Ազգային ժողովի նիստում քննարկվեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանն ասաց, որ հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերելի տարեկան ծրագրի դրույթն ուժը կորցրած է ճանաչվում, քանի հաշմանդամության ոլորտում կա մեկ համալիր միասնական ծրագիր, որն այս տարի հաստատվել է։ «2024 թվականի հունվարի մեկից Հայաստանում այլեւս բժշկասոցիալական փորձաքննություն չի իրականանալու, եւ մարդուն գնահատելու են անձի ֆունկցիոնալության գնահատման տեսանկյունից՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան»,- ասաց նա։
ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը նշեց, որ դեղապահովման ծրագրում եւս փոփոխություն է լինելու։ «Գործող օրենքով առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք ստանում են դեղերի 100 տոկոս փոխհատուցում, այսինքն՝ դեղերն ամբողջությամբ ստանում են պետության կողմից։ Իսկ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք 50 տոկոս փոխհատուցմամբ են ստանում դեղորայքը, այսինքն՝ մյուս 50 տոկոսը վճարում է երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձը։ Փոփոխությամբ նախատեսվում է, որ թեթեւ ֆունկցիոնալության խանգարում ունեցող անձինք, այսինքն՝ երրորդ կարգի հաշմանդամություն ունեցողները եւս 100 տոկոսով կստանան դեղերի փոխհատուցում։ Վստահ եմ՝ տեղյակ եք, որ երրորդ խմբի հաշմանդամների թիվը ընդհանուր հաշմանդամություն ունեցող անձանց թվի մեջ մոտ 60 տոկոս է կազմում, սա բավական մեծ թիվ է։ Եվ առողջապահական համակարգի համար սա չափազանց կարեւոր փոփոխություն է»,- ասաց Նարեկ Զեյնալյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ