Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Թարվերդյան․ «Հորդորում եմ իշխանություններին հենց վաղը կասեցնել այս քարոզարշավը եւ փորձել համախմբել ազգին, քաղաքական, հասարակական բոլոր ուժերին՝ պատերազմ սկսվելուն պատրաստվելու համար»

Սեպտեմբեր 10,2023 23:59

«Միացյալ Հայաստան» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Երվանդ Թարվերդյանը ավագանու ընտրություններից առաջ քարոզարշավի հերթական օրը լրատվամիջոցների հետ զրույցում ասաց, որ իր դիտարկմամբ երեւանցիները ընտրությունների նկատմամբ բավականին անտարբեր են։

«Այսօր քաղաքացիներին մեկ այլ կարեւոր հարց ավելի շատ է հուզում։ Մասնավորապես, կանխատեսվող պատերազմը։ Վերլուծելով իրավիճակը՝ անձամբ ես հորդորում եմ իշխանություններին հենց վաղը կասեցնել այս քարոզարշավը եւ փորձել համախմբել ազգին, քաղաքական, հասարակական բոլոր ուժերին պատերազմ սկսվելուն պատրաստվելու գործընթաց սկսելու համար։ Մեր երկրի ղեկավարը զանգահարում է Ամերիկա, Ֆրանսիա, Իրան, տարբեր երկրներ, սակայն երկրի ներսում ոչինչ չի իրականացնում։ Նա իր ամբողջ թիմով պատրաստվում է վերարտադրվել։ Այս փուլում անգամ պետության համար վտանգ կա, լինել-չլինելու հարց կա։ Իսկ իշխանությունները միայն վերարտադրվելու մասին են մտածում։ Ու մյուս ուժերը ստիպված քաղաքակիրթ եղանակով իշխանափոխության նպատակով իրականացնում են այս նույն ընտրարշավը։

Մեր օրենսդրությունը սահմանել է, որ անգամ մեկ քաղաքական ուժ մասնակցի ընտրություններին, ընտրությունները համարվելու են կայացած եւ կոնկրետ մեր քաղաքական ուժը մասնակցում է նաեւ ընտրարշավին։ Սակայն այս պահին ոչ միայն Երեւանի, Հայաստանի, այլեւ հայ ազգի համար գերխնդիր է՝ պատրաստվել կանխատեսվող պատերազմին։ Իմ գնահատականներով 7-ից 10 օր հետո շատ հնարավոր է՝ ռազմական գործողություններ սկսվեն։ Ռազմական տեխնիկա եւ մեծ զորախմբեր մոտեցված են մեր եւ Արցախի սահմանին։ Եվ դաշտային շտաբներ տեղակայելու համար հենց այդքան՝ 5-10 օր ժամանակ է անհրաժեշտ։ Իսկ այստեղ հանգիստ, անգամ ժողովրդի հոգեբանական վիճակը չեն ցանկանում բարձրացնել, որովհետեւ ընտրություններում պետք է հաղթել եւ սահմանել քաղաքական մոնոպոլիա։ Ճիշտն ասած, իշխանությունների այս գործելաոճը հասկանալի չէ ինձ։ Այսինքն, պետության անվտանգությունն ավելի ցածր դասել, քան իշխանության վերարտադրությունը, դա ճիշտ չէ»,-ասաց քաղաքական ուժի առաջնորդը։

Նրա կարծիքով, 2018 թվականին մեր քաղաքացին հերթական անգամ փորձեց հավատալ, որ հնարավոր է, որ ինչ-որ փոփոխություններ լինեն։ Այս հինգ տարիներին մեր քաղաքացիների հիմնական մասը նորից իրեն խաբված է զգում։ Նորից խոստումներ, նորից պատճառաբանություններ։ Եվ ամենակարեւորը, որ իշխանությունն ասում է՝ մենք մեղավոր ենք, բայց եկեք դրանով սահմանափակվենք։ Իշխանությունը փոխել է գործելաոճը։ 2018-2020 թվականներին նրանք մեղադրում էին նախկիններին։ Հիմա էլ չեն կարողանում նախկիններին մեղադրել, որովհետեւ իրենք արդեն նախկին են։ Հիմա իրենք իրենց են մեղադրում։ Քաղաքացիների շատ մեծ մասի համար կարեւոր է, որ մեղադրանք լինի ինչ-որ մեկին։ Եվ այսպես գնում է վերարտադրման գործընթացը։

Ես ավելի քան համոզված եմ, որ քաղաքացիների շատ փոքր մասնակցություն է լինելու ընտրություններին։ Իմ գնահատականով՝ 30-35 տոկոս։ Անտարբեր են, խորը ապատիա կա։ Շատ դժվար է քաղաքացուն համոզել ոչ թե ընտրեն, այլ գոնե ընտրության գնան։ Քաղաքացիներն  ամբողջությամբ հավատը կորցրել են։ Մեր բոլոր ղեկավարներն արել են վատագույնը։ Նրանք վերացրել են ժողովրդի հավատը քաղաքականության եւ քաղաքական ուժերի նկատմամբ»,-եզրափակեց Երվանդ Թարվերդյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930