Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք նոր մարդիկ ենք, մեր ընտրվելուց Երևանը կշահի. Նատալյա Ռոտենբերգ

Սեպտեմբեր 11,2023 11:27

«Մենք նկատել ենք, որ մեր պաստառները պատառոտվում, պոկվում ու հանվում են, դեռ չենք կարող ասել՝ դրանք մրցակիցնե՞ր են հանում, ընդդիմությունը, թե այն մարդիկ, որոնք հոգնել են եւ չեն ուզում գնալ ընտրությունների։ Ինչպես ասում են՝ բռնված չես, գող չես: Հավանաբար նման ագրեսիվ վերաբերմունքի պատճառն այն է, որ ընտրողները ավելի քիչ տեղեկացված լինեն»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ուժը հայրենյաց» կուսակցության համահիմնադիր Նատալյա Ռոտենբերգ-Արզաքանցյանը:

Նա նշեց, որ քաղաքացիների հետ շփումների ընթացքում եկել են այն եզրակացության, որ հանրությունը հոգնել է ընտրություններից, կորցրել է հավատը. «Մի մասը վախեցած է, հավանաբար վախեցնում կամ պարտադրում են ընտրել այս կամ այն թեկնածուին, մի մասն ընդհանրապես չի գնալու ընտրությունների, ոմանք էլ դեռ կողմնորոշված չեն, իրենց թեկնածուի փնտրտուքի մեջ են: Հետեւաբար, ամենակարեւոր խնդիրն է՝ սթափեցնել մարդկանց, հնարավորություն տալ կողմնորոշվելու, որպեսզի անպայման մասնակցեն ընտրություններին»:

Aravot.am-ի հարցին՝ ինչու պետք է ընտրողը հենց «Ուժը հայրենյաց» կուսակցության ձայն տա, Նատալյա Ռոտենբերգն այսպես արձագանքեց. «Նախ մենք նոր մարդիկ ենք, երբեք չենք եղել քաղաքականության մեջ, թեեւ մեծ փորձ ունենք աշխատելու մարդկանց, ընտանիքների եւ երեխաների հետ՝ սպորտի, բարեգործական, սոցիալական ծրագրերի միջոցով: Մեր թիմը բաղկացած է մարդկանցից, որոնք մշակույթի, արվեստի, իրավական, առողջապահական եւ կրթական ոլորտների ներկայացուցիչներ են, այսինքն՝ տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են, որոնք օգտակար կլինեն Երեւանին, որոնք առաջարկելու բան ունեն: Մենք գալիս ենք նոր էներգիայով, նոր ոգով, նոր ծրագրերով՝ հանուն Հայաստանի, հանուն ժողովրդի, թոշակառուների եւ երեխաների, հանուն Երեւանի զարգացման; Մեզ համար շատ կարեւոր է, որ մեր ձայնը լսելի լինի, մարդիկ հավատան մեզ: Մենք գործի մարդիկ ենք, պատրաստ ենք շատ բաներ փոխելու, մենք հայրենասերներ ենք, չենք վախենում պատասխանատվությունից, սիրում ենք ճշմարտությունը, հակված ենք արդյունքներ գրանցելու: Մի խոսքով՝ մենք շատ պլյուսներ ունենք եւ Երեւանը մեր ընտրվելուց կշահի»:

Քաղաքականության մեջ կանանց դերակատարության վերաբերյալ հարցի վերաբերյալ էլ մեր զրուցակիցն այսպես պատասխանեց. «Այն, ինչ կարող են նկատել կանայք, տղամարդիկ ուղղակի կանցնեն դրա կողքով: Կանայք կարգուկանոն են հաստատում, նրանք նախ եւ առաջ յուրաքանչյուր ընտանիքի հեղինակավոր օղակն են, կինը պատասխանատու է երեխաների առողջության, կրթության ծնողների ու ամուսնու հանդեպ հոգատարության համար:

Կինը պատասխանատու է ընտանիքի բյուջեի համար: Ելնելով ընտանիքում ունեցած դերակատարությունից եւ փորձից՝ կանայք այսպես թե այնպես առնչվում են տարբեր կառույցների հետ՝ կրթության ոլորտ, առողջապահական, սոցիալական: Կինը հաստատ գիտի , թե ինչ կարող է փոխել առողջապահության, կրթության ոլորտներում, ինչ կարող է առաջարկել մշակույթի, արվեստի եւ սպորտի զարգացման համար, որովհետեւ կնոջ համար կարեւոր է, որ իր երեխաները զարգանան բոլոր ուղղություններով: Կինը կարգուկանոն է, պաշտպանություն»:

Մեր հարցին ի պատասխան՝ ում են համարում իրենց գլխավոր մրցակիցը, Նատալյա Ռոտենբերգն ասաց. «Բոլոր թեկնածուներն իրենց գլխավոր մրցակից են համարում իշխող ուժի ներկայացուցիչին, քանի որ պետական,վարչական բոլոր լծակները նրանք կիրառում են պետական ծառայողների վրա ազդելու համար, որոնք ստիպված են ձայն տալ իշխող ուժի ներկայացուցիչին: Իրենք ունեն անսահման շատ ֆինանսական ռեսուրսներ, կարող են գովազդներ պատվիրել ցանկացած լրատվամիջոցում, հարցազրույցներ տալ հեռուստատեսություններին, կարող են իրենց գովազդային պաստառները փակցնել ամենաերեւացող տեղերում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հ․ Գ․ «Առավոտի» թղթակիցը երեկ ականատես դարձավ, թե Երեւանի կենտրոնում ինչպես էին քարոզարշավ անում Տիգրան Արզաքանցյանն ու Նատալյա Ռոտենբերգը։ Նրանք փողոցներով սլանում էին սպիտակ «Բենթլիով», եւ պրն Արզաքանցյանը վարելու ընթացքում բարձրախոսով ինչ որ բաներ էր ասում իրենց մասնակցության մասին, եւ որ ոչինչ չեն խոստանում՝ գործով են ապացուցելու։ Իսկ տիկին Նատալյան բացականչում էր՝ голосуй за номер 5, мы идем вопрос решать: Խոսքի ընդմիջումներին պարզորոշ լսվում էին նրանց ուղեկցող դրոշներով զարդարված «Ջիփից» ձայնագրված «համար 5, համար 5» վանկարկումները։ Ուշագրավ էին նաեւ սպիտակ Բենթլիի համարանիշում ներառված տառերը «NR», ինչից կարելի է ենթադրել, որ մեքենան պատկանում էր Նատալյա Ռոտենբերգին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930