Tert.am – Հայաստանի պաշտոնյաների հայտարարությունները, թե Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը «հանձնել է» Ադրբեջանին, չեն համապատասխանում իրականությանը:
Ինչպես հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Նյու Դելիում կայացած մամուլի ասուլիսում:
«Ինչ-որ գործիչ, կարծեմ՝ խորհրդարանի ղեկավարը, իրեն թույլ է տվել ասել, որ Ղարաբաղն Ադրբեջանին Ռուսաստանն է տվել։ Ավելի ոչ կոռեկտ ու անազնիվ հայտարարություն դժվար է պատկերացնել։ Նա հղում է արել այն փաստին, որ Ղարաբաղը Ռուսաստանի կողմից տրվել է Ադրբեջանին, երբ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը 2020 թվականի նոյեմբերին ստորագրեցին առաջին եռակողմ պայմանավորվածությունները։ Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,- լրագրողներին ասել է Լավրովը:
«Դրանցում ընդհանրապես ոչինչ չի ասվում Ղարաբաղի կարգավիճակի մասին, և այն ժամանակ երեք առաջնորդներն էլ ելնում էին նրանից, որ դեռ բանակցություններ են լինելու այդ կարգավիճակի շուրջ: Բայց երբ ավելի ուշ Պրահայում, որտեղ Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը ստորագրեցին հայտարարություն, ըստ որի՝ նրանք ճանաչում են Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագիրը, բոլոր հարցերը փակվեցին»,- հավելել է Լավրովը։
Կարդացեք նաև
Նա պարզաբանել է, որ այդ կերպ Հայաստանի վարչապետը «ստորագրել է փաստաթուղթ, ըստ որի՝ այն ժամանակվա Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը գտնվում է Ադրբեջանի կազմում»։
«Պետք չէ մեզ մեղադրել 2020 թվականի նոյեմբերին Ղարաբաղը տալու համար, պետք է սեփական ժողովրդի առաջ ինքնուրույն պատասխան տալ»,- եզրափակել է Լավրովը։
G20-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նաև հայտարարել է՝ ԱՄՆ-ի և Հայաստանի զորավարժությունները տարօրինակ են թվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանն արդեն երկու տարի չի մասնակցում ՀԱՊԿ-ի շրջանակում զորավարժություններին՝ դա բացատրելով նրանով, որ եթե ՀԱՊԿ-ը դատապարտեր Ադրբեջանին, այդ դեպքում Հայաստանը կաշխատեր ՀԱՊԿ-ի հետ։
«Իսկ երբ մենք հարցնում ենք՝ ինչո՞ւ եք շփվում ամերիկացիների, եվրոպացիների հետ, որոնք ևս չեն դատապարտել Ադրբեջանին, պատասխանում են.«Նրանք մեր դաշնակիցները չեն, դուք պետք է դատապարտեք»: Բավականին տարօրինակ, պարզունակ տրամաբանություն է», – ասել է Լավրովը:
Նա հավելել է, որ հայ-ամերիկյան զորավարժությունները Մոսկվայի մոտ ափսոսանք են առաջացնում։
«Իհարկե, ոչ մի լավ բան չկա նրանում, որ ՆԱՏՕ-ի ագրեսիվ երկիրը փորձում է ներթափանցել Անդրկովկաս: Եվ ես չեմ կարծում, որ դա լավ է որևէ մեկի, այդ թվում նաև Հայաստանի համար: Մենք ափսոսում ենք Հայաստանի ղեկավարության գործողությունների համար»,- հավելել է ռուսական դիվանագիտության ղեկավարը:
«Ռուսաստանը հուսով է, որ Երևանի հետ դաշնակցային բոլոր պարտավորությունները կգերակայեն Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, Ռուսաստանի Դաշնությունը գնահատում է այդ հարաբերությունները», – ընդգծել է Լավրովը։
Սեպտեմբերի 11-ից 20-ը Հայաստանում կանցկացվեն հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններ։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Երևանի ծրագրերը մտահոգության տեղիք են տալիս և որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև զորավարժությունները չեն նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը։