«Առավոտի» զրուցակիցն է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը։
– Պարոն Նահապետյան, վերջին օրերին տեղեկատվական դաշտը ողողված է տեղեկություններով, թե Բաքուն նոր պատերազմ է նախապատրաստում Հայաստանի ու Արցախի դեմ։ Ի՞նչ են ցույց տալիս այս գործընթացները։
– Դժվար է միանշանակ ու վերջնական գնահատականներ տալ, որովհետեւ գործընթացի բավական հրապարակայնության պայմաններում ամեն ինչ ոչ այնքան հրապարակային է։ Այսինքն՝ մասնավորապես պետք է հասկանալ՝ սեղանին դրված ինչ դրվագ է քննարկվում, եւ ինչի՞ համար է պետք այդ ռազմական, պլյուս դիվանագիտական օպերացիան։ Ըստ այդմ՝ ես ոչ կարող եմ միանշանակ պնդել, որ օրերի հարց է պատերազմ սկսելը, ոչ էլ կարող եմ ասել, որ սա շոու է, ընդամենը ճնշում են գործադրում։ Բայց մի բանի վերաբերյալ միանշանակ գնահատական կարելի է տալ, դա այն է, որ սա հաստատ խաղաղության դարաշրջանի նախապատրաստություն չէ։ Ինձ համար դատողությունների գլխավոր ելակետն այն է, որ մենք ունենք մի կառավարություն, որն ասում է, որ իրականացնում է մի ռազմավարություն, որը պետք է բերի x արդյունքի, բայց իր վարած քաղաքականությունը բերում է y հետեւանքի, ոչ թե արդյունքի, որը բացարձակ կապ չունի կառավարության հռչակած ռազմավարության ու նպատակի հետ։ Այսինքն՝ մարդն ասում է՝ եթե մենք այս ճանապարհով գնանք, հասնելու ենք «խաղաղության դարաշրջանի», բայց փաստացի մենք ունենում ենք հայկական շահերի, իրավունքների զիջումներ, հայկական տարածքների կրճատումներ, ավելի մեծ անորոշություններ, նվաստացած հանրություն, անելանելի իրավիճակ։
– Ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը՝ կանխելու համար Հայաստանի ու Արցախի դեմ հերթական ագրեսիան։ Մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանն է կոչ անում քայլեր ձեռնարկել։ Կառավարության վերջին նիստում նա ասաց. «Միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրները պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն մեր տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար»։
Կարդացեք նաև
– Հայաստանն այս պահին ունի մի կառավարություն, որը հռչակել է հետեւյալ դիրքորոշումը՝ ով մտածում է, որ Հայաստանը պետք է շարունակի գնալ տարածաշրջանում դիմակայությունների ճանապարհով, այդ մարդիկ Հայաստանի չգոյության ճանապարհով են գնում։ Սա նշանակում է, որ մեր պլանը հստակ է՝ մեր ապրելու բանաձեւը հանձնվելն է։ Սա է ասում Հայաստանի կառավարությունը։ Բայց ես կարծում եմ, որ ցանկացած լուծում առնվազն սկսվում է դրա ճիշտ հակառակ մտածելակերպն ունենալուց։ Այսինքն՝ մեր ճանապարհը պայքարն է, առանց պայքարի չկա հաղթանակ, չկա անվտանգություն, առանց պայքարի չկա արժանապատվություն։ Այսինքն՝ արդեն այս ելակետից սկսած սխալ է Հայաստանի կողմից վարվող քաղաքականությունը։
Երկրորդ ամենակարեւոր քայլը, որը Հայաստանը պետք է անի, հետեւյալն է։ Քաղաքականությունը դա հայտարարությունների մասին չէ, որ մենք գնացինք այսինչ երկիր, այսինչ հռչակագրի քննարկման ժամանակ փաստեր ներկայացրեցինք, որ Ադրբեջանը միջազգային հանցագործություն է թույլ տալիս։ Քաղաքականությունը բնավ դա չէ, դա հասարակական կազմակերպության անելիքն է, իսկ քաղաքական գործիչների պարտավորությունն է ստեղծել քաղաքական իրողություններ, որոնք անտեսելն անհնար է։
Այդպիսի մի քաղաքական գործիչ Ադրբեջանում այդ ամենն անում է։ Նախ «բնապահպան-ակտիվիստ» անվամբ հատուկ ծառայության աշխատակիցներ է կանգնեցնում միջանցքում։ Դու չես կարող դա անտեսել, կարող ես հայտարարություններ անել, կարող ես խփել կամ չխփել, հարմարվել կամ չհարմարվել, քրեական գործ հարուցել կամ չհարուցել, բայց դու դա անտեսել չես կարող, որովհետեւ դա իրողություն է։ Հետո, երբ մոտ 6 ամիս պիկետներ ես անում ՄԱԿ-ում ու միջազգային այլ պլատֆորմներում ասում ես՝ նրանք սրիկա են, ուխտադրույժ են, ինքն ասում է՝ լավ, հասկացա, «բնապահպան-ակտիվիստներին» հանում է, տեղը նոր իրողություն է դնում՝ անցակետ։ Հետո դու անցակետի դեմ ես բողոքում, մի 6 ամիս բողոքում ես, ինքն ասում է՝ ո՞վ է ասել, որ շրջափակում կա, Աղդամով այլընտրանք կա։ Սա քաղաքական իրողություններ ստեղծելու դասական մեխանիզմն է, որն այդ մարդիկ անում են։ Եվ քաղաքականությունը դա է, քաղաքականությունը ոչ հայտարարություններ են, ոչ էլ կիսախելագարի կանխավարկածով ամեն փոքր առիթով պատերազմ հայտարարելը։ Քաղաքականությունն այն է, երբ դու միշտ կարողանում ես ստեղծել վիճակներ, որոնք ուրիշներին ստիպում են գործել կամ գործելուց ձեռնպահ մնալ։
Եվ երրորդ, Հայաստանը պետք է սկսի հետեւանքեր ստեղծել այն սուբյեկտների համար, որոնք իր շահերին վերաբերող հարցերը քննարկում են առանց իրեն, կայացնում են որոշումներ կամ կայացրած որոշումներն ու պայմանավորվածությունները կյանքի չեն կոչում։ Մեկը, ով շատ-շատ է վախենում ցանկացած քայլ անելուց, իմ այս հայտարարության վերաբերյալ կարող է ասել՝ դու ի նկատի ունես, որ մենք Ադրբեջանին պետք է պատերա՞զմ հայտարարենք։ Բայց եթե նույնիսկ չգնանք այս հարցի քննարկման ճանապարհով, տարրական օրինակներ եմ բերում։ Արդեն մի քանի անգամ հայտարարել են, որ Շառլ Միշելի հետ բանակցում ենք, ինքը մեզ «գցում է»։ Հիմա դա հետեւանք ունի՞ Շառլ Միշելի համար, թե՞ ոչ։ Երբ Լավրովը հանդիպումից հետո կանգնում ու հայտարարում է, թե հայկական կողմը համաձայնել է երաշխիքներ տալ Հայաստան վերադառնալու պատրաստակամություն հայտնող ադրբեջանիցների իրավունքների ու անվտանգության համար, բայց մեր արտգործնախարարը հայտարարում է՝ սուտ են ասում, ես այդպիսի հարց նույնիսկ չեմ քննարկել, դա հետեւանք ունենո՞ւմ է Լավրովի համար։ Եթե դու հանձնվելը հայտարարել ես ռազմավարություն, հայտարարություններ տարածելը՝ միակ քաղաքական գործիք, հրաժարվում ես ստեղծել քաղաքական իրողություններ, եւ առանց քեզ պայմանավորվելը որեւէ մեկի համար նույնիսկ անձնական հետեւանքներ չի ունենում, ապա քեզ հետ խոսելու բան չկա։ Մի փայլուն քաղաքական գործիչ՝ Օտտո ֆոն Բիսմարկը, որը միավորել է տրոհված ու պարտված Գերմանիան, ասում էր. «Մեր ողորմելիության ամբողջ պատճառն այն է, որ մենք չափազանց անշահախնդիր բարեկամներ ենք եւ չափազանց անվնաս թշնամի»։ Դա Հայաստանի մասին է։
– Ակնայի ճանապարհի շուրջ տեղի ունեցող զարգացումներն ինչպե՞ս եք գնահատում։ Արցախցիները փակել են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը՝ թույլ չտալով, որ Ադրբեջանն իրագործի իր ծրագիրը։ Ի՞նչ լուծում եք տեսնում։
– Ես լուրջ եմ վերաբերվում այն սուբյեկտին, որը պատրաստ է իր իրավունքների համար կրել զրկանքներ։ Եվ ես կարծում եմ, որ եթե որեւէ սուբյեկտ իր կենսական իրավունքները պաշտպանելու համար պատրաստ չէ զրկանքներ կրել, ինքը չի ունենալու իրավունքներ։ Այս առումով ես լուրջ եմ վերաբերվում Արցախում կատարվող այն գործընթացներին, երբ մարդիկ իրավունքների համար զրկանքներ կրելու պատրաստակամություն են հայտնում։ Դա հարգանքի արժանի է եւ լուրջ մոտեցում է պետություն ունենալու երեւույթին։ Իրենք կշարունակեն դա անել, թե ոչ, ես բարոյական իրավունք չունեմ այդ հարցով իրենց ուղղություն տալու։ Ես ասում եմ, որ այն, ինչ հիմա անում են, դրան լուրջ եմ վերաբերվում ու ամեն ինչ անելու եմ, որ իրենց զրկանքները քիչ լինեն, իրավունքները շատ լինեն եւ որ լուծումները շուտ գան։
Ադրբեջանի նպատակը շատ պարզ է՝ ուզում են Արցախն ինտեգրել Ադրբեջանին։ Հայաստանի իշխանությունը հետեւողականորեն հրաժարվում է Ղարաբաղի հարցով խոսելու, մասնակցելու բոլոր հնարավորություններից։ Եթե Հայաստանում կփոխվի քաղաքական կուրս, այս իրավիճակը կարող է փոխվել, եթե ոչ, Ադրբեջանը՝ որպես հետեւողական ու քաղաքական գիտակցություն ունեցող պետություն, առնվազն շարունակելու է առաջ գնալ իր օրակարգով։ Ադրբեջանին չի կարող վախեցնել այն, որ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունն ինչ-որ տեղեր հայտարարություններ ու պիկետներ է անում՝ հասարակական կազմակերպությունների ակտիվիստների նման։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.09.2023