Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երեւանը դեռ այսքան ջազային չի՞ եղել

Սեպտեմբեր 11,2023 12:30

Անցյալ դարի 20-ական թվականներից, երբ 19-րդ դ. վերջերին աֆրիկյան ու եվրոպական երաժշտական ոճերի սինթեզի արդյունքում առաջացած ջազային երաժշտությունը հասել էր Հայաստան եւ մեր երաժիշտների ու խմբերի շնորհիվ սկսել տարածվել, արդեն պարզ էր, որ հայերս դառնալու ենք ջազ սիրող ազգ։ Ասվածի վկայությունն են այն ժամանակներում, այսօր էլ գործող բազմաթիվ խմբերն ու տաղանդավոր  ջազմենները, որոնք վերջին տասնամյակներում ցանկալի են նաեւ արտերկրում։ Օրինակ՝ այս օրերին Լիբանանի ջազ ասոցիացիայի հրավերով Նյու Յորքի ջազմենների հետ ելույթ է ունենում նաեւ Վահագն Հայրապետյանը։ Ի դեպ, երբ հանրությանը հայտնի դարձավ, որ ջազմենը Երեւանի ավագանու անդամի թեկնածու է, կարծիքներ լսեցինք, թե դա կխանգարի նրա կարիերային։ Այդ առիթով ջազմենը մեզ հավաստիացրեց. «Ես ազատ մարդ եմ եւ շրջագայող երաժիշտ, իսկ ընտրվելու դեպքում առաջին հերթին աշխատելու եմ, որպեսզի  Երեւանի փողոցներում հնչող երաժշտությունը գտնվի քաղաքապետարանի ուշադրության ներքո ու հսկողության տակ»։

Փարատելով ոմանց անհանգստությունը, թե ջազմենին այլեւս հաճախ չենք տեսնի բեմում, ասենք, որ «Արամ Խաչատրյան» համերգասրահում հոկտեմբերի 5-ին կհնչի ջազային երաժշտություն՝ ոլորտի լեգենդների մասնակցությամբ. Լեւոն Մալխասյան, Դանիիլ Կրամեր (ՌԴ) եւ Վահագն Հայրապետյան։ Մեզ հետ զրույցում այս նախագծի ղեկավար Լուսինե Խաչատրյանը տեղեկացրեց, որ կայանալիք երեկոյի գաղափարի հեղինակը Շմավոն Գրիգորյանն է, որը երաժշտասերներին հայտնի է իր բազում աշխատանքներով, այդ թվում՝ օպերային արվեստը մարզերում, Արցախում, սահմանամերձ գոտիներում, «Օրկեստր+», «Համերգ ճեմասրահում», «Հեքիաթն է կանչում», օպերային արվեստը կրթօջախներում եւ այլն։ Բարձրաձայնեց նաեւ համակարգողների անունները՝ Հռիփսիմե Բաղդասարյան, Անի Մելքոնյան եւ Լիա Հարությունյան։

Անդրադառնալով կայանալիք երեկոյին, մեր զրուցակիցը հարկ համարեց երկու բառով ներկայացնել անվանի երաժիշտներին. «Լեգենդ Լեւոն Մալխասյանը Երեւանի առաջին ջազ եռյակի հիմնադիրն է, բեմ է բարձրացել աշխարհի ավելի քան 40 երկրում։ Նյու Յորքի միջազգային ջազային ասոցիացիայի որոշմամբ ստացել է պաշտոնական սերտիֆիկատ՝ Երեւանում ջազային փառատոնը բարձր մակարդակով անցկացնելու համար։ Վահագն Հայրապետյանը «Կատուներ» ավանգարդ ջազ-ռոք խմբի ղեկավարն է եւ հայկական ջազի այն կերպարը, ով տասնամյակներ շարունակ բարձր մակարդակով է ներկայացնում ջազն աշխարհում։ Դանիիլ Կրամերը բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է։ Ասում են, թե նույնիսկ այս երաժշտի բնավորությունն է բաղկացած ջազային իմպրովիզներից եւ հենց նա է աշխարհում տարածում ռուսաստանյան ջազը։ Երեկոյին մասնակից մյուս երաժիշտը թավջութակահար, «Մալխաս» ջազ խմբի կոնտրաբասահար Նիկողայոս Վարդանյանն է, ով համագործակցել է հանրահայտ այնպիսի ջազմենների հետ, ինչպիսիք են  Միշել Լեգրանը, Չիկ Կորեան, Իգոր Բուտմանը, Դանիիլ Կրամերը, Արմեն Դոնելյանը, Արտո Թունջբոյաջյանը, Տաթեւիկ Հովհաննիսյանը եւ մյուսները։ Թմբկահար Արման Մնացականյանն էլ ցանկալի երաժիշտ է հայաստանյան տարբեր ջազ խմբերում։ Նա 25 տարեկանում հաջող կարիերա է կառուցել եւ հասցրել է ելույթ ունենալ մեր եւ արտասահմանցի աստղերի հետ»։

Զրույցի ընթացքում Լուսինեն, խոսելով այս նախագծի մասին, քանիցս ժպտալով շեշտեց՝ «Երեւանը դեռ այսքան ջազային չի եղել», նաեւ տեղեկացրեց, որ կայանալիք ջազ երեկոն ընդգրկված է «Արամ Խաչատրյան» համերգասրահում սեպտեմբերի 15-ից մեկնարկող Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից 15-րդ անգամ անցկացվող Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնի ծրագրում։

Մենք էլ փաստենք, որ արդեն տասնամյակներ շարունակ Երեւանում նշվում է ջազի միջազգային օրը, կայանում են միջազգային փառատոներ, հանրահայտ ջազմեններ են այցելում մեր երկիր, որոնց հետ համատեղ համերգներ են ունենում մեր ջազմենները եւ այլն։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930