Երեւանի ավագանու ընտրությունների «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակի 3-րդ համար Նուարդ Վարդանյանը եւ երիտասարդական թիմը այսօր ժամը 18։00-ին մշակութային գործիչներին եւ երիտասարդներին հրավիրել էին Կարապի լճի տարածք՝ քննարկելու նրանց հուզող խնդիրները, լսելու առաջարկները, որին հաջորդելու էր ՔՊ կուսակցության ավագանու թեկնածու Վահագն Հայրապետյանի համերգը։
Aravot.am-ը նշված ժամին այնտեղ էր՝ ինքն էլ լսելու մշակույթի գործիչներին, սակայն քննարկում որպես այդպիսին չեղավ, որովհետեւ վերջինները չէին եկել համերգից առաջ։ Միայն Վահագն Հայրապետյանը լրատվամիջոցներից մեկին հարցազրույց տվեց։ Այդուհանդերձ, զրուցեցինք Նուարդ Վարդանյանի հետ։
Կարդացեք նաև
-Ի՞նչն է ձեզ կապում ՔՊ-ի հետ։
-Երեւի գաղափարները, արժեհամակարգը, քաղաքական մոտեցումները։ Քաղպայմանագրի առաջին գրավականն ինձ համար նա է, որ քաղպայմանագիրը դեմոկրատ երկրի, այսպես ասած, ռելսերն է դրել՝ ազատ ընտրությունների, այսինքն, 2018-ից այս կողմ մարդը հասկացել է, որ իր ձայնը կարեւոր է եւ իր ձայնը ճակատագրական է իր հետագա կյանքի, իր ապագայի համար։
-Բայց տեսակետ կա, որ 2021 թվականի ընտրություններն ընթացել են խախտումներով։ Մասնավորապես, որ վարչապետը հրաժարական տալուց հետո շարունակել է պաշտոնավարել եւ ընտրությունների ընթացքում օգտագործել է իր ձեռքի տակ եղած լծակները։
-Այդ խոսակցությունները կարող են անվերջ լինել։ Բայց գոյություն ունեն միջազգային դիտորդներ, որոնք գնահատական են տալիս։
-Որպես ավագանու թեկնածու` Արցախի հետ կապված ՔՊ-ի դիրքորոշման հետ համաձա՞յն եք։
-Եթե ես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ եմ եւ հպարտությամբ եմ դրա մասին խոսում, նշանակում է, որ կիսում եմ «Քաղաքացիական պայմանագրի», Ազգային ժողովի, վարչապետի եւ կառավարության մոտեցումները բոլոր հարցերի հետ կապված։
-Այսինքն, որ Արցախն Ադրբեջա՞ն է։
-Ես կարծում եմ, որ դուք որպես լրագրող քաջատեղյակ եք եւ հստակ տեսել եք վարչապետի ելույթները։ Ոչ ոք գաղտնի չի պահում։ Ե՛վ վարչապետը, ե՛ւ Ազգային ժողովը բազմիցս խոսել են դրա մասին։ Եվ ես՝ որպես քաղաքային իշխանության անդամ, չեմ ուզում ինքս մեկնաբանեմ դա։ Ես հստակ ասում եմ, որ կիսում եմ այն ծրագիրը, գաղափարը, որը կրում է իմ կուսակցությունը։
-Երեւանն ու Ստեփանակերտը քույր քաղաքներ են։ Եթե ավագանու ընտրություններում հաղթեք, Երեւանի կառավարումը ստանձնելու դեպքում Ստեփանակերտի հետ համագործակցությունը շարունակելու նոր ծրագրեր ունե՞ք նշած ձեր նախընտրական ծրագրում։
-Ոչ թե եթե, այլ մենք ենք հաղթելու։ Անկեղծ ասած, ես նախկինում հողօգտագործման եւ քաղաքաշինության հանձնաժողովի նախագահն եմ եղել։ Նոր ընտրություններից հետո խմբակցության եւ ավագանու ներսում կտեսնենք, թե ինչով կզբաղվեմ։ Իսկ ինչ վերաբերվում է նրան, թե արդյոք պատրաստ եմ բոլոր քույր քաղաքների, ինչպես նաեւ Ստեփանակերտի հետ համագործակցել, իհարկե, պատրաստ եմ, եթե դա իմ աշխատանքին առնչվում է։ Բայց մեր քաղաքական ուժի ծրագրում մենք առանձին կետով չենք ներկայացրել, թե որ քաղաքների հետ ենք համագործակցելու։ Ասեմ միայն, որ պատերազմից հետո էլ համագործակցությունը շարունակվել եւ շարունակվելու է։
Նուարդ Վարդանյանը ծանոթ չէր երեկվանից համացանցում լայնորեն տարածված այն տեսանյութին, որտեղ Երեւանի հանրակրթական դպրոցների եւ մանկապարտեզների աշխատակիցները ասում էին, որ ամբողջ կոլեկտիվներով են մասնակցում քարոզարշավի ընթացքում Տիգրան Ավինյանի հանրահավաքներին, սակայն համոզմունք հայտնեց, որ շտաբն անպայման պատասխան տվել է դրան։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ