Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվում է, որ Արցախում կարելի է նախագահ ընտրել, որը չունի առաջիկա իր անելիքների տեսլականի փաթեթը․ «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար

Սեպտեմբեր 09,2023 18:43

«Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մասել Պետրոսյանի ելույթը ԱԺ հատուկ նիստում

Հարգելի´ գործընկերներ

2020 թվականի նոյեմբերի 9-ի շոկը այսօր էլ շարունակում է իր բացասական ազդեցությունը մեր կյանքի բոլոր ոլորտներում, առավելապես կառավարման ոլորտում՝ պահելով նրան կաթվածային վիճակում: Այդ օրվանից ցայսօր Արցախում տեղի չի ունեցել նշանավոր կամ էական որևէ իրադարձություն, որն ուղղված լիներ մեր ժողովրդի ամենատարրական իրավունքների ու կարիքների բավարարմանը:

Այդ ընթացքում մենք նույնպես որպես իշխանության բաղադրիչ համառորեն շարունակել ենք հանրությանը կերակրել մտացածին ու խաբուսիկ հույսերով ու պատրանքներով, շահարկել ժողովրդի համբերությունը, հավատն ու վստահությունը այն աստիճան, որ վերջնականապես սպառել ենք այդ ռեսուրսը: Ապացույցը՝ նախագահի անտրամաբանական, կասկածներ հարուցող հրաժարականը: Նախկին իշխանությունների համար գերխնդիր էր իրականության հետ առերեսվելու չկամությունը:

1994 թվականի հրադադարից մինչ 44-օրյա պատերազմն ու նրա ավարտը մենք հիմնականում զբաղվել ենք ինքնախաբեությամբ, ամենօրյա ռեժիմով քարոզչական աղբ ենք թողարկել, ինչը դարձել է գործելաոճ, և ինչից անմասն չէր Արայիկ Հարությունյանը: Եվ այսօր մենք ականատես ենք նրան, որ ոչ թե նոր իշխանություն ենք ձևավորում՝ ելնելով ստեղծված թշվառ իրավիճակից ելք գտնելու համոզվածությամբ, այլ առանց լրացուցիչ ջանքերի, վերարտադրում ենք այդ իշխանությունը՝ ապահովելով նրա ժառանգականության անձեռնմխելիությունը:

Ցանկացած իշխանության համար նոր թարմ ուժերի ներգրավումը նոր գաղափարների ու մտածողության արմատավորումը վտանգավոր է, եթե չասենք մահացու: Ներկայում իշխանության վերարտադրությունը, ժառանգականության ապահովումը պարտադիր պահանջ է, քանի որ դրա բացառումը նշանակում է բացահայտել անցած տասնամյակների ընթացքում աստղաբաշխական ֆինանսական միջոցների լվացման ու փոշիացման ողջ գործընթացի լիարժեք պատկերը: Այս առումով պատահական չէ, որ նեղ շրջանակում մի խումբ արտոնյալ չինովնիկներ գաղտագողի, փակ դռների ետևում հապճեպ վճիռ են կայացրել, թե ում նախընտրել նախագահի թեկնածու, որպեսզի երաշխավորվի իրենց վայելքը: Իսկ ուր մնացին ԱԺ-ի, այսպես կոչված, ընդդիմադիր երեք խմբակցությունների ընդդիմադիր կեցվածքը: Լուծվեց նաև այս հարցը:

Առանց ջանքերի էլ կարելի է կռահել, թե ինչպես են լուծում նման հարցերը վերին էշալոններում: Անչափ տխուր է, երբ ԱԺ-ում իրենց ընդդիմություն հռչակած խմբակցությունները, որոնց հաջողվել էր քիչ թե շատ հանրության համակրանքին արժանանալ իրենց բարձրագոչ և աղմկահարույց հայտարարություններով, պարզվում է, որ նրանք ընդամենը ԱԺ-ում կատարել են իշխանությունների կողմից ներդրված տրոյական ձիու առաքելություն:

«Միասնական հայրենիք» խմբակցությունն անմասն է փակ դռների ետևում նախագահի թեկնածու անձի փնտրտուքներին: Ասել է թե, խուսանավել են երկրի համար ճակատագրական ընտրություն կատարելու գործընթացին մանակից անել մեզ: Պարզվում է ՝ հարցը ի վերուստ լուծված է և անիմաստ ու վտանգավոր կլիներ այս կապակցությամբ հաղորդակցվել «Միասնական հայրենիք»-ի հետ: Հետո ինչ, թե այն ԱԺ-ում երկրորդ քաղաքական ուժն է հանդիսանում և նրա թիկունքում շուրջ քսան հազար ընտրողներ են…

Ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ: Այլ կերպ դժվար է բնորոշել երեկվա իշխանության նախադեպը չունեցող վարքագիծը: Երկրի հանդեպ նման քամահրական վերաբերմունքի մթնոլորտում ինչպես կարող է «Միասնական հայրենիք» քաղաքական ուժը վստահության, համագործակցության եզրեր փնտրել այս իշխանությունների հետ, ովքեր ընտրությունները թեթև մի շարժումով վերածեցին նշանակումների: Ու պատահական չէ, որ ոստիկանությունը մերժում է նախագահի թեկնածու առաջադրվելու համար կեցության մասին պահանջվող տեղեկանք տրամադրել Սամբել Բաբայանին: Ստիպված հարցը լուծելու համար դիմում ենք դատարան: Ու ժամանակ չի մնում ոչ հանդիպումների, ոչ ծրագրերի բացահայտման ու ներկայացման:

Եվ սա համարում ենք երկրի ղեկավարի ընտրություն:

Արցախը հանդիսանում է մեկ կամ մի քանի մարդու և ոչ երբեք ժողովրդի սեփականությունը: Ու պատահական չէ, որ նախագահի թեկնածու առաջադրելու հանգամանքը մի խումբ չինովնիկներ չգիտես որ օրենքի համաձայն, համարում են իրենց գերակա խնդիրը:
Պարզվում է, որ Արցախում կարելի է նախագահ ընտրել, որը չունի առաջիկա իր անելիքների տեսլականի փաթեթը: Ավելորդ ենք համարում խոսել ծրագրային փաթեթի մասին: Ո̉րն է այս հապճեպության պատճառն ու շարժառիթը: Որտե̉ղ և ու̉մ հանդեպ է մեղանչել նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը: Ի̉նչ սխալներ ու բացթողումներ պետք է շտկի նորընտիր նախագահը և դա այն պարագայում, երբ Արցախյան խնդիրը մեր իսկ թողտվությամբ ոչ միայն ետին պլան է մղվել, այլև փոխարինվել է հումանիտար խնդրով, դարձել հանապազօրյա հացի խնդիր: Իսկ մենք հաշտվել ենք այս իրողության հետ ու ելք չենք տեսնում, չնայած ցանկացած իրավիճակ ունի ելքի իր բանալին: Այսօր ոչ մի գերտերություն կամ միջազգային կառույց ցանկություն ու մտադրություն չունի ձեռք մեկնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Բոլորը միաբերան ճառ են ասում, սակայն զանգ կախողներ չկան: Ու չեն էլ լինի: Դրա վառ ապացույցն է պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում Արցախի ժողովրդի հանդեպ համատարած երկերեսանի անտարբերությունը: Դա ամենևին էլ պատահականություն չէ, այլ մեր իշխանությունների գործունեության գնահատականն է:

Զարմանալի ոչինչ չկա: Արդեն տևական ժամանակ է՝ իշխանությունները ձևացնում են, որ մենք չկանք, գոյություն չունենք, անընդունելի ու վնասակար են մեր բոլոր առաջարկներն ու ներկայացրած ծրագրերը: Նույնիսկ արժանի չեն համարել լեզվի մի ծայրով մեզ տեղյակ պահել սպասվող փոփոխություններին: Մեզ իրականում կագնեցրել են փաստի առաջ, որից միակ ելքը «Միասնական հայրենիք» խմբակցությունը տեսնում է փակ գաղտնի քվեարկությանը չմասնակցելու որոշմամբ:

Մենք եղել և շարունակում ենք մնալ պետականամետ, բայց ոչ իշխանամետ քաղաքական ուժ: Մենք մնալու ենք ժողովրդի կողքին և շարունակելու ենք պաշտպանել նրա իրավունքները:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930