«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր արաբկիրցիների հետ հանդիպումը սկսեց մի բակից, որտեղ ամիսներ առաջ ավտոտնակներ էին, իսկ հիմա դրանց տեղում` երեխաների համար խաղահրապարակ:
«Այս տարի 200-ից ավելի բակեր են կառուցում, սա աննախադեպ քանակ է»,- հպարտացավ քաղաքապետի թեկնածուն:
Նա գովեց նաեւ վարչական շրջանների ղեկավարներին` նրանց վերջին մեկ տարվա աշխատանքը համարելով արդյունավետ. «Նրանք օր ու գիշեր աշխատել են, աշխատել են ձեզ հետ, լսել են ձեր պահանջները, ես էլ նրանց հետ այցելել եմ բոլոր թաղամասերը»:
Բարձրահարկ շենքի նկուղի բարեկարգման, բակի լուսավորության ապահովման ու ասֆալտի խնդիրներով մի քաղաքացի մոտեցավ Ավինյանին, իր պահանջներն ու ցանկությունները գրավոր փոխանցեց նրան ու խոստովանեց, որ հեղափոխության կողքին կանգնած է, արժանացավ Ավինյանի «ապրեսին» ու հեռացավ:
Կարդացեք նաև
Այսպես քաղաքացիները շարքով, կարգով տարբեր շենքային, բակային հարցերով մոտենում էին, Տիգրան Ավինյանից ստանում «կաջակցենք, կլուծենք» հավաստիացումն ու հեռանում:
Այս բակում Ավինյանին դիմավորել էին հյուրասիրությամբ, տորթով: Քաղաքացիների խնդիրները լսելուց հետո տորթն անձամբ քաղաքապետի թեկնածուն կտրեց, բաժանեց հավաքվածներին:
Հյուրասիրությունից հետո քաղաքապետի թեկնածուն շրջեց այլ բակերով, հանդիպեց բնակիչների հետ, հետաքրքրվեց՝ ինչ խնդիրներ կան այդ բակերում: Բարեկարգված բակերից մեկը ցույց տալով բնակիչներից մեկին՝ խոստացավ, որ նրանց չբարեկարգված բակն էլ մյուս տարի այդպես բարեկարգելու են:
«Դուք ասում եք, մենք անում ենք» վանկարկելով էլ Տիգրան Ավինյանն ու իր համակիրները ավարտեցին Արաբկիրում քարոզարշավը: