Շնորհավորական ուղերձներ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահին
Սամվել Շահրամանյանին Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել ԱՀ երկրորդ, երրորդ և չորրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը և Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
***
ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի ուղերձում ասված է.
Կարդացեք նաև
«Հարգարժան պարոն նախագահ,
Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու և այդ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ: Չափազանց դժվարին ժամանակահատվածում եք Դուք ստանձնում այդ պաշտոնը, ինչը նշանակում է, որ միայն ամենօրյա լարված ու համառ աշխատանքով կարելի է հասնել այն արդյունքին, որին մեծ հույսերով սպասում է մեր ժողովուրդը:
Ձեր աշխատանքային կենսագրությունը, անվտանգության բնագավառում համակարգված գործունեությունն ու կուտակված փորձը՝ արցախյան ուժեղ արմատների հետ մեկտեղ, լավագույն երաշխիքն են այն բանի, որ առաջնահերթությունների հստակ սահմանման պարագայում Ձեզ կհաջողվի հաղթահարել մեր երկրի ու պետականության առջև կանգնած մարտահրավերները:
Լիահույս եմ, որ Ձեզ հատուկ սկզբունքայնությամբ կշարունակեք ուշադրության կենտրոնում պահել Արցախի Հանրապետության սուբյեկտայնության բարձրացման, մեր ժողովրդի անվտանգության ապահովման հարցերն ու տնտեսական և սոցիալական հիմնախնդիրները:
Վերահաստատելով Արցախի բարձրաստիճան ղեկավարների հարաբերություններում արմատավորված համերաշխության ավանդույթները, իմ պատրաստակամությունն եմ հայտնում, հարգարժան Սամվել Սերգեյի, աջակցելու Ձեր ազգանվեր ծրագրերին ու նախաձեռնություններին:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, տոկունություն և մշտական հաջողություններ պաշտոնավարման ընթացքում»:
***
ԱՀ երրորդ նախագահ Բակո Սահակյանի ուղերձում ասված է.
« Մեծարգո Սամվել Սերգեյի,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Վստահ եմ, որ մեր պետության համար այս ծանր ու վճռորոշ ժամանակաշրջանում ստանձնելով երկրի ղեկավարի բարձր ու պատասխանատու պաշտոնը, Դուք Ձեր հարուստ փորձն ու գիտելիքները, ունակություններն ու կարողություններն անմնացորդ կծառայեցնեք մեր հայրենիքի ու ժողովրդի առջև ծառացած խնդիրների արդյունավետ լուծմանը:
Մաղթում եմ Ձեզ մեծագույն հաջողություններ՝ Ձեր հայրենանվեր առաքելության իրականացման բարդ ու դժվարին ճանապարհին»:
ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ