Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանին կանչել են, նրան կոշտ դիտողություն արել և բողոքի նոտա հղել: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ վերջին շրջանում Հայաստանի պաշտոնական շրջանակներից և քաղաքական էլիտաներից հնչում են որոշակի կասկածներ ՀԱՊԿ շրջանակում և Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների նպատակահարմարության վերաբերյալ: Այդ ֆոնին, ըստ հաղորդագրության, վերջին շրջանում Հայաստանի ղեկավարությունը ձեռնարկել է մի շարք ոչ բարեկամական քայլեր, այդ թվում Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացման գործընթացի մեկնարկը, Հայաստանի վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի այցը Կիև և ԱՄՆ մասնակցությամբ Հայաստանի տարածքում զինվորական վարժանքները:
Բողոքի նոտայում նշվել է, որ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ սեպտեմբերի 6-ին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հասցեին արված արտահայտություններն անընդունելի են: Նաև մտահոգություն է արտահայտվել «Սպուտնիկ Արմենիայի» լրագրող Աշոտ Գևորգյանի և բլոգեր Միկա Բադալյանի ձերբակալման առնչությամբ:
Այնուամենայնիվ, հաղորդագրության մեջ նշվում է, որ Մոսկվայում ելնում են նրանից, որ Ռուսաստանն ու Հայաստանը մնում են դաշնակիցներ, և «բոլոր պայմանավորվածությունները «գործընկերային հարաբերությունների զարգացման և ամրապնդման վերաբերյալ լիարժեք կկատարվեն՝ ի բարօրություն մեր երկու երկրների ժողովուրդների»:
Կարդացեք նաև
«Դա, ի թիվս այլնի, վերաբերում է ՀԱՊԿ գծով զորավարժությունների կազմակերպմանը և հետագայում հանրապետություն Կազմակերպության դիտորդական առաքելություն ուղարկելուն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորմանը նպաստելու նպատակով: Ռուսական կողմը հետագայում էլ կներդնի անհրաժեշտ բոլոր ջանքերն այդ նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ