Լրահոս
Օրվա լրահոսը

Էնթոնի Բլինքեն․ Կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ և միաժամանակ բացել երկու միջանցքները

Սեպտեմբեր 10,2023 23:17

«Ամերիկայի ձայն» – ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել պետքարտուղար Էնթոնի Բլինքենի անունից: Հայտարարության մեջ Միացյալ Նահանգները մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակի կապակցությամբ, ընդգծել երկխոսության անհրաժեշտությունն ու «անընդունելի» որակել տարաձայնությունները լուծելու համար ուժի կիրառումը: Բլինքենը կարևորել է Երևանի ու Բաքվի միջև խաղաղ գործընթացն ու խրախուսել երկխոսությունը Բաքվի և Լեռնային Ղարաբաղի բնակչության միջև:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում արագորեն վատթարացող հումանիտար իրավիճակով։ Մենք նկատում ենք, որ մարդասիրական բեռները տեղակայված են ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի ճանապարհների մոտ, և կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ և միաժամանակ բացել երկու միջանցքները՝ թույլ տալով ծայրաստիճան անհրաժեշտ մարդասիրական մատակարարումները Լեռնային Ղարաբաղում բնակվող տղամարդկանց, կանանց և երեխաներին։ Մենք նաև հորդորում ենք առաջնորդներին՝ չձեռնարկել որևէ գործողություն, որը մեծացնում է լարվածությունը կամ շեղում գործընթացն այս նպատակից: Խնդիրները լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է:

Հարավային Կովկասում լարվածության վերջին աճի լույսի ներքո, Միացյալ Նահանգները կշարունակի խստորեն աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ լուծելու չկարգավորված խնդիրներն ուղիղ երկխոսության միջոցով՝ նպատակ ունենալով հասնել արժանապատիվ և կայուն խաղաղության: Մենք կրկնում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղ համաձայնագիր պետք է պաշտպանի Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը։ Մենք նաև խրախուսում ենք երկխոսությունը Բաքվի և Լեռնային Ղարաբաղի բնակչության միջև։

Միացյալ Նահանգները նաև վերահաստատում է, որ առաջընթացի միակ ճանապարհն է խաղաղությունը, երկխոսությունը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը՝ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի հիման վրա»,- ասված է Բլինքենի հայտարարության տեքստում:

Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը, X հարթակում տարածելով վերոհիշյալ հայտարարությունը, կատարել է գրառում, ուր մասնավորապես նշված է.

«Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին շարունակել համատեղ աշխատանքը՝ լուծելու առկա խնդիրներն ուղիղ երկխոսության միջոցով։ Լաչինի միջանցքը պետք է անհապաղ վերաբացվի՝ դեպի Լեռնային Ղարաբաղ լրացուցիչ երթուղիների հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930