ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը
Հարյուր հազարավոր զոհերի պարագայում պատերազմող Ուկրաինան այլ հոգս չունի, դեռ թանաքը չչորացած, այս պահին խիստ մտահոգվել և հապճեպ դատապարտում է Արցախում նախագահի ընտրությունը՝ անվանելով այն առոչինչ: Իսկ ցեղասպանության դատապարտված արցախահայությանը սովատանջ անելն իրենց ընկալմամբ բնավ մտահոգիչ չէ, ավելին՝ խրախուսելի է: Եվ այս զառանցանքը հրամցնում են իբրև միջազգային իրավունք:
Ինչ վերաբերում է մեր երկրին, յուրաքանչյուր առանցքային խնդիր, այդ թվում՝ աշխարհաքաղաքական կողմնորոշումները արմատապես վերանայելուն հանգեցնող վերպետական միջազգային կազմակերպություններին միանալն ու դրանցից դուրս գալը ունի իմպերատիվ սահմանադրաիրավական ընթացակարգ:
Այս դեպքում հարցի լուծման բացառիկ իրավասությունը վերապահված է հանրաքվեին:
Իշխանություններն այս դեպքում ունեն միայն մեկ պարտականություն՝ հանրությանը համարժեք և ազնվորեն պարզաբանել վիճակն ու հնարավոր հետևանքները, այդ թվում՝ առնվազն էներգետիկ ռեսուրսների և ժողովրդագրական տեղաշարժերի առնչությամբ: Վերջապես, հարկ է ՀԱՆՐԱՔՎԵՆ ԽՍՏԻՎ ՍԱՀՄԱՆԱԶԱՏԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, հանրաքվեի դեպքում իշխանությունները պետք է ոչ թե զբաղվեն քարոզչությամբ, այլ բացառապես պարզաբանման առաքելությամբ, դա է պահանջվում միջազգային չափանիշներով …