Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում «Միացյալ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Երվանդ Թարվերդյանը լուրջ չի վերաբերվում բոլոր այն մեղադրանքներին, թե ավագանու ընտրություններին մասնակցող ուժերը, ըստ էության փոշիացնելու են ընտրողների ձայները՝ ապահովելով իշխանական թեկնածուի վերարտադրությունը: Ավելին, ինքն էլ իր տեսակետն ունի. «Շատ հասարակական-քաղաքական անձինք, իմ կարծիքով, նաեւ որոշ դեպքերում, որոշակի անձանց հորդորով փորձում են նորաստեղծ քաղաքական ուժերին հորդորել՝ չմասնակցել քաղաքական գործընթացներին, որպեսզի իրենք իրենց ուզած մոդելով վերարտադրեն իրենց իշխանությունը»: Թե ովքե՞ր եւ ո՞ւմ հորդորներն են փոխանցել իրեն, մեր զրուցակիցը չցանկացավ մանրամասների մեջ մտնել:
«Մենք նոր քաղաքական ուժ ենք, որի պահանջը մեծագույն է հանրապետությունում: Մեր քաղաքացին ցանկանում է տեսնել նոր ուժի կամ ուժերի համախմբում, որպեսզի ինքն իր հարցին պատասխանի՝ եթե ոչ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը, կամ՝ Նիկոլ Փաշինյանը, ապա՝ ո՞վ: Քաղաքացին պետք է կարողանա ինքն իր հարցին պատասխան տալ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Երվանդ Թարվերդյանը:
Ի դեպ, «Միացյալ Հայաստան» կուսակցությունը համագործակցությունը հնարավոր է համարում բոլոր ուժերի հետ։ Հնարավոր են համարում բոլոր այն հարցերի շուրջ, որոնք կնպաստեն քաղաքի, պետության զարգացմանն ու ուժեղացմանը: ՄՀԿ-ում համագործակցությունը հնարավոր են համարում նաեւ իշխող ՔՊ-ի հետ:
«Բոլոր փուլերում մենք պատրաստ ենք քննարկել, այսինքն, կարծիքներ տալ մեր քաղաքական ուժի կողմից: Ինչ վերաբերվում է կոալիցիաներին, ապա դա դեռ վաղ է քննարկել: Ընտրություններից հետո կանդրադառնանք այդ հարցին»,- ասաց Երվանդ Թարվերդյանը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ