Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ միջադեպ է տեղի ունեցել Արթիկում՝ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ

Սեպտեմբեր 09,2023 16:21

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Շիրակի մարզ, մասնավորապես Արթիկ քաղաք կատարած այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» համակիրները լուռ բողոքի ցույց են անցկացրել Կենտրոնական հրապարակին հարակից տարածքում՝ կամրջի մոտ, որը վերջերս է վերանորոգվել։ Ոստիկանությունը բերման է ենթարկել երեք քաղաքացու, որոնցից մեկը Արտյոմ Պողոսյանն է։

Բողոքի ցույց անցկացնողները «Նիկոլ, դավաճան», «Հեռացի՛ր, դավաճան» բովանդակությամբ ցուցապաստառներ էին բռնել, որն էլ  անմիջապես գրավել է Փաշինյանի այցին նախապատրաստվող ոստիկանների ուշադրությունը։

«30 հազար երեխա սովամահ են լինում, ինչ խղճով ենք քնում մենք, 15 թվականին նույն ձևով են կոտորել ազգին, կեսին կոտորել են, կեսը քեֆ է արել, ո՞ւր է կորել մեր արժանապատվությունը։ Թշնամին զինվում է, սահմանին նոր կուտակումներ են, ինչ ենք անում  մենք յուրաքանչյուրս։

Եթե մի քիչ մտածում եք մեր զոհված տղաների մասին, դուրս եկեք ու պահանջեք դավաճանի հեռացումը»,- բացականչում էին նրանք։

Aravot.am-ի հետ զրույցում Արտյոմ Պողոսյանը մանրամասներ ներկայացրեց միջադեպից․ «Ես չգիտեի՝ Նիկոլ Փաշինյանն է գալու Շիրակի մարզ, նաև Արթիկ քաղաք, որտեղ կամուրջը վերանորոգվել է  ու պիտի գար բացմանը։

Տեսնելով ոստիկանական շարասյունը՝ տեղեկացա, որ չակերտավոր ասած վարչապետն է  գալիս ու որոշեցի օգտվել իմ սահմանադրական իրավունքից, ավելին՝ կատարել իր պարտականությունը․ այսօր հայրենիքի համար լուրջ ու ծանր հետևանքներ են սպասվում։

Արագ պլակատներ վերցրեցի տպարանից ու որոշեցի լուռ բողոքի ակցիա անցկացնել կամրջի մոտ։ Սկզբում մեզ մոտեցան Արթիկի ոստիկանները, պարզաբանեցի,  որ իմ սահմանադրական իրավունքն եմ կատարում, ճշտեցին՝ արդյո՞ք պատրաստվում ենք փողոց փակել, հստակեցնելով, որ նման բան չկա, հեռացան։

Երբ Փաշինյանը մտավ Արթիկ, մեզ մոտեցավ ոստիկանական շարասյուն, ամենայն հավանականությամբ մարզային ոստիկանության պատասխանատուներից էին, անձնապես չեմ ճանաչում, եկան ու շատ կոպիտ ձևով պահանջեցին դադարեցնել մեր լուռ ակցիան։ Սկսեցին հրել, բիրտ ուժ կիրառել ու բերման ենթարկել։

Նրանցից մեկը չափազանց գռեհիկ պահվածք ուներ։ Երբ ասացի, որ մտահոգ եմ հայրենիքի համար, ոստիկանության պաշտոնյան  հայհոյեց՝ ասելով․ «Ձեզ էլ, ձեր հայրենիքն էլ․․․»։

Ես հունից դուրս եկա, եթե ինձ անձնական վիրավորանք հասցներ, գուցե լռեի, բայց հայրենիքն իմ համար սրբություն է, հայրենիքն իմ զոհված հոր արյունն է, հայրենիքը  հայ մարդու պայքարն է։ Ես ինքս զայրացա, երեք հոգու բերման ենթարկեցին, երեք ժամ անց ազատ արձակեցին, հիմք էլ չկար բերման ենթարկելու։

Գիտեք, ես այս ոստիկանի դեմ բողոք չունեմ, խնդիրը համակարգային է, համակարգը պիտի փոխել, մենք ազգովի գաղութացված վիճակում ենք․ թե՛ սովետական տարիներին և թե՛ դրանից հետո հայ մարդը զրկված է  կարծիք հայտնելու իրավունքից։ Մեզ ապագաղութացում է պետք։ Գաղութում անձերը գործիք են, դրա համար ոստիկանի դեմ  բողոք չունեմ, գաղութում չի կարող լավ պաշտոնյա լինել, նրանք միշտ պետք է պայքարեն, որ խեղճացնեն ժողովրդին։

Մենք ազգովի պետք է գանք ինքնագիտակցության, որովհետև Հայաստան պետությունը ոչնչացման վտանգի առաջ է կանգնած։

Այդ օրը ինձ մխիթարեց մի բան, երբ լուռ բողոքի ակցիա էինք անցկացնում Արթիկի հրապարակի մոտակա տարածքում, կողքի շենքերի բնակիչների բացարձակ մեծամասնությունը միացան մեզ, սա նշանակում է, որ ժողովուրդն արթնանում է, ինքնագիտակցության է գալիս, չի թողնում իր հայրենիքի կործանումը»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930