Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդեն ծանր հրետանի են ներդրել՝ Նիկոլ Փաշինյանին, այս ընտրությունները պիտի դառնան նրա եւ ՔՊ-ի անվստահության հանրաքվեն». Մանե Թանդիլյան

Սեպտեմբեր 08,2023 22:44

Այսօր «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Մեկը, որ կասի՝ սա քաղաքական ընտրություն չի՝ ճիշտ չի: Սա քաղաքականություն է: Մեր ուժն արդեն ապացուցել է, որ կարողանում է ընտրությունների միջոցով իշխանություն փոխել, պարտաճանաչ ու պատասխանատու է իր քվեի հանդեպ, պաշտպանում է այդ քվեն եւ երրորդ՝ քաղաքական տեսլական ունի՝ հեռացնել այս իշխանություններին: Ու այսօր մենք արդեն տեսնում ենք, որ իշխանություններն էլ են հասկանում, որ սա քաղաքական է, արդեն ծանր հրետանի են ներդրել՝ Նիկոլ Փաշինյանին, շրջում է Երեւանով եւ ցույց տալիս, որ մենք ճիշտ էինք՝ այս ընտրությունները քաղաքական են: Սիրելի՛ երեւանցիներ, պետք է գնալ ու ազատել Երեւանը ՔՊ-ից: Դա տարածվելու է ամբողջ երկրով մեկ, մենք դա շատ լավ գիտենք ու դրա համար հորդորում ենք գնալ, չընտրել ՔՊ-ին»:

Հարցին՝ այն, որ Նիկոլ Փաշինյանն այս օրերին շրջայց է կատարում Երեւանում, դա թաքնված քարոզչություն չե՞ք համարում, ո՞նց եք վերաբերվում դրան՝ Մանե Թանդիլյանը պատասխանեց. «Ինչո՞ւ թաքնված, ուղիղ քարոզչություն եմ ես դա դիտարկում, բացահայտ քարոզչություն»:

Նա ասաց, որ այս ընտրությունները պիտի դառնան Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի անվստահության հանրաքվեն. «Իրենք իրենց վարքագծով ապացուցում են, որ սրանք քաղաքական ընտրություններ են եւ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը հենց այդ մասին է: Ընդ որում, եթե մարզերում քողարկված էր շրջում՝ ցույց տալու, թե իրենք ինչ մի արտակարգ իշխանություն են, այնինչ այն պատուհասը, որ բերել են մեր երկրի վրա, ամբողջը իրենց ձեռամբ է: Դրա համար երեւանցիները սեպտեմբերի 17-ին պետք է անվստահություն հայտնեն Նիկոլ Փաշինյանին եւ իր ղեկավարած ՔՊ-ին՝ ուղիղ եւ առանց երկմտելու»:

Հարցին՝ քաղաքապետը ընտրվելու է 5 տարի ժամկետով, երբ ընտրվեք, ո՞նց եք պատկերացնում Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելը, մինչեւ ընտրությունները՝ Մանե Թանդիլյանը պատասխանեց. «Ժամանակն է, որ այդ հարցը իրեն տաք՝ ո՞նց են մեզ հետ աշխատելու, երբ որ մենք դառնանք Երեւանի իշխանություն, իսկ դա սարերի հետեւում չէ: Մենք ձեւերը գիտենք: Հիմա մնում է իրենց նյարդերը տեղի չտան, եթե տեղի տվեցին, դա ուղիղ ճանապարհ է դեպի արտահերթ ընտրություններ»:

Հարցրեցինք՝ «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդի վրա հարձակում էին գործել, երբ փորձել էր լուսանկարել ՔՊ-ի շտաբը, խլել էին վկայականը, արգելել նկարել ու այս միջադեպի հետ կապված ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանն ասել էր՝ դե, քարոզարշավ է, վիճաբանություն կլինի, նորմալ է, հիմա կարո՞ղ է ընտրությունների օրն էլ ընտրատեղամասում մարդ ծեծեն, մարդ սպանեն, հետո ասեն՝ դե ընտրություններ են, ամեն ինչ էլ հնարավոր է՝ Մանե Թանդիլյանը պատասխանեց. «Այն, որ այս իշխանություններն ունեն ձեռագիր՝ լիարժեք համապատասխանող նախկին բարքերին, ես կասկած չունեմ: Այս 5 տարիների ընթացքում իրենք աստիճանաբար ցույց տվեցին մեր ժողովրդին, որ իրենք ոչ թե նախկին բարքերի դեմ են, այլ իրենք տխուր էին, որ իրենք չեն այդ նախկինների փոխարեն:

Հիմա իրենք երջանիկ են, որովհետեւ իրենք են վայելում իշխանական լծակներն ու այն բոլոր արտոնությունները, որ իշխանություններն ունենում են, ներառյալ վարչական ռեսուրսը: Շատ կարեւոր է, որ մարդիկ դա տեսնեն ու համոզվեն, որ այս իշխանությունները պատուհաս են, նրանք կրկնում են նախկին վատագույն բարքերի ձեռագիրը եւ ավելի են խորացնելու, որովհետեւ իրենց միակ նպատակը իշխանություն պահելն է, ոչ թե գործ անելը, ոչ թե հասկանալը, թե ինչ արհավիրքի առջեւ է մեր երկիրը, հասկանալը, որ պարտված ղեկավարը չի կարող այլեւս առաջնորդել եւ այլն: Այս ասֆալտները, ամեն բան արվում է զուտ, որ իշխանություն պահեն: Սա իմանալով նաեւ՝ մեր հայրենակիցները պիտի գնան ու անպայման իշխանազրկեն ՔՊ-ին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930