Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչական ռեսուրսը չի աշխատելու, եթե չասեմ ի վնաս իրենց է աշխատելու»․ Մանե Թանդիլյան

Սեպտեմբեր 10,2023 19:06

«Մենք այսպիսի ընտրություններ անցկացրել ենք տարբեր համայնքներում, վարչական ռեսուրսները, հավատացնում եմ, պակաս չեն, դա չի աշխատելու, եթե չասեմ ի վնաս իրենց է աշխատելու»,- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ զրույցում Aravot.am-ի փաստմանը՝ իշխանական թևի կողմից վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր են արձանագրվել և հարցին՝ չե՞ք կարծում, որ վարչական ռեսուրսի օգտագործումը ընտրությունների ելքի վրա ազդեցություն կունենա, այսպես պատասխանեց Երևանի քաղաքապետի «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Մանե Թանդիլյանը։

Նա վստահ է՝ նախկին բարքերի վերադարձը, իր ձևակերպմամբ՝ ավելի թույն փաթեթավորմամբ և ավելի կրկնապատիկ ուժգնությամբ, իրենց դեմ է աշխատելու․ «Տեսում ենք՝ ինչքան ոչ սահմանված վայր կա, կախված է իշխանության պաստառը։ Դրանով հակաքարոզչություն են անում ոչ միայն իրենց, այլև մարդիկ հասկանում են, որ այս իշխանությունները շատ արագ իրենց դեմքը ցույց տվեցին։ Սրանք ոչ միայն չեն տարբերվում իրենց վարքուբարքով, այլև ավելի վատացնում են, որովհետև մարդիկ հասկանում են, որ չկարողացան այս իշխանությունները որևէ խոստում կատարել։ Իրենց միակ խնդիրը իշխանությունը պահելն է։ Բայց պիտի պարզ լինի բոլորին՝ այս վարչական ռեսուրսը լիմիտ ունի և այդ լիմիտն էլ չի աշխատելու իրենց դեպքում, որովհետև անսահման շատ են չարաշահում․ մարդիկ թույլ չեն տալու։ Մի կարևոր բան կա՝ գնալ ընտրությունների։ Եթե գնացիք, այս իշխանությունների վարչական ռեսուրսը՝ իրենց թափթփուկներով, չեն աշխատելու։ Երևանցի ընտրողն այլևս փոխված է։ Արժանապատիվ ընտրություն է լինելու»։

Մանե Թանդիլյանը գոհունակությամբ նշեց, որ մարդիկ իրենց ծրագրերից տեղյակ են, տեսնում են հետադարձ կապը․ «Մարդիկ հասկանում են, որ Երևանի խնդիրներն աչքաթող չենք արել։ Ուրախ եմ զգալ, տեսնել, որ երևանցիները նաև պատասխանատվությամբ են մոտենում այս ընտրություններին և հասկանում դրա քաղաքական նշանակությունը։ Ասում էինք, որ սա երկու երնեկ մի փաթեթում է․ նաև քաղաքական լուծումներ ենք բերում։ Այսօրվա իշխանությունների դեմ դժգոհություն արտահայտելու լավագույն ձևը գնալ ընտրությունների և ընտրել թիվ 13 քվեաթերթիկը։ Երևանում է  քաղաքական կյանքի եռուզեռը, և երևանցու աչքի առաջ է այս իշխանությունը խաբել մարդկանց, ատելություն ու հիասթափություն սերմանել։ Երևանցու լավագույն պատասխանը սրան ընտրություններին մասնակցությունն է և իշխանափոխություն անելը։ Մենք դա արել ենք տարբեր համայնքներում, և այսօր երևանցու հերթն է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930