«Այսօր մենք տեսնում ենք, որ Արցախում իրավիճակը գնալով վատթարանում է։ Ստեփանակերտը Երևանի քույր քաղաքն է։ Իմ առաջին քայլով զանգելու եմ Ստեփանակերտ, տեսնելու եմ՝ ինչպես են։ Խոսելու եմ Ստեփանակերտի հետ՝ որպես Երևանի քույր քաղաք»,- Aravot.am-ի հարցին՝ եթե ընտրվեք քաղաքապետ, Ձեր առաջին քայլը ո՞րն է լինելու, այսպես պատասխանեց Երևանի քաղաքապետի «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Մանե Թանդիլյանը։
Ըստ Մանե Թանդիլյանի՝ անթույլատրելի է գործածել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը՝ որպես այլընտրանք Բերձորի միջանցքին։
Այդ առումով իր կարծիքը միանշանակ է․ դրանում փոփոխություն չկա․ «Մենք պետք է լինենք Արցախի ժողովրդի որոշման կողքին։ Մենք պիտի լսենք նրանց։ Եթե որոշ մարդկանց համար Կարմիր մահիկը Կարմիր խաչից չի տարբերվում, մեզ համար տարբերվում է։ Մենք պիտի լսենք արցախցուն։ Ես նկատում էի երեկվա ցնծությունը ֆեյսբուքահայության, որ փորձում էին լարվածություն մտցնել։ Լրիվ այլ պատկեր է, առաջարկը եղել է այն, որ Կարմիր խաչի միջոցով մեկանգամյա գործողություն պիտի լիներ՝ բեռների գալը և բացելը Բերձորի միջանցքը։ Բայց Ադրբեջանն անգամ դա չի արել այն առումով, որ սրանով միջազգային հանրությանը ցույց են տվել, թե ինչ է կատարվում Արցախում, որ Բաքուն անհուսալի է, ոչ մի կերպ չի կատարելու իր տված որևէ խոստում։ Սա ցույց տվեց նաև Արցախի ժողովուրդը՝ իր տոկունությամբ կանգնելով այնտեղ, ասելով, որ որևէ ադրբեջանական բեռ չի մտնելու Ակնայի ճանապարհով։ Նրանք ուղղակի հերոսներ են և նրանց գործողությունների ու որոշման կողքին պետք է լինի ողջ հայ ժողովուրդը»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ