Այսօր «Ապրելու երկիրը» Նուբարաշեն վարչական շրջանում էր՝ քարոզարշավի:
Կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանին բնակիչները պատմեցին, թե ինչ անհեթեթ պատասխաններ են ստանում քաղաքապետարանից, երբ դիմումներ են գրում՝ իրենց թաղամասը գազաֆիկացնելու համար. «Ասում են՝ 28 մլն վճարեք, կանեն»:
Կուսակցության համահիմնադիր, նախընտրական շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքելյանն ասաց. «Նայեք մեր մոտեցումը որն է: Պրոբլեմն այն է, որ հիմնական գազի խողովակը հեռու է անցնում այս թաղամասից, իրենք ասում են՝ դուք քաշեք, չէ՞: Մեր մոտեցումն այն է, որ քաղաքապետարանը պետք է բերի ձեր տան մոտ, փողոցի հարցը դա ձեր հարցը չի: Եթե փողոցում խողովակ չկա, դա իրենք պետք է անեն, գա հասնի այստեղ, դրանից հետո արդեն դուք տանեք տուն: Կոպիտ ասած՝ մենք կարող ենք ձեր հետ պայմանավորվենք, որ բերում հասցնում ենք տան մոտ, եթե ծախսի կեսն է, կամ շատն է, դա պիտի անի քաղաքապետարանը, որովհետեւ փողոցների պատասխանատուն քաղաքապետարանն է, ձերը սկսում է այստեղից: Այդ նույնն է, ոնց որ ասեն՝ հոսանքը քաշեք, բերեք այստեղ, բնական է, որ դուք դա չեք կարող անել: Իսկ մեր ծրագիրն այն է, որ գազը, լույսը, ջուրը, կոյուղին բերում հասցնում ենք մարդկանց տան մոտ»:
Կարդացեք նաև
Բնակիչներն ասացին, որ եթե 28 մլն դրամը 46 բնակիչներով հավաքեն ու վճարեն, նոր մարդիկ գան բնակվելու, արտոնյալ վիճակում են լինելու, ծախսը մնալու է իրենց վրա, մյուսներն օգտվելու են. «Մենք նույնիսկ կոյուղի չունենք, ամեն մեկս մեր հայաթում արել ենք, տարվա ընթացքում երկու անգամ նասոս ենք բերում, որ քաշեն, մաքրեն, լցվում է: Բացի այդ, ամեն ընտանիք 2-3 անչափահաս երեխա ունի, ամբողջ տարի մտածում ես գումարը հետ գցես, փա՞յտ առնես, թե՞ գումարը հետ գցես, որ ամբողջ ձմեռ հոսանքով տաքացնես: Հոսանքով էլ չի տաքանում: Արդեն 15 տարի է՝ այստեղ ենք ապրում: Քաղաքապետարանին դիմում ենք,ասում է՝ մեր լիազորություններից դուրս է»:
Մանե Թանդիլյանն էլ ասաց. «Շրջանը չի զարգանում, որովհետեւ գազ չկա ու դա քաղաքապետարանի անելիքն է: Մարդիկ, երբ իմանան գազը կա, կոյուղին կա, գալու են, ապրեն, դպրոցներ, մանկապարտեզներ արդեն նորմալ կզարգանան, այսինքն, դա հենց կառավարության, համայնքի գործառույթն է: Մենք այդպես ենք անելու: Մարդիկ պարտավոր չեն փողոցից գազը քաշեն, բերեն: Եթե այստեղ շատ մարդ ապրեր, «Գազպրոմի» համար արդյունավետ կլիներ գազ քաշելը, որովհետեւ փող էին աշխատելու: Բայց մենք հասկանում ենք չէ՞, որ համայնքի պատասխանատուն քաղաքապետարանն է, դրա համար պիտի դա անեն, որ զարգանա: Մենք ենք շահագրգիռ, որ շրջանը զարգանա, ոչ թե «Գազպրոմը»: Մենք դա անելու ենք, մնում է սեպտեմբերի 18-ը շուտ գա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ