Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կտրվել է տեղեկատվական «թելը», մենք կորցրել ենք կոնտակտները, չենք կարողանում ցույց տալ, թե ինչպես են մարդիկ ապրում Մոսկվայում, ինչպես են հայերն ապրում ՌԴ-ում»․ Դավիթ Ալավերդյանց

Սեպտեմբեր 08,2023 23:03

«Հետճշմարտությունը և փաստերը որոշելու համար կարևոր է ճիշտ ախտորոշումը, ճիշտ սահմանումը»,-Երևանում անցկացված հայ-ռուսական մեդիաֆորումի ժամանակ հայտարարեց «Արմենպրես» լրատվական գործակալության գլխավոր խմբագրի տեղակալ Արարատ Պետրոսյանը։

Նա տեղեկություն ստեղծողներին դասակարգեց մի քանի խմբերի․ «Առաջին խմբում են պետական ​​լրատվամիջոցները և քարոզչությունը: Այստեղ հիմնականում լինում են պաշտոնական մամուլի հաղորդագրություններ, ավելի շատ փաստեր են, և դրանք հեշտությամբ ստուգվում են, անճշտություններն անմիջապես վերացվում են։ Քարոզչության դեպքում ամեն ինչ մի փոքր դժվար է՝ հատկապես, երբ այն իրականացվում է ագրեսիվ կերպով: Այս դեպքում էլ համակարգային գործիքները թույլ են տալիս արագ բացահայտել սուտը և որոշել փաստը»։

Ըստ նրա՝ երկրորդ խմբում կուսակցական մեդիան և լրատվամիջոցներն են։ «Հաշվի առնելով բուռն մրցակցությունը՝ հաճախ տեղեկատվության մեծ մասը կազմվում է առանձին գործընթացների վերաբերյալ սեփական գնահատականներով, մեկնաբանություններով»:

Ըստ Արարատ Պետրոսյանի՝ այն անձինք, որոնք մեկնաբանում են տեղեկատվությունը՝ հասարակական կարծիք ձևավորող լիդերները, ստեղծում են ալեգորիաներ, որը տեղեկատվության ամենավտանգավոր փոխակերպումն է։

Նրա համոզմամբ՝ հաշվի առնելով քաղաքական գործընթացները, ռուսական, արևմտյան դոկտրինները միմյանց կապելով՝ հեշտությամբ կարելի է գտնել, թե որտեղ է այսպես կոչված հետճշմարտությունը, որտեղ՝ փաստերը։

Սիվիլնեթի ներկայացուցիչ Արշալույս Մղդեսյանն էլ նկատեց՝ հայ -ռուսական հարաբերությունները, որոնք արտացոլվում են նաև ԶԼՄ-ներում, այժմ գտնվում են ամենացածր կետում երկկողմ հարաբերությունների պատմության ընթացքում՝ Խորհրդային Միության փլուզումից հետո․ «Մենք տեսնում ենք դիրքորոշումներ, որոնք կողմերն առաջ են տանում՝ պրոարևմտյան, պրոռուսական, որոնք կոնկրետ խմբերի մոտ կամ ոգևորություն կամ քննադատություն են առաջացնում»։

Արշալույս Մղդեսյանը նաև հայ-ռուսական հարաբերություններում լարվածության աճ է նկատում։

«Մեդիամաքսի» գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանի կարծիքով՝ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կտրվել է տեղեկատվական «թելը»․ «Մեդիամաքսը ներկայացնում է մարդկային պատմություններ։ Մենք կորցրել ենք կոնտակտները և այնքան էլ լավ չէ, որ հիմա չենք կարողանում ցույց տալ, թե ինչպես են մարդիկ ապրում Մոսկվայում, ինչպես են հայերն ապրում ՌԴ-ում, ինչի մասին են երազում, ինչ են ուզում։ Ցավում եմ սրա համար, քանի որ նախկինում տեղեկատվությունն այս առումով ավելի մեծ էր։ Վերջին երեք-չորս տարիներին լրատվական հոսքեր ձևավորող լիդերները հայկական լրատվամիջոցներում ՌԴ-ից դարձել են Պեսկովը, Զախարովան և երբեմն նաև Լավրովը, որովհետև նրանք են այսօր կազմում հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը։ Եվ դա լավ չէ։ Իմ կարծիքով՝ հիմա ՀՀ-ում լավ չեն հասկանում՝ ինչ է տեղի ունենում ՌԴ-ում, ինչով է հիմնավորված այս կամ այն դիրքորոշումը»։

Դավիթ Ալավերդյանը կարևորեց լրագրողական կոնտակտների թարմացումը, պրես-տուրերի կազմակերպումը։ Նա նշեց․ «Տեղեկատվական օրակարգը փոխվել է 2020 թվականից ի վեր։ Ինձ համար մեծ հիասթափություն էր, թե ինչպես էին որոշ ռուսական ԶԼՄ–ներ լուսաբանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։  Դա ոչ միայն դաշնակցային ոգով չէր, այլև բավականին միակողմանի էր»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930