Լրահոս
Օրվա լրահոսը

«Բազմամյա փորձառությամբ հանդերձ բարդ որոշում եմ կայացրել մտնել քաղաքականություն»

Սեպտեմբեր 11,2023 13:00

Զրուցակիցս «Ուժը հայրենյաց» կուսակցության կողմից Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրված, իրավաբանական գիտությունների թեկնածու, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Նելլի Հարությունյանն է:

– Տիկին Հարությունյան, ձեզ հետ հարցազրույց եմ արել այն ժամանակ, երբ դուք ՄԻԵԴ դատավորի թեկնածու էիք, լինելով ՀՀ գլխավոր դատախազության միջազգային իրավական կապերի բաժնի պատասխանատու: Քչերը գիտեն ձեր անցած ճանապարհի մասին, ներկայացրեք:

– Գերազանցությամբ ավարտելով Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, մոտ երեք տասնամյակ աշխատել եմ իրավապահ մարմիններում, մասնավորապես՝ 1994-1997թթ. ՀՀ Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյում, 1997-2015թթ. ստեղծել եւ ղեկավարել եմ ՀՀ գլխավոր դատախազության միջազգային իրավական կապերի բաժինը, 2015 -2019թթ. ՀՀ քննչական կոմիտեում աշխատել եմ Հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ։ 2019-2022թթ. ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի իրավաբանական վարչության պետն եմ եղել։ Հիմա աշխատում եմ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ում, որպես իրավախորհրդատու։

Երկու անգամ առաջադրվել եմ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի թեկնածու։ Բազմամյա փորձառությամբ հանդերձ բարդ որոշում եմ կայացրել մտնել քաղաքականություն, այն է՝ մասնակցել Երեւան քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների 2023 թվականի սեպտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններին՝ համաձայնելով գլխավորել «Ուժը հայրենյաց» կուսակցության ցուցակը։

– Արդեն քայլն արված է, հետագա ինչ մտահղացումներ ունեք:

– Մղումս մեկն է. հարուստ փորձը, տեսական գիտելիքները եւ միջազգային մակարդակով տասնամյակների ընթացքում ձեւավորված գործնական կապերը ծառայեցնել մայրաքաղաքի, ինչու չէ նաեւ մեր պետության առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։ Մարդու իրավունքների վերաբերյալ բազմաթիվ դասընթացներից, որոնց պարբերաբար մասնակցել եմ օտարերկրյա ճանաչված ուսումնական հաստատություններում, հատկապես Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած գոյաբանական հիմնախնդիրների առկայության պարագայում, կցանկանայի առանձնացնել Ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված եւ պատերազմական հանցագործությունների քննության վերաբերյալ դասընթացների շարքը, որոնց մասնակցել եմ Նիդեռլանդներում, Ֆինլանդիայում, Կանադայում եւ Սինգապուրում։ Կարծում եմ՝ այդ միջազգային որակավորումները կարող են միանշանակ ծառայել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության շահերը միջազգային դատական ատյաններում պատշաճ եւ ամբողջական ներկայացնելու համար։ Կարծում եմ մեր երկրի համար ծանրագույն ժամանակահատվածում չստանձնել պատասխանատվություն, չմասնակցել ուժերին ներածի չափով հիմնախնդիրների լուծմանը, համահավասար է դավաճանության եւ հանցավոր անգործության։ Սա էլ հայրենասիրության ե՛ւ իմ ընկալումը, ե՛ւ դրսեւորումն է։

– Ընտրողերի հետ հանդիպումից հանդիպում իրավիճակներ են փոխվում, բնականաբար, հարցադրումներն էլ փոխվում են, մանավանդ այս ժամանակահատվածում, երբ քաղաքական անորոշությունը հանգեցրել է Արցախի վիճակի վատթարացմանը:

– Այո, բարձրաձայնվում են տեսակետներ, որ տեղական ինքնակառավարման ընտրությունների անցկացումը Հայաստանի եւ Արցախի համար բարդագույն այս ժամանակահատվածում նպատակահարմար չէ, այդուհանդերձ, կառավարությունը արդեն իսկ կայացրել է նմանատիպ որոշում, ինչն օրինական հիմք է տալիս մասնակցել ընտրությունների գործընթացին եւ իրականացնել օրենքով նախատեսված նախընտրական քարոզարշավ։ Մենք կիսում ենք այն տեսակետը, համաձայն որի, պետական մարմիններն անկախ գոյաբանական խնդիրներից, պետք է ձեւավորվեն օրինական ճանապարհով եւ գործեն անխափան։ Ընտրական գործընթացներն ունեն իրավական կողմ, որը անվերապահորեն պետք է պահեն ինչպես իրավասու պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք, այնպես էլ ընտրություններին մասնակցող կուսակցությունները, թեկնածուները։ Կա նաեւ հարցի բարոյական կողմը, այս օրհասական վիճակում, այո, մենք պետք է պահենք մեր մարտական ոգին, չնայած մենք դեմ ենք քարոզարշավը ճաշկերույթների եւ համերգների վերածելուն, ցուցաբերելով ազգային համերաշխություն եւ բոլոր միջոցներով զորավիգ լինելով մեր քույրերին եւ եղբայրերին հումանիստական ծրագրերին անմիջական մասնակցությամբ, ինչպես նաեւ նպաստելով երկրի պաշտպանունակության բարձրացմանը։ Սա ամենեւին էլ չի նշանակում անտեսել այն աղաղակող խախտումները, որոնք զանգվածաբար տեղի են ունենում մինչեւ քարոզարշավը եւ քարոզարշավի ընթացքում։

– Նկատի ունեք վարչական ռեսուրսների ակնհայտ «ցուցադրո՞ւմը»:

– Նախընտրական քարոզարշավը եւ ընտրություններով պայմանավորված քաղաքական գործընթացները Երեւանում մեկնարկել են ավելի վաղ։ Դրանցից որոշներն ուղեկցվել են վարչական ռեսուրսի չարաշահմամբ, ինչի արդյունքում հանրային տեսանելիության առումով թեկնածուները հայտնվել են անհավասար պայմաններում։ Քարոզարշավի ընթացքում մենք առաջնորդվում ենք առողջ քննադատության եւ մասնագիտական քննարկումների մշակույթով, ինչը ոչ միշտ է փոխադարձ, օգտագործվող բառամթերքը, անհիմն հայտարարությունները էլ ավելի են անկայունացնում նախընտրական մթնոլորտը, էլ ավելի են սասանում առանց այդ էլ առկա վստահության պակասը ընտրական գործընթացների, արդար ընտրությունների միջոցով դրանց արդյունքը որոշելու նկատմամբ։

– Երեւանի մասին բաժակաճառերից բացի, ուրիշ բաներ չեն լսում ընտրողները:

Ի վերջո, ինչ եք ծրագրում, ինչպես ձեր նախընտրական քարոզաթերթիկում եք վերնագրել՝ «Երեւանցու կամքով՝ հանուն Երեւանի», նկատի ունեմ այն կուսակցությունը, որը ներկայացնելու եք, գլխավորում եք:

– Լինելով երեւանցի, քաջատեղյալ լինելով իմ քաղաքի հիմնախնդիրներին, մեր նախընտրական ծրագրում նախանշվել են քաղաքի զարգացման հիմնական ուղղությունները, զարգացած քաղաքների փորձի հիման վրա սահմանվում է Երեւան քաղաքի զարգացման հիմնական նպատակները, որոնց համալիր իրականացմամբ Երեւան քաղաքի վարչական շրջաններում առաջիկա հինգ եւ հետագա տարիներին նախադրյալներ եւ հիմքեր կստեղծվեն հարմարավետ քաղաքային միջավայր եւ քաղաքային բարձրորակ կյանք ապահովելու համար։ Քարոզչական ծրագրի հիմքում քաղաքի կայուն եւ համաչափ զարգացման սկզբունքն է՝ բնակչին միտված մարդակենտրոնությամբ եւ մասնակցային կառավարմամբ, նրա կենսական շահերի ապահովմամբ եւ բարեկեցիկ կյանքի համար պայմանների ստեղծմամբ։ Առաջարկելով հիմնախնդիրների լուծման ուղիները, մենք դիտարկում ենք Երեւանը հարմարավետ մայրաքաղաք, կառավարելի եւ անվտանգ մայրաքաղաք, կայուն եւ դիմակայուն մայրաքաղաք, կանաչավետ եւ մաքուր մայրաքաղաք, խելացի մայրաքաղաք, գործարար մայրաքաղաք, մշակութային եւ ստեղծարար մայրաքաղաք։

Մենք նախատեսում ենք հիմնախնդիրները դասակարգել, օրենսդրական բացերը վերհանել, հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով, որոնք կսահմանափակեն քաղաքապետարանի պաշտոնատար անձանց լայն հայեցողության սահմանները, նվազեցնելով եւ բացառելով կոռուպցիոն ռիսկերը։ Առաջնահերթ մշակել Երեւան քաղաքի զարգացման քաղաքաշինական նոր ռազմավարություն, անհրաժեշտ փոփոխություններ կատարել քաղաքի գլխավոր հատակագծում, վարչական շրջանների քաղաքաշինական գոտիավորմամբ եւ համապատասխան ծրագրերի մշակմամբ պայմանավորված՝ նոր գլխավոր հատակագծի մշակում եւ հաստատում, այդ թվում՝ էլեկտրոնային:

– Ընտրողնեըը, իմանալով, որ իրավաբան եք, ո՞ր հարցերն են ամենաշատը տալիս:

– Քաղաքապետարանում դիմումներին չեն արձագանքում, կան, որ հարցերը ձգվում են մինչեւ երկուսուկես տարի, մի քաղաքացու հետ եմ խոսում, 8 տարի է՝ հարցին լուծում չի տրվում:

– «Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Ջի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը սեպտեմբերի 7-ի ասուլիսում ներկայացրեց առաջիկա ավագանու ընտրությունների վերաբերյալ հարցման արդյունքները, որն իրականացվել է սեպտեմբերի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում: Հարցման արդյունքով պարզվել է, որ երեւանցիներին ավելի շատ հետաքրքրում են չորս քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային առաջընթաց», «Ապրելու երկիր» կուսակցությունների եւ «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրերը: Հետեւո՞ւմ եք հարցումներին, վերջին սոցհարցումներից գո՞հ եք:

– Հույս ունեմ, որ արդար եւ ազնիվ ընտրությունների դեպքում ընտրվելու հնարավորությունները մեծ են, մարդիկ կարիք ունեն բանիմաց, հայրենասեր, անձնվեր, անկաշառ, սկզբունքային պաշտոնյաների, սա ձայները փոշիացնելու օրենսդրական եղանակ է, նայած ով եւ ինչ նպատակով է արել հարցումը, նաեւ կարեւոր է՝ երբ է արվել, որովհետեւ ես զգում եմ, որ իմ հեղինակությունն աճում է, կա նաեւ մի ընտրազանգված, որը չի խոստովանի, բայց կընտրի ինձ:

Հարցազրույցը՝

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
10.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930