Քաղաքապետի ընտրություններ են։ Եվ կրկին, ինչպես միշտ, ներկայացվող հնարավորի և անհնարինի հավաստիացումների, իրական և երևակայական խոստումների պակաս չկա։
Շուտով կավարտվի քարոզարշավը, սակայն, բացի ավագանու թեկնածու Ամալյա Սարգսյանից, որևէ այլ թեկնածուի ծրագրում կամ ելույթներում ես չհանդիպեցի Երևանի բազում խնդիրներից թերևս ամենահրատապ լուծում պահանջող՝ ԲԱԶՄԱՀԱՐԿ ՇԵՆՔԵՐԻ ՆԿՈՒՂՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԱՊԱՍՏԱՐԱՆՆԵՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ առաջնահերթությանը:
Վերահաս, հավանական պատերազմին ընդառաջ, երբ թշնամին գրեթե Երևանի փեշերին է, երբ երևանցիների «քթի տակ» ամեն օր կրակոցներ, պայթյուններ են՝ թեկնածուները շարունակում են ավանդական դարձած (կանաչ գոտի, ասֆալտ, խաղահրապարակ, մանկապարտեզ և այլն) շոյանքներով լցնել քաղաքացիների լսողությունն ու սպասելիքները…
Իսկ ապաստարանների թեման չի շոշափվում։ Եվ սա այն դեպքում, երբ Երևանի, հատկապես կենտրոնի գրեթե բոլոր նկուղներն ու դրանցից փողոց բացվող մայթերը վաճառված են զոռբաներին՝ Երևանի թաղապետ, քաղաքապետերի իսկ ձեռքով, ովքեր յուրացնելով և օտարելով քաղաքին պատկանող պետական և հանրային ողջ ունեցվածքը, այսօր վայելում են «ներկաների» պարգևած «թավշյա» ազատությունը։
Իսկ նկուղները փակ են։ Կան դեպքեր, երբ 5-6 հարկանի չորս մուտք ունեցող շենքի նկուղային ողջ հսկա տարածքը «սեփականության իրավունքով» տնօրինում է մեկ կամ երկու մարդ։ Որպես կանոն՝ զավթած նկուղները տարատեսակ բիզնես նպատակներով օգտագործելու համար «սեփականատերերը» կամայականորեն ձևափոխությունների են ենթարկում դրանք՝ շատ հաճախ քանդելով շենքի հիմնային, կրող պատերը։ Իսկ նկուղներում առանց արտոնագրի գործող ռեստորան, բար, խաղատուն, գիշերային ակումբները ոչ միայն անհանգստություն, անախորժություն են պատճառում (հատկապես գիշերները) բնակիչներին, այլև, երբեմն, համբերությունը հատած բակիչների և անբարտավան հաճախորդների միջև ծագած վիճաբանությունը ավարտվում է ծանր հետևանքներով։
Այնինչ նկուղները համայնքապատկան տարածք են, նրանք պատկանում են շենքի բոլոր բնակիչներին, հետևաբար նկուղի մուտքը պետք է բաց լինի, իսկ եթե ապահովության համար այն փակում են, ապա բանալին պետք է ունենան բոլոր բնակիչները։
Հարգելի երևանցիներ և Հայաստանի բոլոր քաղաքների բնակիչներ, տեր կանգնենք մեր իրավունքներին: Պահանջենք քաղաքային իշխանություններից՝ օր առաջ ազատել նկուղները դրանք ապօրինաբար բռնազավթողներից և դարձնել ապաստարաններ՝ անհրաժեշտ վերակառուցմամբ ու կահավորմամբ։ Պատերազմի վերսկսման դեպքում, որի վտանգը, ցավոք, չի անցնելու այնքան ժամանակ, ինչքան ունենք թուրք-ազերի «հարևաններ», նկուղ-ապաստարանները ոչ միայն կյանքեր փրկելու երաշխիք են, այլ նաև խուճապի չմատնվելու, հոգեկան հավասարակշռությունը չկորցնելու գրավական են։
…Բոլորիս հիշողության մեջ թարմ է Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Աբովյան քաղաք հասած թշնամու անօդաչու թռչող սարքը, որի չեզոքացմանը զուգահեռ՝ ապաստարաններ էին փնտրում մարդկանց տեղավորելու համար։