Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր երկրում «հանձնվե՞լ, թե՞ պայքարել» բանավեճը պետք է արագորեն փոխակերպվի պայքարի ձևերի քննարկման օրակարգի․ Իշխան Սաղաթելյան

Սեպտեմբեր 10,2023 22:45

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը

Հանձնվողը չի կարող օրակարգ թելադրել։

Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար մեր ժողովրդին այսօր առաջարկվում է երկու ճանապարհ:
Առաջինը գործող իշխանության զիջումների ճանապարհն է։

Զիջել մի մասը՝ մնացածը պահելու համար: Բավարարել թշնամու պահանջները՝ զիջել մինչև ինչ-որ կետ, կնքել պայմանագիր և դրանով երաշխավորել անվտանգություն կամ բացել, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջանը»։ Սա իշխանության ձևակերպված առաջարկն է մեր ժողովրդին, որն ամեն օր քարոզվում է պետական ռեսուրսներով, իշխող ուժի քարոզիչների շուրթերով։

Միջանկյալ հիշեցնենք երկու աբսուրդ:

Առաջին. իշխանությունն ինքն է ամենաբարձր մակարդակով խոստովանում, որ չի կարող մատնանշել, թե որտեղ է վերոնշյալ «զիջման կետը» թե՛ աշխարհագրական, թե՛ ժամանակային իմաստով: Ավելի պարզ՝ իշխանությունը չգիտի, թե մինչև որտեղ և որքան է հայ ժողովուրդը զիջելու, որպես «խաղաղության դարաշրջանի» նախապայման:

Երկրորդ. կրկին իշխանության խոստովանությամբ՝ որևէ երաշխիք չկա, որ այդ զիջումներից հետո կնքված ինչ-որ պայմանագիր կերաշխավորի մատնանշված «խաղաղության դարաշրջանը»:

Այսպիսով՝ մեզ առաջարկում են խաղաղությունը դարձնել նպատակ, առանց անվտանգության երաշխիքի։
Ցավոք, զիջելու և խաղաղության հասնելու իշխանության բանաձևը հասարակության ինչ-որ հատվածի մոտ ընկալում ունի, քանի որ իշխանությունները քարոզում են այլ ելք չկա: Մարդիկ մտածում են` եթե ինչ-որ բան փոխել չենք կարող, գոնե խուսափենք նոր մարդկային կորուստներից։

Բայց փաստն այն է, որ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի մատուցած խաղաղության օրակարգը բազմիցս ձախողվել է: Արդյունքը՝ կորցրած երեք տարի է, օր օրի ավելի մոտեցող պատերազմ:

Դատեք ինքներդ։ Հանուն կեղծ խաղաղության դարաշրջանի, անզորության քարոզով ՝ 2020 թ․ նոյեմբերի 9-ից հետո թշնամուն զիջեցին Քարվաճառը, թշնամին չկանգնեց և Քարվաճառից հարձակվեց Վարդենիսի ու Ջերմուկի վրա։ «Բանավոր ըմբռնումներ» գործարքի արդյունքում նոյեմբերի 9-ից հետո հանձնվեցին Սյունիքի անառիկ դիրքերը, և թշնամին ՝ գրավեց Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն ճանապարհները, օրը ցերեկով կրակելով՝ վերահսկում է Կապանի օդակայանը: Զիջեցին Բերձորի շրջանը (Լաչին)՝ թշնամին հասավ Տեղ գյուղ, ի վերջո՝ հայտարարեցին Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին, թշնամին փակեց Հայաստանը Արցախին կապող «Լաչինի միջանցքը»՝ արդեն 9 ամիս պատանդ պահելով արցախահայությանը։

Այժմ Ադրբեջանն ուղիղ միջամտում է ՀՀ ներքին գործերին, խոչընդոտում մեր երկրի տարածքում հանքերի շահագործումը, կրակում կառուցվող գործարանի վրա։

Ադրբեջանի գործողությունները ցույց են տալիս, որ չկա կարմիր գիծ, որտեղ Ալիևը կանգ է առնելու։Ակնհայտ է, որ Արցախը Թուրքիայի և Ադրբեջանի համար ընդամենը պլացդարմ է Հայաստանի վրա հարձակման, հայոց պետականության կործանման ու հայ ժողովրդի իսպառ բնաջնջման համար։

Հետևաբար, օրվա իշխանության առաջարկը սնանկ է, սպառված և կործանարար։

Կա երկրորդ ճանապարհը, որն առաջարկում են ազգային-պետականամետ ուժերը. հրաժարվել նոր զիջումներից, կենտրոնանալ երկրի անվտանգության ապահովման, պաշտպանունակության բարձրացման վրա, ինչն էլ թշնամուն զսպելու ամենարդյունավետ միջոցն է։ Այսինքն` ոչ թե հանձնվել, այլ համախմբել հայ ժողովրդի ուժերը, պայքարել, երբեք չգնալ այնպիսի կեսական զիջումների, որոնք անդառնալի կլինեն մեր հետագա գոյության, անվտանգության և զարգացման համար։

Հանձնվելու կողմնակիցները մեզ հակադարձում են, որ դա հնարավոր չէ, մենք թույլ ենք, ռեսուրս չունենք, պայքարի ճանապարհը արկածախնդրություն է, դա կբերի նոր պատերազմի և կկորցնենք ամեն ինչ: Սա ևս սնանկ թեզ է, դրա արդյունքը այսօրվա վիճակն է:
Իրականում մենք լայնածավալ պատերազմից կարող ենք խուսափել մի դեպքում միայն, եթե Ադրբեջանը հասկանա, որ նոր պատերազմի ժամանակ մեծ գին է վճարելու: Հետևաբար՝ պատերազմը և կորուստները կանխելու միակ ճանապարհը դրան պատրաստ լինելն է։

Իսկ ի՞նչ է անում իշխանության ղեկին հայտնված խմբակը. պետական ողջ քարոզչամեքենայով ժողովրդի մեջ սերմանում է վախ, հուսահատություն, պառակտում: Կարճ ասած՝ այն, ինչ պետք է անի թշնամի պետությունը մարտից առաջ հակառակորդ երկրում։
Մեր երկրում այլևս չպետք է լինի բանավեճ՝ հանձնվե՞լ, թե՞ պայքարել: Պետք է խոսել միայն պայքարին նպաստելու մասին։ Մենք պետք է խոսենք այն հայրենակիցների հետ, ովքեր հանձնվելու կողմնակից են (իշխանության մասին չի խոսքը, այլ մոլորված քաղաքացիների): Մենք պետք է փրկենք առաջին հերթին իրենց: Այդ մարդկանց մի մասի մոտ խաղաղ ապրելու ձգտումն է, մյուս մասի մոտ՝ ցածր գիտակցության ու իշխանական քարոզչական վիշապի երախում հայտնվելու արդյունքը:

Մեր այն քաղաքացիներին, ովքեր ասում են՝ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, մենք բիզնեսմեն ենք, մտավորական կամ սպորտսմեն, պետք է հիշեցնել փաստերով, որ Արևմտյան Հայաստանում մենք ունեինք ավելի մեծ կարողություններով մեծահարուստ հայեր: Նրանց ունեցվածքը իրենց ժառանգները չկարողացան վայելել, մնաց թուրքին, իսկ մտավորականներին գլխատեցին:

Իմ խորին համոզմամբ՝ մենք ունենք փրկության մեկ ճանապարհ, դա համազգային կոնսենսուսն ու համախմբումն է պայքարի օրակարգի (չհանձնվելու գաղափարի) շուրջ՝ ի պաշտպանություն մեր ինքնության, մեր հայրենիքի, պետականության։

Հայ ժողովուրդը պետք է մերժի օրվա իշխանության հանձնվելու քաղաքականությունը և որոշի, որ տեր է իր հայրենիքին, պատրաստ է պայքարել։ Սա չի նշանակում, որ յուրաքանչյուր հայ պետք է զենք վերցնի, գնա սահման. ամեն մեկը իր տեղում, իր կարողություններով պետք է նպաստի հայրենիքի պաշտպանությանը՝ ուսուցչից մինչև գործարար, շինարարից մինչև գիտնական, մտավորականից մինչև ուսանող: Ամեն մեկը և բոլորն իրենց տեղում իրենց լուման պետք է դնեն այս գործին։

Մենք և՛ երկրի ներսում, և՛ արտաքին ճակատում ունենք չօգտագործված հնարավորություններ, որոնք էլ հենց ստեղծված իրավիճակի մեջ բեկում մտցնելու գրավականն են։

44-օրյա պատերազմի ժամանակ ընդամենը 3 շաբաթվա ընթացքում շուրջ 200 միլիոն դոլար գումար հավաքվեց, 100-ավոր տոննա բեռներ եկան Հայաստան, առաջին 20 օրվա ընթացքում մարդիկ հերթ էին կանգնում սահման մեկնելու համար, աշխարհի 30-ից ավելի մայրաքաղաքներում Արցախի դրոշներով բազմահազարանոց ցույցեր էին տեղի ունենում, իսկ հիմա` դատարկություն, հիասթափություն:

Ինչո՞ւ, որովհետև պայքար չկա, հանձնվելու շուրջ համախմբում չի լինում, համախմբվում են հանունի, պայքարի, հաղթանակի շուրջ։

Սա միայն մեկ, փոքր օրինակ է այն բանի, թե ինչի է ընդունակ մեկ գաղափարի շուրջ միավորված և կազմակերպված ազգը։ Այլ հարց, որ այդ ամբողջ ռեսուրսը գործող իշխանությունը մսխեց կամ օգտոգործեց սեփական նպատակների համար։ Սակայն այս օրինակով մենք տեսնում ենք հայկական աշխարհում առկա, սակայն չօգտագործված, ավելին՝ իշխանության կողմից դիտավորությամբ ոչնչացվող ներուժը։
Երբ խոսում ենք չհանձնվելու և պայքարը շարունակելու տրամաբանության մասին, մենք պետք է գիտակցենք, որ աշխատանք ունենք իրականացնելու 3 հիմնական ուղղությամբ.

1. Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնամբ կենսական զիջումներ ենթադրող որևէ փաստաթղթի ստորագրումը և վավերացումը բացառող համազգային դիմադրության ճակատի ձևավորում,

2. արտաքին թշնամու դեմ պաշտպանության կազմակերպման նպատակով երկրի պաշտպանունակության բարձրացում,

3. ձևավորել կենսական զիջումները բացառող քաղաքականության սպասարկմանն ուղղված արտաքին քաղաքական զորակցության ճակատ:

Բայց նախևառաջ, կրկնում եմ, պետք է համազգային կոնսենսուս հանձնվելու օրակարգի մերժման շուրջ։
Մեր երկրում «հանձնվե՞լ, թե՞ պայքարել» բանավեճը պետք է արագորեն փոխակերպվի պայքարի ձևերի քննարկման օրակարգի։

Հետևաբար՝ ինքնությունը պահպանելու, պետություն ունենալու գիտակցությունը մեզ ստիպում է օր առաջ մերժել այս իշխանություններին և նրանց հանձնվելու օրակարգը, ձևավորել նոր ու ազգային իշխանություն, որը կհամախմբի մեր ժողովրդին, կվերականգնի պետության պաշտպանունակության և անվտանգության համակարգը, սթափ իրատեսական քայլեր կձեռնարկի՝ բերելով արժանապատիվ խաղաղություն:

Այս ողջ ընթացքի որոշիչ գործոնը լինելու է հայ ժողովուրդը։ Հայաստանի, Արցախի, աշխարհասփյուռ հայության ճակատագիրը որոշվելու է Հայաստանի փողոցներում և հրապարակներում, որտեղ մեր խնդիրները լուծելու համար ազգային ուժերին անհրաժեշտ է հայ մարդկանց անվերապահ աջակցությունը։ Հայաստանի փողոցներում և հրապարակներում պետք է ձևավորվի իշխանությունների համար անհաղթահարելի Դիմադրությունը, որը նոր իրավիճակ և հնարավորություններ կբացի մեր խնդիրների լուծման համար։

Հայաստանի ազգային ուժերի ամենակարևոր ռեսուրսը հայ մարդն է, որն իր վճռականությամբ և տոկունությամբ ունակ է բեկելու պետականակործան այս ընթացքը։

Սա հեշտ ճանապարհ չէ։ Այս ճանապարհը լի է խութերով, սակայն եթե մենք ցանկանում ենք ունենալ հայկական պետականություն, պետք է անցնենք այս ճանապարհով: Վստահ եմ ՝ անցնելու ենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Stella says:

    Իշխանիկի հետ ոչ մի պայքար, ոչ մի տեղ քո հետ չի գա ժողովուրդը որտեղ երևաս այնտեղից գնալու են, հասկացիր վերջապես, դու հստակ ստախոս ես

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930