստ խոցելի է կլիմայի փոփոխության նկատմամբ. 1929 և 2016 թվականների միջև ընկած ժամանակահատվածում ջերմաստիճանը բարձրացել է 1.230C-ով, ինչը գերազանցում է ջերմաստիճանի աճի համաշխարհային միջին ցուցանիշը։ 1935-ից մինչև 2016 թվականները տեղումների քանակը նվազել է գրեթե 9%-ով։
Ջրային ռեսուրսները կենսական նշանակություն ունեն երկրի համար, քանի որ մշակաբույսերի մոտ 80%-ի համար պահանջվում է ոռոգում, իսկ հիդրոէլեկտրաէներգիային բաժին է ընկնում էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության 23-25%-ը: Ապագայի կանխատեսումները հուսադրող չեն։ Նախնական գնահատականներով, մինչև 2040 թվականը գետերի հոսքերը նվազելու են ավելի քան 13%-ով, իսկ մինչև 2070 թվականը՝ 27%-ով: Կանխատեսվում է, որ երկրի ամենամեծ քաղցրահամ ջրավազան և ոռոգման ջրի կենսական աղբյուր հանդիսացող Սևանա լճի միջին տարեկան գոլորշիացումը այս հարյուրամյակի ընթացքում կավելանա 30%-ով:
Նշված ազդեցությունները բացասաբար կանդրադառնան հայաստանյան կյանքի շատ ասպեկտների, և հատկապես՝ գյուղատնտեսության վրա: Կանխատեսվել է, որ առաջիկա 100 տարիներին հողի խոնավության մակարդակը կնվազի 30%-ով. հողերի արտադրողականությունը կարող է նվազել 24%-ով։
Կարդացեք նաև
Այս միտումները վնաս կհասցնեն գյուղական բնակչության, հատկապես՝ ավելի ու ավելի սակավացող ջրային ռեսուրսներին ապավինող գյուղացիների կենսապահովման միջոցներին, ավելի մեծ ճնշում կգործադրեն ազգային պարենային անվտանգության վրա և հնարավոր է, որ կխորացնեն ջրի նկատմամբ մրցակցային պահանջարկը տարբեր ջրօգտագործողների շրջանում․ զորօրինակ՝ ջրային պաշարների օգտագործումը քաղաքների և էլեկտրաէներգիայի համար:
Գիտակցելով կլիմայի ազդեցությունների նկատմամբ սեփական խոցելիությունը՝ Հայաստանի կառավարությունը ջրային ռեսուրսների կառավարումը սահմանել է որպես առաջնահերթություն: Սակավ ջրային ռեսուրսները պետք է օգտագործել առավել արդյունավետ ձևով։ Սա նշանակում է նույն քանակության ջրով ավելի շատ բերքի աճեցում կամ, անհրաժեշտության դեպքում, ոռոգման համար ջրային պաշարների կուտակման ապահովում:
Այդ նպատակով պետք է ընդունել չորս բաղադրիչներից բաղկացած մոտեցում․
- Ապագային միտված մտածողություն՝ կլիմայի դիտանկյունից․ Կլիմայի փոփոխության ռիսկերի առավել մանրամասն գնահատումները տարածաշրջանային կամ նույնիսկ տարածքային մակարդակում կարող են վերհանել թեժ կետերը կամ այն վայրերը, որտեղ ջրի սակավության ռիսկն ամենաբարձրն է: Ռիսկահեն մոտեցումը կարող է առաջնահերթություն տալ ջրային ռեսուրսների ենթակառուցվածքներին, ինչպիսիք են՝ ամբարտակները և ոռոգման համակարգերը, արդիականացման մասով, և վերհանել ամենախոցելի համայնքները: Ավելի փոքր քանակի ջուր օգտագործելու, բայց նույն քանակությամբ բերք աճեցնելու նպատակից ելնելով՝ այս համայնքներին այլընտրանքային կենսապահովման միջոցներով, ջրի պահպանության տեխնիկայով և բարելավված տեխնոլոգիաներով աջակցելն առանցքային նշանակություն կունենա փոփոխվող կլիմայի պայմաններում գյուղական բնակչության բարեկեցության համար: Սույն վերլուծությունը, որը հիմնավորվում է ջրի մատչելիությանը և օգտագործմանը վերաբերող՝ մշտադիտարկման ավելի լավ տվյալներով, պետք է որ լավ հիմք հանդիսանա ջրային ոլորտում ներդրումների համապարփակ ռազմավարության համար։
- Ջրային պաշարների կուտակման ավելացում – Կապսի ջրամբարը՝ արագ տեմպերով հաջողության գրավական է: Կլիմայի ավելացող փոփոխականությունը կառավարելու, և գյուղատնտեսական մշակաբույսերի աճի սեզոնի որոշիչ ժամանակահատվածներում կամ էլեկտրաէներգիայի արտադրության համար չափազանց շատ կամ քիչ ջրից խուսափելու եղանակներից մեկը ջրային պաշարների կուտակումն ավելացնելն է: Երկրում կա 81 ջրամբար, որոնց բարելավման արդյունքում հնարավոր կլինի ավելացնելու ջրի կուտակումը և ուղղորդել ջրի հոսքը հոսանքն ի վար՝ ոռոգման ջրի առավել հուսալի մատակարարման ուղղությամբ: Հիանալի օրինակ է Կապսի ջրամբարի ընդլայնումը։ Հայաստանում տասնամյակներ շարունակ գիտակցվել է այս նախագծի կարևորությունը։ Վերջինիս առաջին փուլն այժմ շինարարության ընթացքում է, նախագիծը գնահատվել է 74 միլիոն եվրո: Սակայն 25-40 միլիոն եվրոյի հավելյալ ներդրումով Հայաստանը կարող է ընդլայնել այս ջրամբարը՝ այն 25 միլիոն խորհանարդ մետրից հասցնելով մինչև 60 միլիոն խորհանարդ մետրի։ Պետք է նաև նշել, որ առաջին և երկրորդ փուլերի միաժամանակյա շինարարության դեպքում կառավարությունը կտնտեսի մոտավորապես հաշվարկված 6 միլիոն եվրո, որը կծախսվի նախագծերն առանձին-առանձին իրականացնելու դեպքում․ անհրաժեշտ է երկրորդ փուլին ձեռնամուխ լինելու որոշումը կայացնել հիմա՝ այդ խնայողություններն ամրագրելու նպատակով:
- Գործող ոռոգման ենթակառուցվածքների արդիականացում. Մինչ գյուղացիների դաշտեր հասնելու պահը ջրամբարների ջրերի 70%-ի կորուստ է լինում։ Սա ավելի քան երկու անգամ գերազանցում է եվրոպական միջինը։ Այս կորուստները մեծապես պայմանավորված են խորհրդային ժամանակաշրջանից եկող հնացած ենթակառուցվածքներով: Վերջիններիս բարենորոգումը ծախսարդյունավետ մոտեցում է, որը նվազագույնի կհասցնի բնապահպանական և սոցիալական ազդեցությունները:
- Ջրային պաշարների կառավարման հզորացում. Հայաստանում ջրային տնտեսության կառավարումը իրականացվում է տարբեր պետական գերատեսչությունների միջոցով։ Ջրային կոմիտեն պատասխանատու է ջրային ենթակառուցվածքների, Շրջակա միջավայրի նախարարությունը՝ ջրային ռեսուրսների, իսկ Ֆինանսների նախարարությունը՝ նոր ներդրումների բյուջետավորման համար և այլն: Շահերի նման լայն բազմազանությունը կարող է թուլացնել որոշումների կայացման գործընթացը: Այլընտրանքային կառուցվածքը կարող է նախատեսել մեկ նախարարությանը ողջ իրավասությամբ օժտելը կամ ոռոգման համակարգերի գործարկումն ու կառավարումը օգտագործողների խմբերին փոխանցելը: Արդյունավետ ղեկավարումը կարող է ոչ միայն արագացնել ընդհանուր ռազմավարությանը, այդ թվում՝ Կապսի ջրամբարի ընդլայնմանը և վերանորոգմանը վերաբերող որոշումները, այլև արդյունավետ համակարգել ջրային ոլորտի դոնորներին:
Թեև ջրային ռեսուրսների համապարփակ ռազմավարությունը կատարյալ է, սակայն այն չպետք է ուշացնի կլիմային առնչվող հրատապ ներդրումները: Պետք է առաջնահերթություն տալ այնպիսի ողջամիտ ներդրումների, որոնցից կօգտվեն ջրօգտագործողները թե՛ այսօր, թե՛ ապագայում:
Դոն Լամբերտ,
Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն
Յասմին Սիդդիքի,
ԱԶԲ գյուղատնտեսության, պարենի, բնության և մարզերի զարգացման գծով տնօրեն
Մամուլի հաղորդագրություն