Որեւէ ներքին վտանգ, մտավախություն կա՞, որ վավերացնում եք արձանագրությունը»,- այսօր Ազգային ժողովի նիստում «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Կարեն Կարապետյանն իր խոսքում ներկայացրեց, որ արձանագրությունը ստորագրված է Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր 46 պետությունների կողմից, սակայն ուժի մեջ է մտել դրանցից 44-ի համար։ Հայաստանն արձանագրությունը ստորագրել է դեռեւս 2006 թվականին, սակայն մինչ այժմ չի վավերացրել այն։
«Ըստ էության արձանագրությունն ամրագրում է, որ մահապատիժը վերացվում է, եւ ոչ ոք չի կարող դատապարտվել ու ենթարկվել մահապատժի։ Իսկ արձանագրության դրույթների նկատմամբ որեւէ վերապահում Կոնվենցիայի 57-րդ հոդվածի իմաստով թույլատրելի չէ։ Արձանագրության վավերացումը համահունչ է Հայաստանի՝ որպես մահապատիժն ամբողջական վերացրած պետության դիրքորոշմանը, ավելին, մահապատիժն արդեն իսկ արգելված է սահմանադրական նորմերով եւ դրա սահմանափակումներով։ Թիվ 13 արձանագրության վավերացումը համահունչ է նաեւ Հայաստանի Հանրապետության արդեն իսկ ստանձնած միջազգային պարտավորությունների ենթատեքստում»,- ասաց Կարեն Կարապետյանը։
Ագնեսա Խամոյանը հարցրեց․ «Արձանագրության վավերացումը որեւէ հավելյալ այլ հանգամանքով պայմանավորվա՞ծ է»։ Կարեն Կարապետյանն ասաց, որ այն լրացուցիչ պարտավորություններ չի առաջացնելու, այն արդեն իսկ սահմանադրական նորմ է Հայաստանում։ «Եվ սա մեր շարունակական միջազգային պարտավորությունների կատարման հաջորդ եւ վերջնական քայլն է»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Ագնեսա Խամոյանը շարունակեց․ «Նկատի ունեմ՝ որեւէ ներքին վտանգ, մտավախություն կա՞, որ Սահմանադրության այդ մասով կարող է փոփոխություն տեղի ունենալ, բայց արձանագրության վավերացումը բոլոր դեպքերում ամրագրելու է մահապատժի վերացումը։ Նման անհանգստություններ կա՞ն, թե՞ ոչ»։
«Վերլուծություններ ու անհանգստություններ չկան, քանի որ այն լիապես արդեն արգելված է մեր սահմանադրական կառուցակարգերով։ Ուղղակի հավելյալ, միջազգային մակարդակով դրա հաստատման քայլ է»,- արձագանքեց փոխնախարարը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ