«Երեւան քաղաքը եղել է մեր տունը, մեզ տվել է մանկություն, պատանեկություն, ընկերներ, ընտանիք, երեխաներ, թոռներ եւ այդպես շարունակ: Մենք վերջին տասնամյակներում Երեւանին լավ չենք վերաբերվել: Երեւանին չենք վերաբերվել՝ որպես սեփական տան: Եվ երբ որ մենք ասում ենք «Ասեք՝ կանենք», այդտեղ շատ կարեւոր է ձեր ներդրումը ամեն նախագծի մեջ: Մենք ուզում ենք, որ դուք իրապես ձեր կարծիքն ասեք, ձեզ տեր զգաք ձեր բակին, ձեր փողոցին, հարակից այգուն ու մնացած ենթակառուցվածքներին, ձեզ տեր զգաք քաղաքին»,- այսօր Ավանում ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը:
Նա անդրադարձավ երեկվա Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղին՝ ասելով, որ Հայաստանի հավաքականը երեկ իր ուժն է ցուցադրել, նա հորդորեց ծափահարել մեր տղաներին՝ արժանի խաղ ցույց տալու համար:
Ավինյանին ելույթից հետո անընդհատ փորձում էր մոտենալ մի կին ու հարցադրումներ հնչեցնել, ի վերջո հաջողվեց մոտեցալ ու դժգոհեց. «Դուք նոր ասում էիք, թե քանի հատ մանկապարտեզ եք կառուցելու, քանի հատ դպրոց եք կառուցելու: Դուք հիմա կարո՞ղ եք ասել՝ քանի՞ դպրոց ու քանի՞ մանկապարտեզ թողել եք թուրքերին, քանի հազար հայ մնացել է անտուն, ինչո՞ւ ձեր ՔՊ-ն երբ եկավ, առաջինը ցեղասպանության տնօրինությանը փոխեց, ինչու էներգետիկայի նախարարությունը փակեց»: Ավինյանը միանգամից միջամտեց ու ասաց. «Ձեր անունը կասե՞ք, ձեր անո՛ւնը ասեք, սա մենախոսություն չի, եթե ուզում եք մենախոսությամբ զբաղվել, կարող եք էնտեղ կանգնել, խոսել»: Կինը հակադարձեց. «Ես ուզում եմ, որ դուք ինձ լսեք, չէ՞ որ դուք պետական այր եք, ինչո՞ւ չեք ուզում սովորական մարդկանց հետ խոսել»:
Ավինյանը պատասխանեց. «Ես սովորական մարդկանց հետ խոսում եմ՝ ի տարբերություն այն մարդկանց, ովքեր ձեզ ուղարկել են, ովքեր չեն կարողանում մարդկանց մեջ դուրս գալ»: Սա ասելուց հետո նա անցավ առաջ՝ քաղաքացուն թողնելով հետեւում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ